Մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները երկրի ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ աշխարհամարտից ի վեր․ այսպիսի կարծիք է հայտնել հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է:
«Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն գործի: Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Եվս մեկ անգամ պետք է հիշեցնեմ՝ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», – գրել է Մարուքյանը Twitter-ի իր էջում:
Hajiyev claims there won't be international mechanisms for security and rights of NK Armenians. He insists that it's Azerbaijan's internal affair. I must remind again: fundamental human rights & freedoms, security of thousands of people aren't considered internal issue since WW2.
— Edmon Marukyan (@edmarukyan) March 13, 2023
Հաջիևը մարտի 12-ին ադրբեջանական գործակալություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայման չի կարող հանդիսանալ Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծումը: Նա հայտնել էր, որ նման մեխանիզմի ստեղծման մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը հանդիսանում է Ադրբեջանի ներքին գործը: Հաջիևը շեշտել էր, որ Ադրբեջանն իր ինքնիշխանության հետ կապված հարցերը չի քննարկի երրորդ կողմի, այդ թվում՝ Հայաստանի հետ: