Լավրովը մանրամասնել է՝ իրավունքների ինչ փաթեթ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը

Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովը մանրամասնել է, թե որոնք են լինելու Ռուսաստանի գործողությունները՝ Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման համար։ Մարտի 20-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին նա ասաց, որ ռուսական կողմը մեծ հաշվով աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցմանը, այն է՝ անվտանգության երաշխիքների ու արցախցիների իրավունքների ապահովման հարցերը պետք է որոշվեն «Ղարաբաղի և Բաքվի ներկայացուցիչների միջև»։ Նա նաև օրինակներ բերեց, ասաց, որ նմանաբնույթ քննարկում գնացել է նաև Մինսկի պայմանավորվածություններում։

«Մենք աջակցում ենք Բաքվի և ԼՂ հայերի միջև անվտանգության երաշխիքների ու իրավունքների հարցով ՀՀ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը։ Այդպիսի օրինակներ կային Մինսկի համաձայնություններում՝ Արևելյան Ուկրաինայի բնակիչների վերաբերյալ։ Այդ իրավունքների մեջ մտնում են հարազատ լեզվի, կրթության իրավունքը, ապրելն ու աշխատելն այդ լեզվով, մշակույթը պահպանելը, կրոնը պահպանելը, տեղական ինքնակառավարում ունենալը, հատուկ տնտեսական ու առևտրային կապեր ունենալն իրենց հայրենակիցների հետ։

Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր։ Մոտավորապես, այդպիսի իրավունքներ են նախատեսվել 10 տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև ստորագրված համաձայնության մեջ՝ «Կոսովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների» ստեղծման մասին համաձայնագրով։ Ես կարծում եմ, որ ղարաբաղցիների համար անհրաժեշտ է մոտավորապես այդպիսի իրավունքների փաթեթ»,- ասել է Լավրովը։

Ի դեպ, դիվանագետը խուսափեց Լեռնային Ղարաբաղ եզրն օգտագործելուց՝ պարբերաբար կրկնելով Ղարաբաղ տեղանունը։

Մեկնաբանել