Դիլիջանում փետրվարից գործում է Workation նոր համաշխատանքային տարածք, որը նախատեսված է հարմարավետ աշխատանքի, ուսման և միջոցառումների կազմակերպման համար: Workation-ը «Տուն Արմենի» հյուրատան մի մասն է:

«Մինչ Քովիդը ոչ ոք չէր պատկերացնում, որ նույն գործը կարելի է հեռավար անել, բայց դրանից հետո մշակույթ փոխվեց, որ, օրինակ, պարտադիր չէ գնալ և նստել համակարգիչի մոտ՝ գրասենյակում, կարելի է ավելի հանգիստ վիճակում այդ ամենը կազմակերպել։ Նախ, հաճույք ես ստանում աշխատանքից, և երկրորդ՝ միջավայրը քեզ մոտիվացնում է։ Սրանք փոխկապված են։ Համաշխատանքային տարածքը «Տուն Արմենիում» ստեղծելու գաղափարը այդ երկուսի վերջնակետն էր»,- պատմում է Workation «Տուն Արմենի» ծրագրի ղեկավար Շողիկ Թադևոսյանը։
Նախագիծն իրականացվել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից:
Համաշխատանքային տարածքում կա առանձին հանդիպումների սենյակ, բացօթյա պատշգամբ, որից կարելի է օգտվել տաք եղանակին: Հյուրերը կարող են վճարել և՛ մեկանգամյա այցելության, և՛ ամսական բաժանորդագրության համար։ Տարածքից կարող են օգտվել ինչպես դիլիջանցիները, այնպես էլ քաղաք այցելած հյուրերը:

Շողիկ Թադևոսյանի խոսքով՝ համաշխատանքային տարածքը հնարավորություն կտա ավելացնել զբոսաշրջիկների այցելությունը «Տուն Արմենի» հյուրանոցային համալիր, ինչպես նաև Դիլիջան․ «Վստահ եմ, որ մեր «Տուն Արմենիի» համաշխատանքային տարածքը հաջող օրինակ կդառնա, որ նման բիզնեսներ շատ լինեն Դիլիջանում»։
«Մենք բաց ենք բոլոր տեսակի առաջարկների համար։ Մենք նշում ենք՝ ինչի համար է նախատեսված Workation-ը, բայց եթե հյուրերը առաջարկով են հանդես գալիս, օրինակ՝ ինչ-որ հետաքրքիր վարպետաց դասի կամ, չգիտեմ, այլ առաջարկով, մենք դա նույնպես դիտարկում ենք։ Ու եթե համոզված ենք, որ կարող ենք տրամադրել նման ծառայութուն, համաձայնում ենք»,- ավելացնում է «Տուն Արմենիի» կոմերցիոն տնօրեն Սվետլանա Անանյանը։

Workation-ը «Տուն Արմենի» հյուրատան մի մասն է։ Հյուրատունը Դիլիջանի հենց կենտրոնում է, որտեղ կան առանձին հյուրասենյակներ, հայկական խոհանոցով ռեստորան, որտեղ մատուցվում են հայկական և դիլիջանյան խոհանոցին բնորոշ ճաշատեսակներ (գաթա, հալվա, մաննի, խավիծ), որոնց հումքը միայն տեղական է, հյուրատան աշխատողներն էլ միայն տեղացիներ են։ «Տուն Արմենին» հնարավորություն է տալիս համատեղել աշխատանքը և հանգիստը:
«Oտարերկրացին, որ գալիս է, գալիս է լիովին վայելելու իր հանգիստը, տեղացու համար դա այնքան էլ հեշտ չէ, եթե հանգստանալու Երևանից է գալիս կամ ուրիշ քաղաքից, նա ունի սահմանափակ օրեր։ Որ որևէ կերպ երկարարցնենք մարդու աշխատելը հաճելի միջավայրում, կա այս հյուրանոցային համալիրը, որտեղ կարելի է շատ հանգիստ համատեղել և՛ աշխատանքը, և՛ հանգիստը»,- նշում է Սվետլանա Անանյանը։

Workation-ը գործում է նաև առանձին: Մարդիկ կարող են գալ «Տուն Արմենի» և օգտվել միայն այս ծառայությունից։ Թիմը նախատեսում է պարբերաբար քննարկումներ և դասախոսություններ կազմակերպել զբոսաշրջության, փոքր բիզնեսի և այլ թեմաների վերաբերյալ՝ քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ։
«Նախատեսում ենք առաջիկայում աշխատել տարբեր կազմակերպությունների հետ, որ Երևանից գան, իրենք թրեյնինգներ անեն, ինչ-որ բաներ կազմակերպեն, ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից»,- ամփոփում է Շողիկ Թադևոսյանը։
«Տուն Արմենի» նախագիծն իրականացվում է «Իմպուլս մենեջմենթ քոմփանի»-ի կողմից՝ 2012-ից «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամի կողմից մեկնարկած Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում:
Լիա Ավագյան