Ինչու և ինչպես գնվեց Grand Hotel Yerevan-ը․ զրույց Team Telecom-ի սեփականատիրոջ հետ

Մարտի 6-ին հայտնի դարձավ, որ Team Telecom ընկերության սեփականատեր Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները ձեռք են բերել Երևանի կենտրոնում գտնվող Grand Hotel Yerevan-ը։ 1926 թվականին Երևանի ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանի ղեկավարությամբ կառուցված հայտնի հյուրանոցի բաժնետերը մինչ այս գործարքը իտալական «Ռենկո» ընկերությունն էր, որը մասնավորեցվել էր այն 1999 թվականին։ Հյուրանոցն ունի 78 համար՝ ներառյալ նախագահական համարներ, ռեստորան և այլն։ Եսայան եղբայրների կողմից հյուրանոցի ձեռք բերումը ֆինանսավորվել է «Ակբա» բանկի կողմից։ Հայկ Եսայանը ՍիվիլՆեթի հետ զրույցում խոսել է գործարքի մասին։

Հայկ Եսայանը

-Պարոն Եսայան, ինչո՞ւ որոշեցիք ձեռք բերել Grand Hotel Yerevan-ը:

-Կարո՞ղ եմ հետ գնալ մոտ 30 տարի։ Երբ ապրում էի «Կինո Պիոներ»-ի շենքում՝ ներկայիս Հյուսիսային պողոտան է, մեր տնից երևում էր «Երևան» հյուրանոցը, որովհետև միհարկանի տներ էին, ու մեր ծնողներն ասում էին, որ այդ հատվածում այգի էր լինելու։ Երբ իմացանք, որ վաճառվում է, որպես քաղաքի կենտրոնի բնակիչ հետաքրքրվեցինք․ նման ակտիվներ շատերը ձեռք կբերեին միայն նրա համար, որ շենքը փոխեն ու փող աշխատեն։ Հյուրանոցը ավելի քիչ հասույթ է գեներացնում, քան ենթադրենք, օֆիսային տարածքը։ Մենք ուզում ենք այն պահպանել՝ վանդալիզմ կլինի այլ բան անելը։ Ի վերջո, հյուրանոցը Առաջին Հանրապետության առաջին հյուրանոցն է։ Որքան գիտեմ՝ երբ «Ռենկո»-ն գնել էր այն, համահիմնադրներից մեկին էր հյուրանոցը շատ դուր եկել ու նրա կոնցեպտով էլ վերակառուցվել է, բայց համահիմնադիրը մահացել է ու որքան հասկացա, դրա պատճառով էլ հյուրանոցը վաճառվում էր։ Եթե հնարավորություն ունես պահելու, պիտի պահես ու, ինչու չէ, նաև ապացուցես, որ կարող է լավ բիզնես դառնալ։

Այսինքն էմոցիոնալ պատճառո՞վ եք որոշել գնել հյուրանոցը։

-Երբ իմացանք, որ հյուրանոցը վաճառվում է, մեզ մոտ էմոցիոնալ մասն ավելի շատ էր, քան բիզնես տրամաբանությունը, հետո հասկացանք, որ բիզնես տրամաբանություն կարող ենք ներդնել դրա մեջ։ Օրինակ՝ հյուրանոցի վերևի հատվածը չի աշխատում, կարիք կա վերազինելու, ռեստորանը արդիականացնելու խնդիր կա, հայ մշակույթի գործիչներն են այդ ռեստորանում եղել և այլն, ինչու հնի վրա հենվելով՝ նոր բան չանել։ Այս պահին ուզում ենք հասկանալ՝ ինչպես անել, որ վերածնունդ լինի, ինչպես անենք, որ Երևան եկող յուրաքանչյուր հայի համար հետաքրքիր լինի այդ հյուրանոցում մնալը։ Ո՞վ գիտի, որ այդ շենքը նախագծել է Երևան քաղաքի առաջին ճարտարապետը։

