Ծառահատված Երևանը․ Երևանի երեք այգիները

Երևանում այգիների վարձակալության գործընթացն իրականացվել է երեք փուլով։ Առաջին փուլը 1990-ականներին էր, երկրորդը՝ Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի պաշտոնավարման ընթացքում էր (2003-2009թթ․), երրորդը Տարոն Մարգարյանի՝ (2011-2018թթ․): Մյուս քաղաքապետերի օրոք էլ կնքվել են վարձակալության պայմանագրեր, բայց «առյուծի» բաժինը հենց այս երկուսին է հասնում։ Ըստ Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի՝ 2015-ին Երևանում արձանագրվել է ընդհանուր առմամբ 6,760 հա մակերեսով կանաչ տարածք (մակերեսի 30,3%-ը)։ «Ծառահատված Երևանը» հոդվածաշարի հերթական մասում ՍիվիլՆեթը ստացել և վերլուծել է Օղակաձև զբոսայգու վեցերորդ գոտու, «Արաբկիր» մանկական այգու և Կոնսերվատորիայի դիմացի այգու վարձակալության պայմանագրերը։

Այս վարձակալության պայմանագրերի գերակշիռ մասը բաժին է հասնում Տարոն Մարգարյանի պաշտոնավարման՝ 2016-2017 ժամանակահատվածին։

Մեր ուսումնասիրությունը նախ և առաջ թույլ է տալիս եզրահանգել, որ Երևանի քաղաքապետարանում իրականացվել է պայմանագրերի հավաքագրման թերի աշխատանք։ Մենք քաղաքապետարանից խնդրել էինք տրամադրել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում վարձակալության պայմանագրերը։ Մեզ տրամադրեցին 4 վարչական շրջանների այգիների փաթեթները՝ պնդելով, որ վարչական շրջաններից մի մասի այգիներում վարձակալված տարածքներ չկան։ Քաղաքապետարանում առկա պայմանագրերից որոշները գրեթե ընթեռնելի չեն։

Թեև Երևանում 2021-ից փուլային կերպով բարձրանում է գույքահարկը, սակայն վարձակալության պայմանագրերի վերանայման աշխատանքներ չեն իրականացվել։ Քաղաքային իշխանությունը չունի հստակ ռազմավարություն՝ ապագայում այգիների վերաբերյալ, բացակայում են ինչպես բարեկարգման, այնպես էլ ներդրումների հաստատման չափորոշիչները։ Հրապարակային չէ նոր պայմանագրեր կնքելու ընթացակարգն ու քաղաքականությունը։

Երևանի քաղաքապետարնից խնդրել էինք հստակեցնել, իսկ առկայության դեպքում՝ տրամադրել Երեւանի այգիների զարգացման, բարեկարգման ռազմավարությունը։ Մեզ տեղեկացրել էին, որ «2023-2028-ի համար այս տարվա ընթքացքում մշակվելու է Երևան քաղաքի զարգացման հնգամյա ծրագիր, որում կընդգրկվեն նաև առաջիկա հինգ տարիներին նախատեսվող կանաչ տարածքների վերականգնման աշխատանքները»։

ՍիվիլՆեթը վերլուծել է վարձակալության 22 պայմանագիր։ 99 տոկոսի դեպքում կանաչապատման ու բարեկարգման հստակ մեխանիզմներ չկան, միայն 2003-ին Օղակաձև զբոսայգու վեցերորդ գոտու վարձակալ Պավել Դարագադյանի հետ 25 տարով կնքված պայմանագիրն է, որ հստակ չափորոշիչներ ու պարտավորություններ է նախատեսում վարձակալության, ինչպես նաև սանիտարական մաքրման համար։

Քաղաքային իշխանությունները շատ դեպքերում կաշկանդված են լուծել ժամկետանց պայմանագրերն ու ազատել հողակտորները շինություններից, քանի որ Քաղաքացիական օրենսգրքով վարձակալության ժամկետի ավարտից հետո այն գործում է, եթե վարձակալը շարունակում է մուծումներ անել։ Մյուս կողմից, եթե վարձակալը առարկում է տարածքի ապամոնտաժմանը, քաղաքապետարանը ստիպված է երկար ձգվող դատական գործընթացների միջով անցնել՝ ազատելու համայնքային տարածքը։

Ընդ որում, պետք է արձանագրել, որ այս խնդիրը պայմանավորված է ոչ թե քաղաքային որևէ իշխանության գործողություններով, այլ նախկինից ժառանգած պրակտիկայով։

