Նոր էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականությունը շատ բարձր է․ մարտի 14-ի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է տեսնենք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորաբանությունն ու քաղաքականությունը, որն անընդհատ աճել է: Այն աճել է 2020թ. պատերազմից առաջ և հետո: Կարծում եմ, որ այժմ շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն այս եզրակացությանն է եկել Ադրբեջանի «ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից», ինչպես նաև «այլ տվյալներից»։ Նա նշեց` Հայաստանը չէ, որ նախաձեռնում է էսկալացիա և ագրեսիվ գործողություններ:

«Այդ է պատճառը, որ Հայաստանը որոշում կայացրեց հրավիրել Եվրամիության դիտորդներին: Մինչ այդ Ադրբեջանը ցանկացած էսկալացիա բացատրում էր Հայաստանի գործողություններով»,- ասաց Փաշինյանը` տեղեկացնելով, որ նախորդ տարի հոկտեմբերին Պրահայում եղել է նախնական պայմանավորվածություն՝ սահմանի երկու կողմերում ԵՄ դիտրոդներ տեղակայելու վերաբերյալ։

«Ընդ որում, Ադրբեջանի նախագահը Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության Խորհրդի նախագահի ներկայությամբ համաձայնեց, հետագայում հրաժարվեց այդ տարբերակից», – հայտնեց Նիկոլ Փաշինյանը։

Կրկնելով, որ մեծ է նոր էսլակացիայի հավանականությունը՝ Փաշինյանը շեշտեց, որ «շատ պատեհ կլինի, որ Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ ուղարկվի միջազգային փաստահավաք առաքելություն»։

Մեկնաբանել