Հյուսիս-Հարավի «Տրանշ-4»-ի՝ Քաջարանի թունելի նախագիծը պատրաստ է. կառավարություն

Sisian Kajaran

Գևորգ Թոսունյան

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի «Տրանշ-4»-ի՝ Քաջարանի թունելի (7.2կմ) նախագիծը պատրաստ է, անցել է պետական համալիր փորձաքննություն։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Ըստ աղբյուրի՝ այժմ դիտարկվում են շինարարությունը ֆինանսավորելու տարբերակներ, այդ թվում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ կառուցման ֆինանսավորման տարբերակը։ Բացի այդ, դիտարկվում է նաև ծրագրի ֆինանսավորման հնարավորությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ բանակցությունները Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ ընթացքի մեջ են։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվել է նախաորակավորման մրցույթ, որի արդյունքներն ամփոփվել են և ներկայացվել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հաստատմանը։

«Մրցույթի նախաորակավորման փուլին հաջորդելու է մրցույթի հիմնական փուլը, որի ընթացքում գնահատվելու են նախաորակավորման փուլը հաղթահարած կազմակերպությունների տեխնիկական և ֆինանսական առաջարկները։ Շինաշխատանքները կմեկնարկեն, երբ պարզ լինի մրցույթի հաղթողը և վերջինիս հետ կկնքվի պայմանագիր»,- նշվում է գրավոր պատասխանում։

Ի դեպ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հրաժարվեց տրամադրել մրցութային փաստաթղթերը՝ պնդելով, թե դրանք «կոնֆիդենցիալ են և հրապարակման ենթակա չեն»։

Նախորդ տարի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Սիսիան-Քաջարան հատվածը մրցույթի ամփոփման փուլում է և նպատակ ունեն մինչև տարեվերջ կամ 2023-ի սկիզբ` «1-2 ամիս տարբերությամբ, ունենալ շինարարական ընկերություն, որ արդեն 2023-ին այդ տարածքում սկսի շինարարական աշխատանքները»։

Մեկնաբանել