Ղարաբաղում էթնիկ զտումները «կարմիր գիծ» կլինեն Արևմուտքի համար. Ռասմուսեն

Անդերս Ֆոգ Ռասմուսենը, լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի։

Մարկ Դովիչ

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երկուշաբթի ժամանել է Հայաստան, հանդիպումներ ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։ Երեքշաբթի նա մեկնել է Հայաստանի հարավ՝ եղել Լաչինի միջանցքի սկզբնամասում և Ջերմուկում։

Ռասմուսենը Երևանում երկուշաբթի հանդիպել է փորձագետների և լրագրողների, այդ թվում՝ ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանի հետ՝ Rasmussen Global խորհրդատվական ընկերության հիմնադրի իր կարգավիճակով քննարկելու Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում շարունակվող ճգնաժամը:

ՍիվիլՆեթն առանձնացրել է Ռասմուսենի մեկնաբանությունները Հայաստանի անվտանգության, ժողովրդավարության և զարգացման վերաբերյալ՝ որոշակի խմբագրումներով։

Հայաստան – Ադրբեջան խաղաղության հեռանկարներ

Ես կենտրոնացած եմ նրա վրա, թե ինչպես կարող ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ապահովել կայուն խաղաղ կարգավորում, ընդգծում եմ՝ խաղաղ կարգավորում, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները… Ակնհայտ է, որ առաջ է գալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը իրականում վերահսկելու և երաշխավորելու հարցը։ Մենք երկար քննարկել ենք, թե միջազգային հանրությունը ինչպես կարող է ավելի ներգրավվել առավել ամուր մանդատ ունեցող մշտադիտարկման առաքելության մեջ։

Միջազգային իրավունքի համաձայն՝ միջազգային հանրության մեծ մասը Լեռնային Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս։ Բայց, իհարկե, այն ունի հատուկ կարգավիճակ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ տևական խաղաղության համաձայնագիրը, որը կապահովի միջազգային մանդատով խաղաղապահ առաքելություն, պետք է երաշխավորի այդ հատուկ կարգավիճակը՝ անկախ նրանից, թե Լեռնային Ղարաբաղն ինչ կարգավիճակ կունենա։

Միջազգային խաղաղապահների տեղակայում Լեռնային Ղարաբաղում

Հզոր մանդատով միջազգային խաղաղապահ առաքելությունը, իմ կարծիքով, պետք է զինված առաքելություն լինի: Դա պարզապես քաղաքացիական փաստահավաք առաքելություն չպետք է լինի: Փաստահավաք առաքելությունը հիմա է, որը վերահսկում է, թե ինչ է կատարվում ներկայում: Բայց որպես երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի մաս՝ մեզ անհրաժեշտ կլինեն բազմամյա խաղաղապահ ուժեր, որոնք կունենան ամուր մանդատ, իդեալական տարբերակում՝ իհարկե, ՄԱԿ-ի մանդատ, ինչը կներառի նաև Ռուսաստանի համաձայնությունը:

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը Ադրբեջանի կողմից ապագա հնարավոր հարձակումից իսկապես պաշտպանելու համար ձեզ անհրաժեշտ է զինված խաղաղապահ առաքելություն, միջազգային խաղաղապահ առաքելություն՝ ամուր մանդատով: Այսօր ես չեմ քննարկել [ԼՂ] ինքնապաշտպանական ուժերի հարցը, բայց դրանց առկայությունը անիմաստ չէ, որովհետև ի վերջո, հույսդ միայն ինքդ քեզ վրա կարող ես դնել։ Նաև կարծում եմ, որ իմաստ ունի սահմանին մոտ ապառազմականացված գոտի պահանջել։

Ղարաբաղում էթնիկ զտումները «կարմիր գիծ» կլինեն

Իրավիճակը մշտադիտարկելու համար միջազգային ներգրավվածություն [պետք է լինի], որպեսզի, եթե էթնիկ զտումներ տեղի ունենան, միջազգային հանրությունը իմանա այդ մասին և արձագանքի առաջին իսկ օրվանից․․․ Արևմուտքը աչք կփակի՞ էթնիկ զտումների վրա: Ո՛չ: Ես վստահ եմ, որ դա իսկապես կարմիր գիծ կլինի:

Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Միջանցքի շրջափակումը շատ լուրջ հումանիտար իրավիճակի, միգուցե հումանիտար աղետի վտանգ է պարունակում։ Եվ մենք պետք է բարձրացնենք դրա մասին իրազեկությունը… Այդ առումով Ադրբեջանը պետք է կատարի Արդարադատության միջազգային դատարանի վճիռը և թույլ տա ազատ ելումուտը միջանցքով։

Ռուսաստանը չի կատարել իր անվտանգային պարտավորությունները, երբ սկսվեց միջանցքի շրջափակումը։

Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ Լաչինի միջանցքի սկզբնամասում, մարտ 14, 2023։

Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի մասին

Ես դա անվանում եմ կապ, քանի որ հստակ տարբերություն կա միջանցքի և կապի միջև [նկատի ունի 2020-ի զինադադարի համաձայնագրով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցություն հաստատելու դրույթը – խմբ․]։ Բայց ադրբեջանցիները պնդում են, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դիտարկել այն համատեքստում, որ Հայաստանը արգելափակում է այդ ուղիով ազատ ելումուտը։ Այսօր ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունը դեմ չէ որոշակի պայմաններում այս հարավային կապով ազատ հոսքին։

Դա պետք է կարգավորվի խաղաղ համաձայնագրով։ Ես հասկանում եմ, որ ավելին, ադրբեջանցիները պահանջում են այդ հաղորդակցության պաշտպանությունը Ռուսաստանի կողմից։ Դա բարդ խնդիր է, որը պետք է լուծվի խաղաղության համաձայնագրի շրջանակներում։

Դժվար է պատկերացնել, որ Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի դեմ

Դժվար է պատկերացնել պատժամիջոցների մասին հայտարարություն գործընկերոջ դեմ, որի հետ արդեն էներգետիկ գործարք ես կնքել… [նկատի ունի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև կնքված գազային գործարք – խմբ․]։ Բայց որպես զսպման մաս կարող է օգտակար լինել գոնե որոշ կարմիր գծեր սահմանելը, որ եթե դրանք խախտվեն, լինեն հետևանքներ։ Սակայն արդյունավետ զսպումը երբեք հստակ չի եղել: Միշտ պետք է պահպանել որոշակի երկիմաստություն, թե ինչպես և երբ ես արձագանքելու: Բայց կարմիր գծեր պետք է լինեն, և դրանց մասին պետք է հայտարարվի, որպեսզի այն զսպող գործոն լինի։

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի փաստահավաք առաքելության Ղարաբաղում

[Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում] կարելի է դիտարկել մի քանի ոլորտ։ Առաջին հերթին, իհարկե, կոնկրետ տնտեսական աջակցությունը Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության համաձայնագրի շրջանակում։ Երկրորդ, միգուցե սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության ընդլայնումը: Մենք այսօր քննարկել ենք իրական փաստահավաք առաքելություն ստեղծելու հնարավորությունը, քանի որ ադրբեջանցիները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղում մարդասիրական մարտահրավերներ չկան, բայց մեզ անհրաժեշտ է անկախ, միջազգային փաստահավաք առաքելություն՝ փաստերն ու թվերը և տեղում իրականությունը հաստատելու համար։ Եվ ԵՄ-ն, իմ կարծիքով, պետք է պատրաստ լինի մարդկանց տրամադրել նման փաստահավաք առաքելություն։

Կարծում եմ նաև, որ մենք կարող ենք դիտարկել Հայաստանի և Եվրամիության միջև անվտանգության երկխոսության ամրապնդումը: Եվրամիությունն ունի հատուկ հիմնադրամ, որը կոչվում է Եվրոպական խաղաղության հաստատություն (European Peace Facility), որը մինչ այժմ հիմնականում օգտագործվել է Ուկրաինայի համար: Բայց մենք կարող ենք նաև մտածել այդ հիմնադրամի շրջանակում Հայաստանին օգնելու մասին։ Այն կարող է օգնել ձեռք բերել արևմտյան սպառազինություն, զենք և ռազմական տեխնիկա:

Ուկրաինական պատերազմից հետո միգուցե ավելի հավանական է, քան նախկինում, որ Եվրոպան պատրաստ է [անվտանգության երաշխավորի դեր խաղալ]։ Կարծում եմ՝ Արևմուտքը հասկացել է, թե Կովկասը որքան կարևոր է դարձել ռազմավարական առումով: Չէի բացառի, որ Հայաստանի դեպքում դա կարող է ավելի շատ բազմակողմ մեխանիզմ լինել, քանի որ Ուկրաինան և Հայաստանը չափերի առումով շատ տարբեր են։ Հայաստանի դեպքում, եթե դուք խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ, մեզ անհրաժեշտ կլինի միջազգային երաշխավորների խումբ, որոնք իրականում կվերահսկեն, որ Հայաստանը և Ադրբեջանը պահպանեն խաղաղ համաձայնագրի դրույթները։ Իսկ չանելու դեպքում, կարծում եմ, մենք պետք է ստիպված լինենք նախապես որոշ պատժամիջոցներ սահմանել որպես զսպող միջոց:

«ՀԱՊԿ անդամակցությունն ինքնին խոչընդոտ չէ»

Կարելի՞ է պատկերացնել, որ Եվրամիությունը զբաղվի Հայաստանի պաշտպանական ոլորտի բարեփոխումներով։ Իհարկե։ Կարծում եմ, որ դա կարող է և պետք է լինի Հայաստանի և Եվրամիության միջև Խաղաղության եվրոպական հիմնադրամի և անվտանգության երկխոսության ներգրավման մաս: Ես իսկապես շատ կցանկանայի տեսնել Հայաստանի և Եվրամիության միջև երկխոսությունը ավելի բարձր մակարդակի վրա հենց այդ ոլորտում, որը թույլ կտա գնել արևմտյան ռազմական տեխնիկա՝ ֆինանսավորվող ԵՄ-ի կողմից։

