Հովիկ Աբրահամյանից բռնագանձել 59 գույք, 20 ընկերության բաժնետոմսեր, 11,3 միլիոն դոլար․ դատախազություն

Լուսանկարում Հովիկ Աբրահամյանի առանձնատան սենյակներից մեկն է

Դատախազությունը Հովիկ Աբրահամյանից ու նրա ընտանիքից պահանջում է բռնագանձել 59 գույք, 20 ընկերության բաժնետոմսեր, 11,3 միլիոն դոլար։

Հայաստանի գլխավոր դատախազությունը Ազգայի ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանից ու նրա ընտանիքից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց է ներկայացրել դատարան, որն ընդունվել է վարույթ։ Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես, դատախազությունը պահանջում է Աբրահամյանից ու նրա ընտանիքից բռանագանձել 59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևանում ու մեծամասամբ Կենտրոնում, 12-ը Մխչյան համայնքում, 10-ը Նարեկ համայնքում, 6-ը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում, 3-ը՝ Մեղրաձորում, 6-ը՝ Դիլիջանում, ինչպես նաև Ջերմուկում, Սևանում, Այնթափում, Արևաբույր, Մարմարաշեն ունեցած գույքերը։

Դատախազությունը պահանջում է ապօրինի համարել ու բռնագանձել 4 ավտոմեքենաներ, 20 ընկերություններում ունեցած բաժնետոմսերը։

Ըստ հաղորդագրության՝ հայցադիմումով պահանջել է բռնագանձել շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքները՝ 1,6 միլիարդ դրամի չափով, ընկերություններին տված փոխառությունների պահանջի իրավունքը՝ 11,3 միլիոն դոլարի, 3,1 միլիոն եվրոյի և 687 միլիոն դրամի չափով։ Եւս 21,2 միլիարդ դրամ դատախազությունը որակել է որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով։

Մեկնաբանել