Մկրտիչ Կարապետյան
Երևանի կենտրոնում 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի թաղամաս) կառուցապատման ծրագրում ներառված ամենամեծ լոտերից երկուսի սեփականատերերի հետքը տանում է դեպի ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության մի անդամ։ Հասցեն, որտեղ բնակվում էր այդ անձը, ոչինչ չէր հուշում այն մասին, որ գործ ունենք Երևանի կենտրոնում կառուցապատմամբ հետաքրքրված մարդու տան հետ։ ՍիվիլՆեթը ներկայացնում է այս երկու լոտերի պատմությունն ու կապը «Հայրենիք»-ի հետ։
33-րդ թաղամասի կառուցման ծրագիրը մեկնարկել է դեռ 2006-ին՝ Երևանի կենտրոնի կառուցապատման ծրագրի շրջանակում։ Տարածքը նախատեսվում է բարեկարգել, կառուցել բազմաֆունկցիոնալ բնակելի ու հասարակական համալիրներ։ Թաղամասը ներառում է 5,5 հա տարածք։ Այն ունենալու է 85 մետր տրամագիծ ունեցող շրջանաձև հրապարակ, ստորգետնյա ավտոկայանատեղի։ Թաղամասը պարփակված է Տիգրան Մեծ, Խանջյան, Հանրապետության և Բուզանդ փողոցներով։ Ծրագիրը գնահատվում էր ավելի քան 300 մլն դոլար։ Կառուցապատողները խոստանում են պահպանել տարածքում գտնվող հուշարձան-շենքերը։ 2008-ին Ֆիրդուսիի տարածքը ճանաչվեց հանրային գերակա շահ, տարածքի ձեռք բերող հայտարարվեց «Սիթի սենթր դիվելոփմընթ» ընկերությունը, որը կապված է «Գլենդել հիլզ»-ի նախկին տնօրեն Էդուարդ Մելիքյանի հետ։
Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենքը սահմանում է, որ հանրային շահը չի կարող համարվել գերակա, եթե համապատասխան որոշման ընդունումից հետո յոթ տարվա ընթացքում ծրագիրը չի մեկնարկում։ Քանի որ յոթ տարի անց ծրագիրն իրականացված չէր, գործընթացը կանգ էր առել։ 2018-ին, սակայն, Ֆիրդուսիի տարածքի նոր իրացնող դարձավ «Դիանար» ՓԲԸ-ն։ Այս ընկերությունը նույնպես կապված է էդուարդ Մելիքյանի հետ։ 2018-ին կառավարության համապատասխան որոշմամբ տարածքը բաժանվեց 18 լոտերի, որոնց սեփականատեր դարձան Արևմտյան Հայաստանի տեղանուններով 18 ընկերություններ, ինչն ըստ էության նշանակում է, որ այդ ընկերություններն են ներգրավելու ներդրումներ ու իրականացնելու կառուցապատում։ Այդ 18 ընկերություններն այս կամ այն ձևով կապված էին «Դիանար»-ի կամ Էդուարդ Մելիքյանի հետ։ Վերջիններս սակայն հետզհետե սկսեցին օտարել այդ ընկերությունների բաժնեմասերն այլոց։
«Մանազկերտ քոնսթրաքշն». կապեր «Պատրոն Դավոյի» հետ
Ֆիրդուսի լոտերից մեկը բաժին է հասել «Մանազկերտ քոնսթրաքշն» ընկերությանը, որը հիմնադրվել է 2015-ին։ Այս լոտում են ներառված Ֆիրդուսի փողոցի ու Տիգրան Մեծի մի շարք հասցեներ։ Տարածքը հարակից է Տիգրան Մեծ փողոցին, գտնվում է Ֆիրդուսի թաղամասի խորքում։ Ընդհանուր առմամբ, լոտի մակերեսը ավելի քան 6 200 քմ է։ Կառավարության որոշմամբ արձանագրվել է, որ այս լոտում ներառված են պատմամշակութային հուշարձաններ՝ Տիգրան Մեծ 11 և 13 հասցեներում գտնվող բնակելի տները։