Իհարկե, մենք պետք է պարզ նայենք այս հարցին: Ակնհայտ է, որ արևմտյան լսարանին դա հաղորդելը առնվազն մարտահրավեր է, քանի որ Հայաստանը դեռ ՀԱՊԿ անդամ է, բայց մենք, օրինակ, նախկինում տեսել ենք համագործակցություն Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև… Այսպիսով, ՀԱՊԿ անդամակցությունն ինքնին խոչընդոտ չէ: Այն կարող է զուգահեռաբար գնալ։

Հայաստան-Ադրբեջան պայմանագիրն առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ

Կարո՞ղ եմ պատկերացնել խաղաղության պայմանագիր առանց Ռուսաստանի մասնակցության։ Անկեղծ ասած՝ ոչ… Իրողություն է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն են ներկա։ Այնպես որ, միայն դա արդեն որոշակիորեն հուշում է, թե ինչպես կարող է Ռուսաստանը ներգրավվել: Բայց նաև միջազգային մեխանիզմ կամ միջազգային խաղաղապահ առաքելություն պետք է լինի, մասնավորապես, ամուր մանդատով, հավանաբար՝ ՄԱԿ-ի մանդատով, իսկ ՄԱԿ-ի մանդատը կներառի նաև Ռուսաստանը: Ուստի դժվար է նախապես պատկերացնել, որ այս ամենը կարող է տեղի ունենալ առանց Ռուսաստանի մասնակցության։

Կարո՞ղ ենք պատկերացնել Ռուսաստանի և Արևմուտքի համագործակցությունը, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջան-Հայաստան հակամարտությանը: Սկզբունքորեն, ես դա չէի բացառի մի քանի պատճառներով. նախկինում մենք տեսել ենք նման համագործակցություն և պրագմատիկ համագործակցություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որոնք լուծել են այնպիսի հարցեր, ուր մենք ընդհանուր շահ ենք ունեցել։ Իրականում, կարծում եմ, Ռուսաստանն ու Արևմուտքը ընդհանուր շահեր ունեն Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր ռազմական հակամարտությունից խուսափելու հարցում։

Միջազգային մոնիտորինգի մեխանիզմը «վստահելի» կլինի միայն ԱՄՆ-ի մասնակցության դեպքում

Երբ մենք խոսում ենք այս ամենը վերահսկելու միջազգային մեխանիզմի մասին, ապա դա վստահելի կլինի միայն այն դեպքում, երբ լինի ԱՄՆ-ի որևէ ներգրավվածություն։ Այսպիսով, անվտանգության երաշխիքը, եթե օգտագործենք երաշխիք բառը, միշտ պետք է ներառի ԱՄՆ-ին։ Ես դա ասում եմ որպես ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար: Այսպիսով, Եվրամիության նկատմամբ ամենայն հարգանքով, երբ խոսքը վերաբերում է կոշտ անվտանգությանը, աշխարհում կա միայն մեկ ուժ, որին կարող ենք վստահել, և դա Միացյալ Նահանգներն է: Ես պետք է շատ հստակ լինեմ այս հարցում:

Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ, եթե որոշակի ճնշում գործադրի Ադրբեջանի վրա

Հուսով եմ, որ այս տարվա երկրորդ կեսին ականատես կլինենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման, քանի որ կարծում եմ, որ շատ թուրքերի համար դա բիզնես հնարավորություններ կբացի։ Կարծում եմ, որ Թուրքիային ձեռնտու չէ շարունակել փակ պահել Հայաստանի հետ սահմանը։ Իհարկե, Թուրքիան կարող է կառուցողական դեր խաղալ, եթե որոշակի ճնշում գործադրի Ադրբեջանի վրա։

Աջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը

Ես այսօր օգտվեցի առիթից՝ գովաբանելու վարչապետին Հայաստանում ազատության և ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված նրա և կառավարության ջանքերի համար [մարտի 13-ին Ռասմուսենը հանդիպել է ՀՀ վարչապետի, այլ պաշտոնյաների հետ – խմբ․]։

Ես այստեղ եմ՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարությանը։ Եվ ես խոստացել եմ աշխատել Հայաստանի կառավարության հետ բարելավելու նրա կապերը Արևմուտքի հետ, բազմազանեցնել, այսպես ասած, նրա միջազգային հարաբերությունները։ Եվ ես կարծում եմ, որ դա կարևոր է, քան երբևէ:

Մենք պարտավոր ենք իրականում օգնել տարածաշրջանում իրական ժողովրդավարությանը… Ես կարծում եմ, որ մենք պարտավոր ենք Հայաստանի համար անել հնարավորը` օգնելու նրա առաջընթացին:

Read the article in English: Ethnic cleansing in Nagorno-Karabakh would be ‘red line’ for West: Rasmussen

Մեկնաբանել