ՍիվիլՆեթը դարձել է Փաստերի ստուգման միջազգային ցանցի անդամ՝ առաջինը Հայաստանում

#CivilNetCheck

ՍիվիլՆեթն ուրախ է տեղեկացնել, որ դարձել է Փաստերի ստուգման միջազգային ցանցի անդամ (IFCN)՝ առաջինը Հայաստանում։ Այս ցանցը նախաձեռնել է ամերիկյան Poynter լրագրության ինստիտուտը և միավորում է աշխարհի տարբեր մասերում գործող լավագույն փաստեր ստուգողներին, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստահեն լրագրության ջատագովներին։

2021-ի դեկտեմբերին ՍիվիլՆեթը ստեղծեց փաստերի ստուգման բաժին՝ #CivilNetCheck-ը, որի գլխավոր առաքելությունը Հայաստանում կեղծ լուրերի դեմ պայքարն է, ապատեղեկատվությունների, մանիպուլյացիաների բացահայտումն ու հանրությանը դրանց մասին իրազեկումը, փաստերի ստուգման լրագրության զարգացումը։

#CivilNetCheck-ը, ի սկզբանե նպատակ ունենալով դառնալ Փաստեր ստուգողների միջազգային ցանցի անդամ, իր աշխատանքը և մեթոդաբանությունը համապատասխանեցրել է Poynter լրագրության ինստիտուտի չափանիշներին։

Գործունեության մեկնարկից մի քանի ամիս անց #CivilNetCheck-ը դիմել էր IFCN-ին՝ ցանցի անդամ դառնալու համար։ IFCN-ի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ՍիվիլՆեթի բովանդակությունը, փաստերի ստուգման թիմի կատարած աշխատանքը, մեթոդաբանությունը և համոզվել, որ այն համապատասխանում է ցանցի սկզբունքներին (անկողմնակալություն, անկուսակցականություն, մեթոդաբանության, ֆինանսավորման, աղբյուրների թափանցիկություն և այլն) և հաստատել դիմումը։

Փաստերի ստուգման միջազգային ցանցը գործում է 2015-ից և ամենամեծ դերն ունի կեղծ լուրերի դեմ պայքարի և փաստերի ստուգման լրագրության զարգացման գործում։ Միայն այս ցանցի անդամ լինելու պարագայում է հնարավոր համագործակցել, օրինակ, META-ի, Google-ի հետ՝ համացանցում կեղծ լուրերի դեմ պայքար ծավավելու համար։

Մեկնաբանել