ՍիվիլՆեթը Երևանի քաղաքապետարանից նաև հետաքրքրվեց, թե վերջին երկու տարում որքան գումար է ստացվել մայրաքաղաքի այգիների՝ վարձակալության տված հողամասերի վարձավճարներից։ Ըստ գրավոր պատասխանի՝ մայրաքաղաքի 8 վարչական շրջաններում (Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Շենգավիթ, Դավթաշեն, Նորք-Մարաշ, Ավան, Նուբարաշեն) վարձակալության հանձնված այգիներ չկան: Մյուս վարչական շրջաններում այգիների վարձակալությունից ստացված միջոցները գումարային տեսքով հետևյալն են՝ Արաբկիր՝ 19,6 մլն դրամ, Կենտրոն՝ 630,4 մլն դրամ, Էրեբունի՝ 1,2 մլն դրամ և Քանաքեռ-Զեյթուն՝ 9,3 մլն դրամ։

Օղակաձև զբոսայգու վեցերորդ գոտու վարձակալները

Օղակաձև զբոսայգին, ըստ թամանյանական մտահղացման, պետք է սկսվեր Կոնդից ու ավարտվեր Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկում։ Զբոսայգու վեցերորդ գոտին սկսվում է Վարդանանց-Խանջյան խաչմերուկից ու ավարտվում Տիգրան Մեծ-Խանջյան հատվածում։ Ընդհանուր մակերեսը 8 հեկտար է։ Ըստ կադաստրային քարտեզի՝ այգու տարածքից մնացել է կեսը՝ 4 հեկտար, մնացած տարածքը տրամադրված է վարձակալության։ Առանձնացվել են շուրջ 30 փոքր և մեծ կտորներ։

Այս հատվածում վարձակալության գործընթացը սկսվել է 2000-ի սկզբին։ Ի սկզբանե վարձակալության էին տրամադրվում 20 քմ մակերեսով հողամասեր՝ 15 տարի ժամկետով։ Հետագայում վարձակալներն ընդլայնել են տարածքները։ Առաջնային վարձակալների շարքում տեսնում ենք, օրինակ, այդ ժամանակ ՕԵԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին 23,5 տոկոսով պատկանող «Դերժավա-Ս» ՓԲԸ-ի տարածքը։ Հետագայում պայմանագիրը լուծվել է։

Օղակաձև զբոսայգու վեցերորդ գոտում ամենամեծ կտորը 2017-ին վարձակալել է «Սկոբ» ՍՊԸ-ն մինչև 2032-ը։ Հողամասը կազմված է 7102,99 քմ մակերեսից։ Այստեղ գործում է «Լունա-պարկ» հանգստի գոտին։ 111,54 քմ մակերեսով սրճարանի տարեկան վարձավճարը 435 հազար դրամ է, տաղավարինը (103,46 քմ)՝ 201,7 հազար դրամ, իսկ շուրջ 6 900 քմ կանաչապատ տարածքինը՝ 8 մլն դրամ։ Այս ընկերության միակ բաժնետերը ռուսաստանաբնակ գործարար Ռուդիկ Կասյանն է։ Նա նման բիզնես ունի նաև Ռուսաստանում։

«Լունա-պարկ»-ի հարակից հատվածում՝ դեպի Տիգրան Մեծ պողոտա՝ Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին վարձակալությամբ տրամադրված տարածքն է, այն վարձակալության է տրամադրվել 2017-ին Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ընթացքում։ Հողամասի ընդհանուր մակերեսը 668,35 քմ է։ Ամենախոշորը 434,57քմ մակերեսով սրճարանն է, որի տարեկան վարձավճարը կազմում է 1,6 մլն դրամ, ընդհանուր վարձավճարը կազմում է շուրջ 2 մլն դրամ, այսինքն՝ ամսական 166 հազար դրամ։ Վարձակալության իրավունքի ժամկետը, ըստ պայմանագրի, եղել է մինչև 2021-ի վերջը։ Կադաստրի կոմիտեից ձեռք բերած տեղեկանքի համաձայն՝ 2018-ի հուլիսի 30-ին վարձակալության սուբյեկտն է եղել «Քուին Բուրգեր» ՍՊԸ-ն, այս տարվա փետրվարի 3-ին Սուքիասյանների անունով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունք է գրանցվել։ Հողամասի վրա կա երկու շինություն՝ սրճարան ու ենթակայան, որոնք Սուքիասյանների ընդհանուր բաժնային սեփականությունն են։ Այս իրավունքի գրանցումը ևս կատարվել է փետրվարի 3-ին։

Հաջորդ խոշոր տարածքը, որը «Լունա-պարկի» մյուս հատվածում է, «Արիման» ՍՊԸ-ն է վարձակալել 2016-ին։ Այստեղ առկա է սրճարան, որը վարձակալվում է տարեկան շուրջ 2,2 մլն դրամով (555.49 քմ), մոտ 20 քմ տաղավար՝ 35 հազար դրամով, իսկ 1572 քմ բարեկարգ տարածքը՝ 1,8 մլն դրամով։ Պայմանագիրը գործում է մինչև 2027-ի ապրիլը։

