ԵՄ Արևելյան գործընկերության ինդեքսի վերաբերյալ վարչապետի պնդման հետքերով

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ի մամուլի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում լրտեսական ծրագրերի և մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ լրագրողի հարցին հակադարձեց՝ մատնանշելով, որ Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների շարքում բացարձակ առաջատար դիրք է զբաղեցնում մի շարք ոլորտներում։

«Ես էլ ձեզ հակառակ վիճակագրությունը բերեմ, որ նույն Եվրամիության զեկույցների համաձայն… Արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը բացարձակ առաջատար է՝ անկախ դատական համակարգի ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, խոսքի ազատության պաշտպանության ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում և այդպես շարունակ»,- ասել է վարչապետը։

Փաշինյանն առաջին անգամ չէ, որ վկայակոչում է այս զեկույցները։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, որոշեց ուսումնասիրել վարչապետի այս պնդումները։

Հայաստանը «բացարձակ առաջատար» չէ մարդու իրավունքների պաշտպանությունում

Փաշինյանի վկայակաչած զեկույցը՝ 2022-ի ապրիլին հրապարակված «Արևելյան գործընկերության ինդեքսն» է, որը վերաբերում է 2020-2021 թվականներին, ունի մի քանի վարկանիշներ և բազմաթիվ ցուցիչներ։

Հայաստանը իսկապես, «Ժողովրդավարություն և լավ կառավարում» առանձին վարկանիշային աղյուսակում առաջին տեղն է զբաղեցնում վեց երկրների շարքում՝ առաջ անցնելով Մոլդովայից, Վրաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից ու Բելառուսից։

Վարկանիշում առաջին տեղը Հայաստանը զբաղեցրել է՝ առաջադիմություն ցուցաբերելով հինգ ցուցիչներում՝

  • ժողովրդավարական իրավունքներ, ընտրություններ և քաղաքական բազմակարծություն
  • Խոսքի, կարծիքի ազատություն, հավաքների և միավորումների ազատություն
  • անկախ լրատվամիջոցներ
  • անկախ դատական համակարգ
  • պայքար կոռուպցիայի դեմ

Սակայն հակառակ վարչապետի պնդմանը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանը «բացարձակ առաջատար» չէ։ Այսպես, ինդեքսում «Մարդու իրավունքներ և խոշտանգումներից պաշտպանություն» ցուցիչով Հայաստանը զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ «հավասար հնարավորություններ և խտրականության բացառում» ցուցիչով՝ 4-րդ տեղը։

Երկրների «եվրոպականացումը» հաշվող այս վարկանիշում ներառված են նաև «պետական հաշվետվողականություն» և «պետական կառավարում» ցուցիչները, որտեղ Հայաստանը ևս 3-4-րդ տեղում է, դրանց մասին վարչապետը չհայտնեց։

Միաժամանակ, Հայաստանը զեկույցի մեկ այլ ինդեքսում բոլոր ցուցիչների հանրագումարով վեց երկրների շարքում 4-րդ տեղում է՝ Ուկրաինայից, Մոլդովայից և Վրաստանից հետո։



Այսպես, «Ընդհանուր մոտարկված գնահատական» ինդեքսում ներառված են նաև այլ ցուցանիշներ, որոնցում Հայաստանը ցածր գնահատականներ ունի՝

  • շուկայական տնտեսություն և ազատ առևտրի համաձայնագրեր (4-րդ տեղ)
  • ազատություն, անվտանգություն և արդարություն (4-րդ տեղ)
  • շրջակա միջավայրի և կլիմայական քաղաքականություն (5-րդ տեղ)
  • տրանսպորտի կարգավորման քաղաքականություն (2-րդ տեղ)
  • էներգետիկ օրենսդրության սերտաճում և էներգետիկ քաղաքականություն (4-րդ տեղ)

Բացի այդ, ինչպես նշեցինք, զեկույցը վերաբերում է 2020-2021 թվականներին և փաստացի չի արտացոլում Հայաստանում առկա վիճակը։

Մեկնաբանել