Ի սկզբանե «Մանազկերտ քոնսթրաքշն»-ի բաժնետերը վերը նշված «Դիանար» ընկերությունն էր, որը հետագայում բաժնեմասը փոխանցել է «էսթեյթ մենեջմենթ» ՍՊԸ-ին։ Այս ընկերությունը գրանցված է Երևանի Բագրատունյաց 73 հասցեում, որտեղ տեղակայված է գործարար Դավիթ Գալստյանին («Պատրոն Դավո») պատկանող «Նեյտրոն» գործարանը։ «Էսթեյթ մենեջմենթ»-ի 50 տոկոս բաժնեմասը պատկանում էր Հոնգ Կոնգում գրանցված «Մեգատորգ գրուպ լիմիտեդ»-ին, մյուս 50-ը՝ Ղազախստանի քաղաքացի Իգլիկ Ժալբիրովին։ «Մեգատորգ գրուպ լիմիտեդ»-ը Հայաստանում բաժնետեր է մեկ այլ ընկերությունում՝ հանձին «Նանո մեդիքլ էյ էմ»-ի, որը զբաղվում է նանոմանրաթելերի արտադրությամբ։ Որպես ընկերության հիմնադիր նշվել է հենց Դավիթ Գալստյանը։ Բացի վերը թվարկվածները, այլ փաստեր ևս կան, որ Գալստյանն առնչություն է ունեցել «Էսթեյթ մենեջմենթի»-ի հետ։
Ինչևէ, Գալստյանից հետո ընկերության բաժնեմասերը նորից անցել են Էդուարդ Մելիքյանին, որն անցած տարեվերջին այն փոխանցել է «Մ2» ՍՊԸ-ին։
«Մ2»-ը հիմնվել է դեկտեմբերին, դրանից անմիջապես հետո «Մ2»-ը «Մանազկերտ քոնսթրաքշն»-ի սեփականատեր է դարձել։ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 50 000 դրամ է, տնօրենն ու բաժնետերը նույն անձն է՝ Արթուր Հարությունյանը։ Նա բնակվում է Երևանի էրեբունի վարչական շրջանի Սուվորովի փողոցի տներից մեկում, հենց այդ հասցեում էլ գրանցված է «Մ2»-ը։
Հարությունյանը որևէ այլ ընկերությունում ո՛չ որպես տնօրեն, ո՛չ որպես բաժնետեր գրանցված չի եղել։ Որպես գործարար նրա կենսագրության մասին ոչինչ հայտնի չէ, ռեգիստրներում ևս առկա չէ տվյալ նրա այլ ընկերությունների մասին։ Սոցցանցերում որոնումները, սակայն, ցույց են տալիս, որ Հարությունյանը «Հայրենիք» կուսակցության ակտիվ անդամ է, լուսանկարներում նրան կարելի է տեսնել «Հայրենիք»-ի նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողքին, տարբեր ակցիաների ընթացքում բերման ենթարկվելուց հետո «Հայրենիք»-ի այլ անդամների հետ ոստիկանությունից դուրս գալու ժամանակ և այլն։ Հարությունյանը երևում է նաև 2021-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ձևավորված «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբում, «Հայրենիք» կուսակցության կողմից տարբեր միջոցառումներում և այլն։
Արթուր Հարությունյանին պատկանող «Մ2»-ը, բացի «Մանազկերտ քոնսթրաքշն»-ին պատկանող լոտը, ձեռք է բերել «Սասուն քոնսթրաքշն»-ը։ «Սասուն քոնսթրաքշն»-ին պատկանող տարածքը պարփակված է Տիգրան Մեծ – Խանջյան փողոցներով, մակերեսը ավելի քան 3700 քմ է։ Ընդհանուր առմամբ, երկու լոտերի մակերեսը միասին մոտ 10 000 քմ է։
Ինչպես «Մանազկերտ քոսնթրաքշն»-ի դեպքում, «Սասուն քոնսթրաքշն»-ում ևս բաժնեմասերի փոխանցման գործարքները նույնական են՝ դրանք անցել են մի ընկերության, որը գրանցված է Դավիթ Գալստյանի ընկերությունների հետ նույն հասցեում, ապա սեփականատեր է դարձել Էդուարդ Մելիքյանը, որն իր հերթին «Սասուն քոնսթրաքշն»-ի բաժնեմասն օտարել է «Մ2»-ին։ «Սասուն քոնսթրաքշն»-ի ձեռք բերած տարածքում ևս երկու պատմամշակութային հուշարձան կա՝ Տիգրան Մեծ 13 և 15 հասցեներում։
