Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Մարտի 13-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը․ հայտնում է Կրեմլի կայքը։

«Քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների՝ 2020-2022 թվականների հայտնի պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի գործնական կողմերի իրագործումը, այդ թվում՝ տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնումն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։

Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացիկ իրավիճակի քննարկման ընթացքում Վլադիմիր Պուտինը շեշտել է բոլոր ծագող հարցերը կառուցողական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը՝ ռուս խաղաղապահների հետ կողմերի սերտ համագործակցությամբ»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։

Ըստ ՀՀ վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ «հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը»։

«Այս համատեքստում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է մարտի 5-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական գործողությանը և դրա հետևանքներին: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ-ի կողմից հասցեական արձագանքը: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարությունների իրականացմանը վերաբերող հարցեր»,- ասված է հայկական կողմի տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել