Կալանավորվել է Գրիգորի Խաչատուրովը

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը կալանավորվել է երկու ամսով։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթին հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ըստ աղբյուրի՝ Վերաքննիչ դատարանը բավարարել է քրեական վարույթով հսկողություն իրականացնող դատախազի միջնորդությունը և մեղադրյալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառել է կալանք խափանման միջոցը՝ երկու ամիս ժամկետով։

Խաչատուրովն անցնում է «անհամեմատ էժան գնով» զորամասի տարածքի օտարման գործով։

Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։

Ազգային ժողովում փետրվարի 7-ին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրերը։ Դրանցից առաջինը վերաբերում է պաշտպանության նախարարության զորամասերից մեկի օտարման գործարքին։

«Սեյրան Օհանյանը հանձնարարել է կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց տրամադրած հատուկ նշանակության «Երասխ 1» տարածքն ու շինությունները։ Չբացահայտելով իրական գնորդին՝ ՊՆ ներկայացուցչի ու ՊՆ-ի N զորամասի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի հետ կնքվել է առուվաճառքի պայմանագիր, որի համաձայն Արարատի մարզի 2,6 կադաստրային արժեքով հողը և դրա վրա առկա 8,8 մլն արժեքով շինությունները՝ զորամասի շտաբը, զորամասն ու ընդհանուր մակերեսով շինությունը, անհամեմատ էժան գնով՝ ընդամենը 4 մլն դրամով փաստացի վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին»,- ասել էր գլխավոր դատախազը։

Նրա խոսքով՝ պայմանագրի հիման վրա օտարված անշարժ գույքը գրանցվել է Էդգար Արշակյանի անվամբ՝ «այդկերպ խեղաթյուրվել է գույքի իրական պատկանելությունը»։ Վարդապետյանի խոսքով՝ Խաչատուրովը երկու անգամ՝ 2009-ին և 2016-ին, այս անշարժ գույքը գրավադրել է բանկում և ստացել առանձնապես խոշոր չափերով գումար, ըստ դատախազի, այդկերպ օրինականացնելով նշված գումարի հանցավոր ծագումը։

Մեկնաբանել