Քաղում ենք «նշաձողի իջեցման» պտուղները կամ ինչ ասաց Լավրովը

Մարտի 20-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց ավարտին նախարարները համատեղ ասուլիսով են հանդես եկել։ Ասուլիսի ընթացքում Լավրովը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել տարբեր օրակարգերի վերաբերյալ։

Միրզոյանի այցից առաջ ակնհայտ էր, որ Լավրովի հետ բանակցություններում առանցքային թեմաներից մեկը Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման հարցն էր լինելու։ Մոսկվան չէր թաքցնում, որ այդ որոշումը դիտարկում է որպես հակառուսական քայլ։ Այդ առումով Միրզոյանի առջև հավանաբար խնդիր էր դրվել համոզել ռուսական կողմին, որ Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման մեջ աշխարհաքաղաքական բաղադրիչ չկա և, որ այն կայունացնող գործոն է տարածաշրջանում։

Այնուամենայնիվ, ասուլիսի ընթացքում Լավրովի՝ այս թեմայով արած հայտարարությունները երկմտանքի տեղիք չեն տալիս։ Ռուսաստանի արտգործնախարարը, մասնավորապես, նշել է, որ Արևմուտքը Հարավային Կովկասում «դիվանագիտական ռեյդերությամբ» է զբաղվում՝ փորձելով իրենով անել Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները և կողմերի «գլխին փաթաթել» սեփական միջնորդությունը։

Լավրովը նաև հայտարարել է, որ Արևմուտքը փորձում է կռվեցնել Ռուսաստանին և Հայաստանին ու խարխլել անվտանգության ճարտարապետությունը տարածաշրջանում։ Ասուլիսի վերջում Ռուսաստանի արտգործնախարարը ուղիղ տեքստով ասել է, որ որևէ հնարավորություն ու անհրաժեշտություն չի տեսնում Հարավային Կովկասի հարցերով Արևմուտքի հետ երկխոսության զարգացման համար։

Այս բոլոր հայտարարություններից կարելի է եզրահանգել, որ Միրզոյանի այցի արդյունքում Մոսկվայի մոտեցումներում որևէ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Այդ առումով պետք է անկնալել Հայաստանի տարածքում Արևմուտք-Ռուսաստան մրցակցության շարունակություն, ինչը, անշուշտ, ապակայունացնող միտում է տարածաշրջանի համար։

Մյուս կարևոր հարցը, որը քննարկվել է Լավրով-Միրզոյան բանակցությունների ընթացքում, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումն էր։ Լավրովը այս թեմայով մեծ հաշվով կրկնել է այն հայտարարությունները, որոնք արել էր Բաքու կատարած այցի ընթացքում՝ նշելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնված պարտավորությունները պետք է կատարվեն։ Լավրովը սակայն շեշտել է, որ կողմերը պետք է կատարեն իրենց պարտավորությունները և, որ ամեն կողմ ունի իր պարտավորությունները։

Երկու կողմերի շեշտադրմամբ Լավրովը փաստացիորեն ընդունում է Լաչինի միջանցքում թափանցիկության ապահովման ադրբեջանական պահանջը։ Այս պահանջը իր վերջին հարցազրույցներից մեկում լեգիտիմ էր անվանել նաև Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Ի հեճուկս այն հանգամանքին, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ոչ մի խոսք չկա Լաչինի միջանցքում թափանցիկության ապահովման անհրաժեշտության մասին, Ադրբեջանը իր ագրեսիվ գործողություններով կարողացել է այս հարցի շուրջ սեփական պատկերացումները պարտադրել միջնորդներին։

Ռուսաստանը առաջարկում է Լաչինի միջանցքում թափանցիկության ապահովման խնդիրը լուծել ռուսական խաղաղապահների անցակետերում սկաներների տեղադրման միջոցով։ Մոսկվան սա է համարում Լաչինի միջանցքի ճգնաժամի հանգուցալուծման փոխզիջումային տարբերակ։ Այնուամենայնիվ, Բաքուն շարունակում է այս հարցում առավելապաշտական մոտեցում ունենալ և պահանջում է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետերի տեղադրում, ինչը փաստացիորեն կզրկի Արցախը Հայաստանին կապող ճանապարհը միջանցքի կարգավիճակից։

