Փաշինյանի պնդմամբ՝ 2020-ի պատերազմում պարտվել ենք, քանի որ բանակում գործել է հինգերորդ շարասյուն

nk

2020-ի պատերազմում պարտվել ենք, քանի որ բանակում գործել է հինգերորդ շարասյուն․ նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ի ասուլիսին։

«Դա իմ համոզմունքն է՝ մի շարք փաստերի վերլուծությամբ։ Առաջիկայում այդ փաստերը այնքան հրապարակային կլինեն, որ դա տարօրինակ չի թվա, որքան տարօրինակ է թվացել»,- նշեց Փաշինյանը՝ ավելացնելով, որ ներկայում Զինված ուժերի 50-ից ավելի զինծառայողներ մեղադրվում են պետական դավաճանության, լրտեսության մեղադրանքներով։

«Հայաստանում կա՞ մարդ, որ մտածում է, թե այդ մարդկանց գլխին գործ են սարքում»,- հարց բարձրացրեց Փաշինյանը։

Վերջինս պատմեց, որ երբ Շուշիի անկման գործով կալանավորվել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարը (Միքայել Արզումանյան-խմբ), Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից բազմաթիվ անձինք միջնորդել են ներողամիտ լինել, կալանքից ազատել նրան։

«Իմ ռեակցիան այն է եղել, որ՝ բա դուք չէի՞ք ասում, որ պիտի բացահայտվի ու պարզաբանվի՝ ինչ է եղել ռազմի դաշտում, ինչո՞ւ է ընկել Շուշին, ինչո՞ւ հիմա բոլորդ, որ սրեր էիք ճոճում, ուզում եք, որ գործերն առաջ չգնան»,- հայտարարեց վարչապետը։