Արարատ Միրզոյանը կայցելի Մոսկվա

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն առաջիկայում կայցելի Մոսկվա․ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ի ասուլիսին։

Պատասխանելով հարցին, թե ինչու Արարատ Միրզոյանը հրաժարվեց դեկտեմբերին մեկնել Մոսկվա ու հանդիպել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, Փաշինյանն արձագանքեց. «Իրականում այդ հանդիպման չկայացումը կապված էր սուր ճգնաժամի հետ․ անհրաժեշտ էր, որ նախարարը լինի Երևանում։ Մենք ոչ թե մերժել ենք հանդիպումը, այլ պետք էր, որ նախարարը մնա Երևանում»։

Խոսելով հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի մասին՝ Փաշինյանն ասաց, որ ճգնաժամ չի տեսնում․ Մոսկվայի հետ խոսում են, քննարկում են, ֆիքսում խնդիրները։

Արարատ Միրզոյանի՝ Մոսկվա այցի հնարավորությունը հաստատել է նաև ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտնելով, որ ներկայում այն նախապատրաստվում է։