Ո՞վ է մերժել 2020-ի հոկտեմբերին պատերազմի դադարեցման առաջարկը. Գագիկ Մելքոնյանը սխալվում է

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Գագիկ Մելքոնյանը մարտի 21-ին 24News.am-ի հետ զրույցում պնդել է, թե 2020-ի հոկտեմբերի կեսերին, երբ ռուսական կողմը պատերազմը դադարեցնելու առաջարկ էր արել, այն մերժել է ադրբեջանական կողմը։

«Երբ որ մերոնք արդեն համաձայնվում են, որ պատերազմն ավարտվի, Պուտինը դիմում է Ալիևին և Ալիևն ասում է՝ ոչ, չի լինելու […] Մերոնք համաձայնվել են հոկտեմբերի 17-ին ու Ալիևը չի համաձայնել»,- նշել է Մելքոնյանը՝ կրկին պնդելով, թե Պուտինը չի կարողացել Ալիևին համոզել, որ վերջինս պատերազմը կանգնեցնի։

Մելքոնյանի այս հայտարարությունը տարածել են նաև auroranews.am և meganews.am կայքերը։

Մելքոնյանի հայտարարությունը հերքվում է

2020-ին հոկտեմբերին պատերազմը դադարեցնելու ստեղծված հնարավորության հարցը պարբերաբար շահարկվում է։ Սակայն դրա մասին շատ հստակ և մանրամասներով խոսել են ինչպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այսպես, 2020-ի նոյեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-20-ին, երբ Ադրբեջանի բանակը գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատված, իրեն հաջողվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզել դադարեցնել ռազմական գործողությունները։ Ալիևի կողմից պարտադիր պայման էր հնչեցվել, որ պետք է իրականացվի փախստականների վերադարձ, այդ թվում՝ Շուշի։

«Ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումն այնպես ձևակերպվեց, որ դա նրանց համար անընդունելի է։ Եվ վարչապետ Փաշինյանն ինձ ուղիղ ասաց, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար։ Ինձ համար հիմա էլ այնքան էլ հասկանալի չէ, թե որն էր այդ սպառնալիքը: Ենթադրվում էր, որ խաղաղ բնակիչները կվերադառնան Շուշի, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը Ղարաբաղի տարածքի այդ մասի նկատմամբ, ներառյալ Շուշին, և նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը, որոնց մասով մենք արդեն այդ ժամանակ պայմանավորվել էինք Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- ասել էր ՌԴ ղեկավարը՝ հավելելով, որ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը չի կարող դրան գնալ և շարունակելու է պայքարը։

Վլադիմիր Պուտինի հայտարարությունը՝ պատերազմն ավելու շուտ դադարեցնելու և փաստացի ավելի քիչ զոհեր տալու ու տարածքներ կորցնելու մասով, մեծ արձագանք ստացավ Հայաստանում։

Ի վերջո, Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 29-ին Ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց՝ մանրամասն ներկայացնելով հոկտեմբերի 19-20 տեղի ունեցած զրույցների, հանդիպումների բովանդակությունը և բացատրելով, թե ինչու չի համաձայնել այդ ժամանակ գնալ համաձայնության։

«Նաև՝ պետք է հայկական կողմը պարտավորություն վերցնի, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի: Այսպես՝ հրադադարը դարձավ անհնարին, որովհետև ասացի, որ եթե անգամ Հադրութի հարցով համաձայնեմ, չեմ պատկերացնում Շուշին Ադրբեջանին հանձնելու հնարավորությունը: ՌԴ նախագահը զարմացավ, թե ինչու եմ դեմ ադրբեջանցիների՝ Շուշի վերադառնալու տարբերակին: Երբ ներկայացրի փաստարկներս, ասաց, որ տրամաբանական է, և ինքը լավ տեղեկացված չէր որոշ նրբությունների: Խնդիրն այն էր, որ այդ պարագայում Շուշին 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն պետք է ունենար, որոնք պիտի վերահսկեին դեպի Ստեփանակերտ ճանապարհը»,- գրել էր Փաշինյանը։

Այսպիսով, Գագիկ Մելքոնյանի պնդումը, թե 2020-ի հոկտեմբերի կեսերին ռուսական կողմի առաջարկը պատերազմը դադարեցնելու մասին մերժվել է Ալիևի կողմից, չի համապատասխանում Պուտինի և Փաշինյանի հայտարարություններին։

Մեկնաբանել