150 նոր ավտոբուս ձեռք չի բերվի. լրատվամիջոցները սխալ են ներկայացնում

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Մի շարք լրատվամիջոցներ մարտի 16-ին գրեցին, թե Երևանի տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է ձեռք բերել ևս 150 նոր ավտոբուս, և որ հարցը ներառված է կառավարության մարտի 16-ի նիստի օրակարգում։

Ըստ լրատվամիջոցների մեջբերումների՝ նախատեսվում է ներկրել Zhongtong bus LCK6860HGN մակնիշի Euro 5 բնապահպանական ստանդարտի ավտոբուսներ։

Այսպիսի հրապարակումներ արել են armenpress.am, araratnews.am, zham.am, 24news.am, armtimes.com և այլ լրատվականներ։

Սակայն նոր ավտոբուսներ ձեռք չեն բերվելու, դրանք արդեն իսկ ձեռքբերված են, և Երևանում են։ Այս մասին քաղաքապետարանը քանիցս խոսել է։

Այսպես, կառավարության մարտի 16-ի նիստի օրակարգում ներառված է հարց (№30)` «Երևան տրանս» ՓԲԸ-ին մաքսային արտոնություն տրամադրելու մասին։

Հարցի զեկուցողը էկոնոմոկայի նախարար Վահան Քերոբյանն էր, որը նիստի ընթացքում ներկայացրեց ներդրումային ծրագիրը. «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներկրել 150 Zhongtong bus Euro 5 բնապահպանական ստանդարտի ավտոբուսներ… Ծրագրի ընթացքում նախատեսվում է ներմուծել 6,6 մլրդ դրամի ավտոբուսներ և դրանց պահեստամասեր և ստեղծել 492 նոր աշխատատեղ՝ մինչև 317 000 դրամ միջին ամսական աշխատավարձով»,- հայտնեց Քերոբյանը։

Կառավարության նիստին ներկա էր նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Զեկուցելով թեմայի մասին՝ նա հայտնեց, որ Zhongtong մակնիշի 150 ավտոբուսներն արդեն Երևանում են։

«Ինչ-որ իներցիոն պրակտիկա ենք ունեցել քաղաքապետարանում, որ ավտոբուսների ներկրման դեպքում երբևէ ո՛չ ավելացված արժեքի հարկ է բյուջետավորվել, ո՛չ մաքսատուրք է բյուջետավորվել և ամեն անգամ նոր ներկրում անելուց ինչ-որ լուծումներ են սկսվել փնտրվել…»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ թեև ավտոբուսները շուտ են բերվել Երևան, սակայն բախվել են մաքսազերծման խնդրին։

«Ակնկալվում էր, որ մենք պետք է կարողանանք մարտի 1-ից 237 նոր ավտոբուս՝ 12 մետրանոց 87 MAN և 150 Zhongtong ավտոբուսները արդեն տեսնել Երևանի փողոցներում։ Ցավոք սրտի, դա տեղի չի ունեցել, և դա մեր մեղավորությունն է»,- նշեց Ավինյանը։

150 ավտոբուսների ձեռքբերման մասին բազմիցս հայտարարվել է

Լրատվամիջոցներունմ բազմիցս է գրվել Zhongtong 150 ավտոբուսների ձեռքբերման մասին։ Դեռ 2022-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնել էր, որ դրանք մինչև տարեվերջ կլինեն մայրաքաղաքում։

CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից մարտի 3-ին ևս հաստատել էին, որ Zhongtong տեսակի ավտոբուսները՝ շուրջ 150 միավոր, արդեն իսկ Երևանում են։ Սակայն երթուղի դուրս չեն բերվել՝ պայմանավորված ավտոբուսների մաքսազերծման և ապահովագրության նպատակով գումարների հատկացումներով։

Փաստացի, կառավարության մարտի 16-ի նիստում «Երևան տրանս» ՓԲԸ-ին մաքսային արտոնություն տրամադրելու միջոցով լուծվում է ներկրված այդ ավտոբուսների մաքսազերծման հարցը։

Կառավարության նիստին Ավինյանը նաև հայտնեց, որ առաջիկայում ևս մեկ նման փաթեթ կներկայացվի ձեռքբերված MAN ավտոբուսների մաքսազերծման խնդիրը լուծելու համար։

Այսպիսով, կառավարության նիստում հաստատված ներդրումային ծրագրով ոչ թե նոր ավտոբուսներ են ձեռք բերվում, այլ արդեն իսկ ձեռքբերվածների մաքսազերծման խնդիրն է լուծվում։

Մեկնաբանել