Հակակոռուպցիոն կոմիտեի գործը «հիմնված է ոչ ճիշտ մեկնաբանությունների վրա». «Մեդլայն Կլինիկ»

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի, ևս 10 անձի վերաբերյալ կոռուպցիոն գործի վերաբերյալ հայտարարություն է տարածել «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը՝ պնդելով, թե ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործը «հիմնված է բժշկական գիտության և բուժական ընթացակարգերի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա, ինչը հանգեցրել է սխալ եզրահանգումների»։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«2020-ից 2022 թվականների ընթացքում «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը ընդունել և սպասարկել է 6948 կորոնավիրուսով վարակված պացիենտների:

Պետական ֆիանսավորումը, յուրաքանչյուր պացիենտի համար սահմանափակված էր որոշակի ժամանակահատվածով, այդուհանդերձ՝ հարյուրավոր պացիենտների բուժումը և վերականգնումը պահանջել է անհամեմատ ավելի երկար ժամանակահատված, և «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը, առանց երկմտելու, այդ ժամանակահատվածի բուժումը հոգացել է ինքնուրույն՝ գերակա համարելով մարդկանց կյանքն ու առաջությունը և գիտակցելով իր մասնագիտական առաքելությունը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի առնչությամբ ս.թ. մարտի 10-ին տարածված հայտարարությունը՝ կապված կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրի շրջանակներում հատկացված պետական ֆինանսավորման հնարավոր յուրացման վերաբերյալ, մեր համոզմամբ, հիմնված է բժշկական գիտության և բուժական ընթացակարգերի վերաբերյալ ոչ ճիշտ պատկերացումների ու մեկնաբանությունների վրա, ինչը հանգեցրել է սխալ եզրահանգումների: Այս եզրահանգումները, բնականաբար, նախնական են, քանզի նախաքննությունը շարունակվում է:

«Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը սույն գործի նախաքննության ընթացքում պատրաստակամորեն համագործակցել է և շարունակելու է համագործակցել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հետ՝ ինչպես պետական միջոցների յուրացման կասկածն ու մեղադրանքը փարատելու, այնպես էլ այդպիսի յուրացման տրամաբանության ու հնարավորությունների բացակայությունը ակներև դարձնելու համար: Մենք ևս գտնում ենք, որ կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների իրականացման ծրագրի վերաբերյալ հանրությունը իրավունք ունի և պետք է ստանա բոլոր ճշմարիտ պատասխանները:

Ստեղծված իրավիճակն ու դժվարությունները, անշուշտ, աշխատանքային են և ժամանակավոր: Դրանք որևէ ազդեցություն չունեն և չեն ունենա «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնի գործունեության վրա, որը նույն նվիրվածությամբ շարունակելու է ծառայել մեր հանրությանը՝ բոլոր կարիքն ունեցողներին ապահովելով բժշկական օգնության և սպասարկման արհեստավարժ ու բարձրակարգ ծառայություններով»:

Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից: Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը»:

Մեկնաբանել