Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը Շարունակում է «Հզորացնել Արցախյան Ընտանիք Մը» Ծրագիրը

Բաղդասարյանների ընտանիքի պատմությունը պատմություն է արցախցի մաքառող, աշխատասեր, կառուցող, սիրով և օրհնությամբ փայլող ընտանիքի մասին, որտեղ իրենց զավակներին (20, 18, 16, 15, 13,11 տարեկան), փոխանցում են սեր առ Աստված, առ ընտանիք, առ Հայրենիք:

Ավետարանչականի Արցախի թիմը այս ընտանիքին հանդիպեց 2021թ. դաժան պատերազմից հետո, երբ ընտանիքը պարտադրված թողել էր բնօրրանը՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը և բնակվել Ասկերան քաղաքում: Հայրենի գյուղում էին մնացել սեփական տունը, մշակվող դաշտերը, բանջարանոցը, ընտանի կենդանիները՝ տարիների աշխատանքով ստեղծած տնտեսությունը:

Բայց ինչպես Արցախում են ասում՝ «Ավետարանոցիք քարից էլ հաց կունենան»: Ավետարանչականի աջակցությամբ ընտանիքը սկսեց ոտքի կանգնել։ Մայրը սկսեց թխել քիչ քանակով հաց, մշակել տնամերձ հողամասը, ամուսինը երեխաների հետ սկսեցին զբաղվել անասնապահությամբ՝ գնեցին խոզ, ճագարներ, հավեր:

Հանդիպման առաջին պահից ոգևորող էր երիտասարդ կնոջ եռանդը: Միշտ կոկիկ և ժպտերես երիտասարդ կինը վստահ պատմում էր, թե ինչպիսին է պատկերացնում իր ընտանիքի ապագան Արցախում: Այս երկու տարիների ընթացքում յուրաքանչյուր այցելությամբ Ավետարանչականի Արցախի թիմը վայելում էր հերթական հաջողված արդյունքը՝ ժենգյալով հացի (կանաչին ցանված էր հենց տնամերձ հողամասում) և խմորեղենի վաճառքը, թռչնամսի, խոզի և ճագարի մսի վաճառքը: Նկատելի էին գյուղատնտեսական տնտեսության վարման հմտությունները՝ եկամուտի կառավարումը, տնտեսության մեծացումը, սովորելու պատրաստակամությունը:

2022թ. դեկտեմբերին Արցախին սպասվում էր նոր փորձություն՝ Արցախը մայր Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհի արգելափակումը: Բլոկադան իր արգելակող ազդակներով տարածվեց հետպատերազմյան Արցախի տնտեսությունում, բայց ոչ Բաղդասարյանների: Դեռ աշնանը ընտանիքը Ավետարանչականի տրամադրած գումարին ավելացնելով գումար՝ գնել էր երեսուն խոզ, ցլիկ, Ասկերանի մոտ վարձակալել գոմ, ընտանիքին քաղաքապետարանի կողմից տրված գետամերձ տարածքում աճեցրել էին բանջարեղենի, կարտոֆիլի, լոբու, լոլիկի առատ բերք: Ժրաջան տան տիկինը պատրաստել էր համեղ պահածոներ և իր խոսքով՝ պատրաստ էր ձմռանը: Ճգնաժամը արագացրեց ընտանիքի նոր նախաձեռնության իրականացումը՝ Ասկերանում իրենց տան դիմաց վարձեցին տարածք: Հյուրընկալ ընտանիքը սկսեց պատրաստել շաուրմա, խորոված, քյաբաբ: Միսը սեփականն էր՝ ներդրման կարիք չկար։ Շատ շուտ սկսեցին գնել նաև համագյուղացիներից, շարունակեցին եկամուտով մեծացնել անասնապահական տնտեսությունը: Տան տիկնոջ խոսքերով՝ շատ կարճ ժամանակահատվածում իրենց մոտ պատրաստված սննդամթերքը տարածքում ամենահամեղն էր և մատչելին, այցելում էին նաև ռուս խաղաղապահները:

Բաղդասարյանների ընտանիքը Ավետարանչականի «Հզորացնել Արցախյան ընտանիք մը» ծրագրի 43 ընտանիքներից մեկն է։

Մեկնաբանել