Գագիկ Խաչատրյանը վատառողջ է. դատական նիստը հետաձգվեց

Գևորգ Թոսունյան

Երևան քաղաքի դատարանում մարտի 22-ին պետք է տեղի ունենար Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով նիստը, որը, սակայն, հետաձգվեց Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի պատճառով։

Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին տեղեկացրեց, որ մարտի 2-ին իր պաշտպանյալը սուր ցավերով դիմել է բժշկական կենտրոն, անցել հետազոտություն, հիվանդությունը ախտորոշվել է։

«Ենթաստամոքսային գեղձում որոշ խնդիրներ են առաջացել այս ընթացքում»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ Խաչատրյանը տևական ժամանակ պետք է բժշկական օգնություն ստանա։

Մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը խնդրեց համապատասխան փաստաթղթերը նաև իրեն ներկայացնել։ Նա, սակայն, անհիմն համարեց պաշտպանի դիտարկումը, որ ամբաստանյալը պետք է տևական ժամանակ բժշկական օգնություն ստանա։ «Պաշտպան Երեմ Սարգսյանը բավականաչափ բժշկական գիտելիքներ չունի, որ կարողանա նման եզրահանգումներ անել, իսկ քրեական գործի ժամանակ նշանակված դատաբժշկական փորձաքննությունները ցույց են տվել, որ Գագիկ Խաչատրյանը արգելանքի տակ գտնվելու ընթացքում ստացել է պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում»,- նշեց Սարգսյանը։

Նկատի ունենալով, որ Խաչատրյանը ներկա չէ՝ նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանը որոշեց նիստը հետաձգել՝ հաջորդ նիստը նշանակելով ապրիլի 17-ին։

Նիստին չէր ներկայացել «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, որն ունի վկայի կարգավիճակ։

Գործը դատարանում քննվում է 2020-ի օգոստոսից։

***

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008-2016-ը, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի և ֆինանսների նախարարի պաշտոնները և լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79 մլրդ ՀՀ դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված Հիդրոապարատ ԲԲ ընկերության 132 615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34 մլն ՀՀ դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի»-ի ազատումը 5 մլն եվրոյին համարժեք 2,6 մլրդ ՀՀ դրամ ներդրում կատարելու պարտավորությունից»:

Ըստ մեղադրանքի՝ «նշված գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է 34,3 մլն ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2,6 մլրդ ՀՀ դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ»:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Պետական եկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանին։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել