Խաղաղության պայմանագրի նախագծում կա և առաջընթաց, և ֆունդամենտալ խնդիրներ․ Փաշինյան

Ադրբեջանը երկու-երեք օր առաջ պատասխանել է Հայաստանի՝ խաղաղության պայմանագրի նախագծի առաջարկներին, որը և առաջընթաց է, և իր հետ բերել է ֆունդամենտալ խնդիրներ։ այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին հրավիրած ասուլիսում։

Նա թվարկեց հայկական կողմի ընկալումները ադրբեջանական առաջարկների վերաբերյալ. «Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման հնարավոր պայմանագրի միջոցով Հայաստանին տարածքային պահանջներ ու նկրտումներ ձևակերպել, ինչը հասկանալիորեն կարմիր գիծ է մեզ համար։ Այդ տեքստի առաջարկներով Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների կամ ցեղասպանության մանդատ ստանալ՝ այդ թվում ՀՀ ստորագրությամբ։ Դա բնականաբար նույնպես կարմիր գիծ է»,- հայտարարեց Փաշինյանը։ Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը հետապնդում է մի գիծ, որ խաղաղության հնարավոր պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ չլինի, ինչը նույնպես կարմիր գիծ է Հայաստանի համար։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հնարավորությունների մասին հարցին՝ Փաշինյանը հայտարարեց՝ այդ բովանդակությամբ խոսակցություն պիտի կայանա Ստեփանակերտի ու Բաքվի մեջ. «Պրոցեսները մեզ բերում են եզրակացության, որ առանց միջազգային երաշխիքների ու մեխանիզմների առաջ գնալ հնարավոր չի լինի։

Մյունխենում Ադրբեջանի նախագահն ասաց՝ կա պայմանավորվածություն, որ պիտի քննարկվի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների երաշխիքների հարցը։ Սա ինքն է հայտարարել, որից հետո տեղի են ունեցել հանդիպումներ, այդ հանդիպումներից հետո հանկարծ պարզվեց, որ Ադրբեջանը առաջարկում է քննարկել ինտեգրացիայի հարց, ահա այսպես բառամթերքը մի ամսվա մեջ փոխվեց, խնդիրը բովանդակությունն ու պայմանավորվածությունն է ու դա չպահելու Ադրբեջանի գործելակերպը»,- նշեց Փաշինյանը։

Մեկնաբանել