Միրզոյանի հետ ասուլիսի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարի կողմից հնչեցված ամենաուշագրավ հայտարարությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ բանակցություններին։ Լավրովը հայտարարել է, որ աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքների և նրանց իրավունքների ապահովումը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կայանալիք բանակցություններում։ Նա նաև նշեց, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինչ հնարվոր տարբերակներ կարող լինել։

«Այդպիսի օրինակներ կային Մինսկի համաձայնություններում՝ Արևելյան Ուկրաինայի բնակիչների վերաբերյալ։ Այդ իրավունքների մեջ մտնում են հարազատ լեզվի, կրթության իրավունքը, ապրելն ու աշխատելն այդ լեզվով, մշակույթը պահպանելը, կրոնը պահպանելը, տեղական ինքնակառավարում ունենալը, հատուկ տնտեսական ու առևտրային կապեր ունենալն իրենց հայրենակիցների հետ։ Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր։ Մոտավորապես, այդպիսի իրավունքներ են նախատեսվել 10 տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև ստորագրված համաձայնության մեջ՝ «Կոսովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների» ստեղծման մասին համաձայնագրով։ Ես կարծում եմ, որ ղարաբաղցիների համար անհրաժեշտ է մոտավորապես այդպիսի իրավունքների փաթեթ»,- ասել է դիվանագետը։

Հատկանշական է, որ Լավրովը իր խոսքի այս հատվածում հիշատակել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի կողմից 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հաստատման փաստը։

ՌԴ արտգործնախարարի այս հայտարարությունը նշանակում է, որ Մոսկվան արդեն ուղիղ տեքստով խոսում է Ղարաբաղյան կարգավորման հարցում մոտեցման փոփոխության մասին։ Ինչպես հայտնի է, նախորդ տարվա կեսերին Ռուսաստանը կողմերին էր ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագիծ, որի գլխավոր մեխը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի սառեցումն էր։

Այնուամենայնիվ, Ադրբեջանի համար այդ դրույթը անընդունելի էր, և Բաքուն մերժել էր ռուսական առաջարկները։ Լավրովը այս հայտարարությամբ, ինչպես նաև Ալմա Աթայի հռչակագրի հիշատակմամբ Բաքվին սեփական մոտեցումները պարտադրելու անկարողությունը փորձում է արդարացնել ու բացատրել Հայաստանի կողմից նախորդ տարվա հոկտեմբերին Պրահայում ստորագրված հայտարարությամբ, որով համաձայնություն էր ձեռք բերվել Ալմա Աթայի հռչակագիրը, այսինքն ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած վարչական սահմանները հիմք ընդունել խաղաղության պայմանագրի ու դելիմիտացիայի գործընթացի համար։

Դիրքորոշման այս փոփոխությամբ Ռուսաստանը մի կողմից փորձում է պահպանել միջնորդական իր դերն այս օրակարգում։ Մյուս կողմից, Մոսկվայում լավ հասկանում են, որ նույնիսկ պայմանական «Մինսկի համաձայնությունները» ղարաբաղյան համատեքստում ևս ընդունելի չեն լինելու Բաքվի համար և նպաստելու են ստատուս-քվոյի պահպանմանը գետնի վրա։

Ընդհանուր առմամբ պետք է արձանագրել, որ միջնորդների մոտ այսօրինակ մոտեցումների ձևավորումը իրոք վերջին տարվա ընթացքում Հայաստանի կառավարության վարած քաղաքականության հետևանքն է։ Արևմտյան միջնորդների պատկերացումները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ շատ չեն տարբերվում Լավրովի հնչեցրած մոտեցումներից։ Ակնհայտ է, որ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման որոշումը պարզապես չէր կարող այլ վերջնարդյունք ունենալ։ Այժմ մենք քաղում ենք այդ քաղաքականության պտուղները։

Մեկնաբանել