Գործարքի մասին հաղորդելիս հայտնել էինք, որ այն ֆինանսավորել է «Ակբա» բանկը։ Բանկում ի՞նչ է գրավադրվել վարկ ներգրավելու համար։

-Դա երկրորդային հարց է։ Երբ դուք տուն եք առնում, ինչո՞վ եք ապահովում վարկը։

Հենց բնակարանով, որը գնում եմ։ Այս դեպքում է՞լ է այդպես եղել։

-Այո։

-Որքա՞ն է արժեցել գործարքը։

-Դա չեմ կարող ասել, իրավունք չունեմ ասելու։ Անձնական ու բանկային ռեսուրսներով է արվել։ Ֆինանսի խնդիրն այսօր դժվա՞ր է լուծել Հայաստանում։

Եթե բանկի ապահովության երաշխավորված միջոցներ լինեն՝ ոչ։

-Ես դրա հետ համաձայն չեմ։ Աշխարհը փոխվել է, բանկը ոչ թե ակտիվին է փող տալիս, այլ թիմին, այսինքն՝ ում վստահում է, որ կարող են այդ գործն ի կատար ածել։ Այսինքն՝ ինչո՞ւ են վենչուրային կապիտալները ստարտափների մեջ փող ներդնում։ Վստահեցնում եմ՝ դա իդեան չէ, այլ թիմին հավատալը, մենեջմենթը շատ կարևոր է։ Հայաստանում բոլորի մոտ կա տպավորություն, թե փողը տրամադրվում է միայն այնպիսի մարդկանց, որոնք առանց խնդրի կարող են մարում իրականացնել իրենց կապիտալի միջոցներով։ Ես հավատացնում եմ՝ դուք մնացել եք 20-րդ դարում, խնդրում եմ փոխվեք ու պատկերացրեք՝ այդպես չէ։

Կոնկրետ դեպքում՝ հյուրանոցի դեպքում, իմ կարծիքով, ցանկացած բանկ դա կֆինանսավորեր։ Դա բոլորի համար էր հետաքրքիր, ցանկացած բանկ կֆինանսավորեր։ Երևանի կենտրոնում կան սահմանափակ ակտիվներ նման ծավալի ու արժեքի։

Դուք և ձեր եղբայրը «Յուքոմ»-ի հիմնադիրներից եք, բայց 2020 թվականին եղավ այդ հայտնի խզումը «Յուքոմ»-ի մյուս սեփականատերերի հետ, ու դուք հեռացաք, հիմնեցիք Team-ը, գնեցիք «Բիլայն»-ը։ «Թիմ սոլյուշնս»-ը հիմնեցիք, որը նաև պետական գնումներում է հաղթում….

-Ցավալի բան եք ասում… Հայկական ընկերություններ ասեք, որ պրոդուկտ են ստեղծում։ ՏՏ ոլորտի ընկերությունների մեծ մասը մարդ են վաճառում, որն ավելի եկամտաբեր է, իսկ «Թիմ սոլյուշնս»-ը լուծումներ է սարքում

Պետական հովանավորչություն չկա՞ ձեր նկատմամբ:

-Ոչ։ Ես ուզում եմ կանչեք այն մարդուն, որ ասում է, թե կա նման հովանավորչություն ու ես ուզում եմ ասողին տեսնեմ։ Նման բան ասողը ստախոս է։ Ինձ պետք չէ նման հովանավորչություն։

Իսկ «Յուքոմ»-ը պետական հովանավորչությամբ չէ՞ր ընդլայնվում։

-Ինչո՞վ էր հովանավորչություն։

Օրինակ, երբ Գագիկ Խաչատրյանի՝ պաշտոնատար անձ լինելու ժամանակ պետական մարմինները սկսեցին «Յուքոմ»-ի հեռախոսակապից օգտվել։

-Ո՞ւմ են պարտադրել, եթե գինը երեք անգամ էժան էր մյուս առաջարկներից, դա պարտադրե՞լ է։

Գուցե դեմպի՞նգ էր։

-Ոչ, դեմպինգ չէր։

Զրուցեց Մկրտիչ Կարապետյանը

Մեկնաբանել