Հայրը տեղյակ չէ, որ որդին Երևանի կենտրոնն է կառուցապատելու
ՍիվիլՆեթն այցելեց Էրեբունի վարչական շրջանի Սուվորովի փողոցի այն հասցեն, որտեղ գրանցված է «Մ2» ընկերությունը և որտեղ բնակվում է Արթուր Հարությունյանը։ Բնակելի տան առնվազն արտաքին տեսքը ոչինչ չէր հուշում այն մասին, որ գործ ունենք Ֆիրդուսի կառուցապատմամբ հետաքրքրված անձի պատկանող տան հետ։ Տանը մեզ դիմավորեց Արթուր Հարությունյանի հայրը՝ Վելիխան Հարությունյանը։ Նա անակնկալի եկավ որդու բիզնես գործունեության մասին հարցից։ Ասաց, որ տեղեկություն չունի՝ որդին ինչով է զբաղվում և ինչ աշխատանք է կատարում։ Փոխանցեց՝ Արթուրն առավոտյան վաղ դուրս է գալիս տնից և ուշ գիշերը վերադառնում։
«Ինչքան գիտեմ բիզնեսով չի զբաղվում, առաջին անգամ եմ լսում։ Ես իր գործերից տեղյակ չեմ, երևի դուք ավելի լավ գիտեք, քան ես։ Ես իրեն չեմ տեսնում, ստացվի տեսնեմ՝ կփոխանցեմ, որ եկել էիք»,- ասաց նա։ Վելիխան Հարությունյանը նշեց, որ լուր չունի նաև Արթուր Հարությունյանի քաղաքական պատկանելության, կապերի մասին։ Արթուր Վանեցյանի հետ հնարավոր կապի մասին ասաց, թե Վանեցյանին միայն հեռուստացույցով է տեսել։
Արթուր Հարությունյանը տևական ժամանակ չպատասխանեց ՍիվիլՆեթի հեռախոսազանգերին։ Գրավոր հարցերով դիմեցինք Արթուր Վանեցյանին՝ ակնկալելով տեղեկություններ ստանալ կուսակցի գործունեության, 33-րդ թաղամասի կառուցապատման գործում իր հնարավոր մասնակցության մասին։
-Խնդրում ենք հայտնել, թե անձնական, գործնական, քաղաքական ի՞նչ հարաբերությունների մեջ եք Արթուր Վելիխանի Հարությունյանի հետ։
-Արթուր Հարությունյանը 2020 թ մայիսից հանդիսանում է «Հայրենիք» կուսակցության անդամ և կուսակցության ներքին կաուցվածքում որևէ կազմակերպական կամ ղեկավարման գործառույթներ ենթադրող լիազորություններով օժտված չէ։
-Հարությունյանը «Մ2» ՍՊԸ-ի հիմնադիրն ու բաժնետերն է, ընկերությունն իր հերթին բաժնետեր է Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագրում ընդգրկված 2 ընկերություններում։ Արդյո՞ք Ձեզ հայտնի են փաստեր Հարությունյանի բիզնես գործունեության մասին։
-Արթուր Հարությունյանի, ինչպես նաև «Հայրենիք» կուսակցության մյուս անդամների ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ կուսակցությունը տվյալներ չի հավաքագրում։
-Ունե՞ք ուղղակի կամ անուղղակի առնչությունը վերը նշված ընկերությունների կամ 33-րդ թաղամասի կառուցապատման հետ։ Կամ ունե՞ք այնպիսի փոխկապակցված անձինք, ովքեր առնչություն ունեն թաղամասի կառուցապատման հետ։
