Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը․ մարտի 20-ին Մոսկվայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Պատրաստ ենք, ինչպես և ամրագրված է եռակողմ հայտարարություններում, ցուցաբերել օժանդակություն տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտիացիային, խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվելու տարածաշրջանային անվտանգության հարցերին։
«Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումը, և, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի շուրջ»,- ասել է Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները բոլոր որոշումների իրագործման առանցքն են։