Որքան ռուսաստանցի է տեղափոխվել Հայաստան. Քերոբյանի պնդումների հետքերով

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ռուսական «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է, թե 2022-ին Հայաստան է տեղափոխվել (ռելոկացվել) 108-110 000 ռուսաստանցի։

«Այսինքն՝ այդքան ռուսներ են եկել Հայաստան ու մնացել մշտական ​​բնակության»,- հայտնել է Քերոբյանը մարտի 16-ին հրապարակված հարցազրույցում։

Հատված «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցից

Ավելի վաղ՝ մարտի 13-ին, Քերոբյանն Ազգային ժողովում կրկին հնչեցրել էր նույն տվյալները, սակայն նշել, թե դա վերաբերում է 2022-ի փետրվարից մինչև 2023-ի մարտի 1-ն ընկած ժամանակահատվածին։

«2022-ի փետրվարից մինչև 2023-ի մարտի 1-ը Հայաստանում գտնվող Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձանց ընդհանուր թվաքանակը կազմել է ընդհանուր 113 753 անձ»,- նշել էր Քերոբյանը՝ հավելելով, որ նրանցից 64 862-ը «յան» ազգանունով են։

Հատկանշական է, որ ՀՀ Միգրացիոն ծառայության տվյալներով՝ 2022-ին Հայաստան է եկել Ռուսաստանի 1 129 829 քաղաքացի, լքել՝ 1 064 680-ը։ Այսինքն՝ մնացել է 65 149-ը։ Ավելին՝ 2023-ի հունվարին, ըստ վիճկոմիտեի, ավելի շատ ՌԴ քաղաքացի մեկնել է, քան ժամանել։ Այս ամսին ժամանել է 109 814 և մեկնել 130 783 ՌԴ քաղաքացի, տարբերությունը՝ – 20 969:

Այս թվերն ակնհայտորեն չեն համընկնում Քերոբյանի հնչեցրած տվյալների հետ։

Տվյալների անհամապատասխանությունը պարզաբանելու նպատակով դիմեցինք էկոնոմիկայի նախարարություն։

Պնդում են՝ հաշվարկն իրականացվել է այլ մեթոդաբանությամբ

Էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանում են, որ Ռուսաստանից ժամանած անձանց թվաքանակի հաշվարկն իրականացվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվական բազան։

«Վերոնշյալ տեղեկատվական բազայի հիման վրա էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվարկվել է 2022 թվականի փետրվարի 14-ից հետո 2023 թվականի մարտի 2-ի դրությամբ Ռուսաստանից ժամանած ու 2023թ․ մարտի 2-ի դրությամբ Հայաստանում գտնվող ու 28 և ավել օր Հայաստանում գտնված անձանց թվաքանակը (էկոնոմիկայի նախարարի կողմից հնչեցված ընդհանուր՝ 113 753 անձ, որից «յան» ազգանունով 64 862 անձ տվյալներ)»,- պարզաբանել են նախարարությունից՝ հավելելով, թե միգրացիայի ծառայության կողմից հրապարակված տվյալները ներառում են 2022թ․ հունվարի 1-ից մինչև 2022թ․ դեկտեմբերի 31-ը Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձանց կողմից Հայաստան մուտքի և ելքի բոլոր տվյալները (այդ թվում՝ միևնույն նույն անձի կողմից Հայաստան մի քանի անգամ մուտքի ու ելքի տվյալները)։

Փաստացի, թեև «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում Քերոբյանը տվյալ թվերը հնչեցրել էր 2022-ի համար, սակայն, ըստ պատասխանի, այն ներառում է նաև 2023-ի առաջին երկու ամիսների տվյալները։

Բացի այդ, էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանում 28 և ավելի օր գտնված անձանց, անգամ եթե նրանք արդեն մեկնել են, դասել է որպես մշտական բնակության տեղափոխվածներ։ Նշենք, որ ռելոկացիայի որևէ իրավական սահմանում չկա։

Էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվեցինք, թե ինչ հիմքով են 28 օր և ավել մնացածները համարվել որպես մշտական բնակություն հաստատածներ։ Պատասխանեցին, որ կամայական ընտրություն է եղել։ Կարող էր ընտրվել 20, 25 կամ 30, սակայն նախարարության մասնագետները կամայականորեն որպես հիմք ընդունել են 28 օրը։ Եվ եթե մեկը այստեղ մեկ ամիս մնալուց հետո մեկնել է, ապա ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով ներկայացվել է որպես մշտական բնակություն հաստատած։

Նշենք, որ Ռուսաստանի քաղաքացիները, ինչպես նաև մի շարք այլ երկրների քաղաքացիներ, իրենց անձնագրերով Հայաստանում կարող են գտնվել 180 օր՝ առանց որևէ թույլտվության։ ԵԱՏՄ քաղաքացիները Հայաստանում ազատված են աշխատանքի թույլտվություն և կացության կարգավիճակ ստանալու պահանջից։ Նրանք ստանում են միայն բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք, եթե նախատեսում են ՀՀ-ում գտնվել և աշխատել 180 օրը գերազանցող ժամանակահատվածով։

Միգրացիոն ծառայությունից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ 2022-ի ընթացքում բնակության օրինականությունը հաստատող տեղեկանք ստանալու նպատակով ստացվել է ՌԴ քաղաքացիների ընդամենը 6136 դիմում, որից 5770-ը ստացել է տեղեկանքը աշխատանքի հիմքով։

2022-ին նաև մեծապես աճել էր ՀՀ քաղաքացիության համար դիմած և ստացած ՌԴ քաղաքացիների թիվը։ Ըստ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության՝ 2022-ին ՀՀ քաղաքացիություն է ստացել 13 865 ՌԴ քաղաքացի, որոնցից ճնշող մեծամասնությունն ազգությամբ հայ են։

Այսպիսով, Հայաստանում ռելոկացված ՌԴ քաղաքացիների մասով Վահան Քերոբյանի հնչեցրած տվյալները միանշանակ չեն։ Փաստացի նախարարությունը 28 օր Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիներին ներկայացրել է որպես ՀՀ-ում մշտական բնակություն հաստատածներ, ինչը մանիպուլյատիվ է։

Մեկնաբանել