-Արթուր Վանեցյանը Արթուր Հարությունյանի հետ ձեռնարկատիրական գործունեությամբ պայմանավորված համագործակցություն չի իրականացնում ու վերջինիս հետ անձնական շփումներ չունի։ Արթուր Վանեցյանը որևէ առնչություն չունի 33-րդ թաղամասի կառուցապատման հետ։
Օտարվող տների սեփականատերերը չգիտեն՝ ով է Արթուր Հարությունյանը
Արթուր Հարությունյանին չեն տեսել ու նրա մասին չեն լսել նաև Ֆիրդուսի թաղամասի այն գույքերի սեփականատերերը, որոնց տները ճանաչվել են հանրային գերակա շահ ու անցել «Սասուն քոնսթրաքշն»-ին ու «Մանազկերտ քոնսթրաքշն»-ին։ Տարածքի բնակիչներից մեկն ասաց՝ իրենց գույքերը ձեռք բերելու ու կառուցապատում անելու համար ոչ ոք իրենց չի դիմել, միայն երեք-չորս տարի առաջ լսել էին, որ Ֆիրդուսի է եկել «Պատրոն Դավոն» իր ներկայացուցիչների հետ, շրջայց կատարել ու հեռացել։
Աշոտ Քոչարյանի տունը գտնվում է «Մանազկերտ քոնսթրաքշն»-ին հատկացված կառուցապատման գոտում՝ Տիգրան Մեծ 7 հասցեում։ Ասում է՝ իրենց ոչ ոք չի մոտեցել գույքի իրացման հարցերով։ Քոչարյանն ու նրա ընկերները տևական ժամանակ է՝ դատական վեճի մեջ են իրենց գույքերը հանրային գերակա շահ ճանաչելու որոշման գործով (դրան ՍիվիլՆեթն առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնա)։ «1920 թվականից պապս Գորի քաղաքից եկել է էստեղ, էս տունն առել է, 100 տարվա պատմություն ունեմ։ Ինձ համար պարզ չէ՝ եթե օտարում եք տարածքը, ինչո՞ւ այդ տարածքի բնակիչներին չեք օտարում։ Մենք կվերցնենք, կկառուցապատենք, կբարեկարգենք։ Ես մի անգամ մենակ «Սիթի սենթր դիվելոփմընթ»-ի ներկայացուցչին եմ տեսել, ասել՝ ախպեր ջան, ինձ ասեք՝ դուք ինձ ինչ գին եք առաջարկում իմ տան համար, որ ես ծափ տալով դուրս գամ։ Բայց դա կապ չունի, ես չեմ ուզում օտարել իմ տունը, իմ տան տեղը ինչի՞ պիտի մեկը գա, բիզնես դնի»,- դժգոհեց Ֆիրդուսի թաղամասի բնակիչը։
Քոչարյանն ասում է՝ Ֆիրդուսում գույքերի օտարումը որևէ ձևով չի կարելի մեկնաբանել որպես հանրային գերակա շահի համար կատարվող գործողություն՝ «մարդիկ պարզապես ուզում են փող լվանալ այնտեղ»։ Բնակիչների պահանջն է, որ իրենց գույքերը դուրս բերվեն հանրային գերակա շահով սահմանված գույքերի ցանկից, և/կամ կառավարությունը այդ գույքերի ձեռք բերող ճանաչի ոչ թե այլ ընկերությունների, այլ հենց իրենց։ Քոչարյանի խոսքով, մինչդեռ, կառավարությունն ուղղակի այլ մարդկանց է ուզում հանձնել իրենց տները։ Այժմ, Ֆիրդուսիի կառուցապատման աշխատանքները համակարգում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, և թաղամասի՝ հանրային գերակա շահ ճանաչելու դեմ հանդես եկող քաղաքացիների հիմնավորումներն ու բողոքները նրա սեղանին են։
Քաղաքաշինության կոմիտեից ՍիվիլՆեթին հայտնեցին՝ «Մանազկերտ քոնսթրաքշն» ու «Սասուն քոնսթրաքշնը» իրենց չեն ներկայացրել պետական համալիր փորձաքննության նախագծեր։ Քաղաքապետարանից տեղեկացրին՝ այս երկու ընկերությունների լոտերը ներառող տարածքներում սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը ապրիլի 16-ն է։