Ովքեր են Արցախի նախագահի խորհրդականները՝ աշխատակազմը չի հայտնում

Արցախի նախագահականը մերժել է նախագահի խորհրդականների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։ ՍիվիլՆեթը մարտի 13-ին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանին հարցմամբ խնդրել էր տրամադրել 2017, 2019, 2020, 2021, 2022 և 2023 թվականնների մարտ ամսվա դրությամբ (վարձատրությամբ և առանց վարձատրության աշխատող) նախագահի օգնականների, ներկայացուցիչների և խորհրդականների ցանկը։ Սակայն պատասխան նամակում տեղեկատվությունը չի տրամադրվել։

Նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտնում է, որ «գրությամբ հայցվող տեղեկությունները պարունակում են մարդու անձնական կյանքին վերաբերող այնպիսի տեղեկատվություն, որը հնարավորություն կտա նույնականացնել անհատի ինքնությունը»։

2020 թվականի հուլիսի 9-ին «Վաղվա Արցախ» կուսակցությունը հրապարակել էր նախագահի օգնականների, խորհրդականների և ներկայացուցիչների անունները։ Կուսակցության հարցմանը պատասխանել էին նախագահի աշխատակազմից։ 2020 թվականի հուլիսի դրությամբ Արայիկ Հարությունյանը ուներ ինը խորհրդական, երեք ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով և ինը օգնական։

Այս ցանկից հինգ հոգի աշխատում էին առանց վարձատրության։ Ստացվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձի անձնական տվյալները գաղտնի են։ Ստորև կցում ենք Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի պատասխան նամակը։


Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Մեկնաբանել