Հայաստանն ամենօրյա ռեժիմով զբաղվում է պաշտպանողունակության բարձրացմամբ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետությունն ամենօրյա ռեժիմով զբաղվում է երկրի պաշտպանողունակությունը բարձրացնելու հարցով։ Մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարեց խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը։

«Եթե նույնիսկ ամենալավ ու լավատեսական բանակցությունները լինեն, մենք զբաղվել ենք ու զբաղվելու ենք ՀՀ-ի պաշտպանողականությունը բարձրացնելու գործով»,- նշեց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում ռուսական առաջարկները «մշտապես Հայաստանի կողմից ընդունվել են», Ադրբեջանն է անհամաձայնություն հայտնել։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանի խղճին է մնում՝ Ղարաբաղի ճակատագիրը երրորդ երկրների վրա թողնելու հանգամանքը, Սիմոնյանն ասաց, որ Ռուսաստանի ղեկավարը նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրողներից մեկն է, ու հենց ռուս խաղաղապահներն են երաշխավորում արցախցիների անվտանգությունը։

«Ինչո՞ւ են այնտեղ ռուս խաղաղապահները կանգնած։ Այսինքն՝ կանգնած են այնտեղ, ենթադրենք, Չինաստանի խաղաղապահները, բայց պատասխանատվությունը ստանձնե՞լ է Ռուսաստանը, մենք նմա՞ն բան ենք ասում։ Դա Ռուսաստանի և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է»,- շեշտեց խորհրդարանի ղեկավարը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանն առ այսօր չի վավերացրել Արցախում ռուս խաղաղապահների մանդատը, ուստի, ըստ Սիմոնյանի, հարկավոր է պարզել ռուս գործընկերների մոտեցումն այդ հարցի վերաբերյալ։

Սիմոնյանը խոսեց նաև Արցախ-Ադրբեջան շփումների մասին։ Նրա կարծիքով՝ Հայաստանը Արցախի դերը՝ որպես բանակցող, որպես Արցախի կարգավորման հարցում անմիջական մասնակից, բարձրացրել է ամենաբարձր մակարդակի, և հիմա Արցախն է որոշում ընդունում:

Լրագրողները ԱԺ նախագահին հիշեցրին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ Հայաստան այցելու մասին. «Ո՞ր եկել է՝ ի՞նչ, ի՞նչ փոխվեց»,- հարց բարձրացրեց Սիմոնյանը։

«Մենք շարունակում ենք բոլոր հնարավոր ճանապարհները փնտրել՝ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար։ Քաղաքական առումով, որ եկավ ու գնաց, հարցը չի լուծվում»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանի համար բավարար չեն ՀԱՊԿ-ի գործողությունները։

Մեկնաբանել