«Արիման» ՍՊԸ-ի դիմաց՝ Խանջյան փողոցի 2/9 հասցեում, ընդհանուր 356,88 քմ մակերեսով հողամասը 2016-ին վարձակալության է հանձնվել ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Խոլորձ» ՍՊԸ-ին՝ մինչև 2030-ը։ Ուշագրավ է, որ Տարոն Մարգարյանը իր պաշտոնանկությունից մեկ ամիս առաջ՝ 2018-ի հունիսին, համաձայնագիր էր ստորագրել ընկերության հետ՝ ժամկետը երկարացնելով մինչև 2040-ը։ Ըստ պայմանագրի՝ հողամասից 237,77 քմ մակերեսով սրճարանը տարեկան վարձակալվում է 927 հազար դրամով, 30,35 քմ մակերեսով տաղավարը՝ 59 հազար դրամով, իսկ 88,76 քմ մակերեսով կանաչապատ տարածքը՝ 103 հազար դրամով։ Այսինքն, ընդհանուր 1 մլն 90 հազար դրամ, ամսական 356,88 քմ մակերեսով տարածքի համար վճարվում է մոտ 91 հազար դրամ։ «Խոլորձ» ՍՊԸ-ի միակ բաժնետերը 2014-ից մինչև 2018-ի հունիսը եղել է Էդգար Անտոնյանը, որը տնօրինում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող տարբեր ընկերությունների բաժնեմասերը։ Ներկայում բաժնեմասը փոխանցվել է Նարեկ Անտոնյանին։

Խանջյան 4 հասցեում է 2017-ից «Հ.Ա.Հ» ՍՊԸ-ին վարձակալության հիմունքներով տրամադրված հողամասը՝ 356,66 քմ մակերեսով։ Տարեկան վարձավճարը 179,48քմ սրճարանի դեպքում՝ շուրջ 700 հազար դրամ, 29.89 քմ տաղավարի՝ 58 հազար դրամ, իսկ 147.29 քմ-ով բարեկարգ ու կանաչապատ տարածքի՝ 172 հազար դրամ։ Այսինքն՝ 356,66 քմ հողամասը վարձակալվում է տարեկան 930 հազար, իսկ ամսական՝ 77,5 հազար դրամով։ Վարձակալության իրավունքը գործում է մինչև 2050-ը։ Այս ընկերության բաժնետերերը քույրեր Արմինե և Հասմիկ Հովսեփյաններն են։ Պայմանագրի կնքման ժամանակ բաժնետեր է եղել նաև Հովհաննես Հովսեփյանը․ ըստ ամենայնի նա վերջիններիս եղբայրն է (չշփոթել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հետ)։ Ըստ 2017-ի պաշտոնական փաստաթղթերից մեկի՝ Հովհաննես Հովսեփյանը պաշտոն է զբաղեցրել ՀՀ ԿԱ քաղաքաշինության կոմիտեում։

Մի փոքր վերև ենք բարձրանում և Խանջյան 6 հասցեում 1013,96 քմ մակերեսով «Վի գրուպ»-ի վարձակալած տարածքն է։ Պայմանագիրը կնքվել է 2016-ին և գործել մինչև 2021-ը։ Ներկայում տարածքը ապամոնտաժված է։ Այս ընկերությունը փոխկապակցված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Գագիկ Խանդանյանի ընտանիքի հետ։

Կրկին 2017-ին, այս անգամ՝ Խանջյան 6/6-ում, 170 քմ մակերեսով հողամասը տրամադրվել է «Սերաբել» ՍՊԸ-ին, որից 40,89 քմ-ն՝ հասարակական տաղավար։ «Սերաբել» ՍՊԸ-ի սեփականատերը այդ տարիներին եղել է Բելլա Ստեփանյանը, իսկ 2020-ի օգոստոսից՝ Աշոտ Ղազարյանը (չշփոթել դերասան Աշոտ Ղազարյանի հետ)։ Նրանք նույն հասցեում են գրանցված, ըստ ամենայնի, ամուսիններ են։ Աշոտ Ղազարյանը նաև քաղաքապետարանի աշխատակից է եղել։ Ըստ քաղաքապետարանից ստացված տեղեկատվության՝ նա 2001-2005-ին եղել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի տնօրենը, իսկ 2005-2020-ին ղեկավարել է Երևանի քաղաքապետարանի «Գերատեսչական շենքերի պահպանման և շահագործման» ՓԲԸ-ն։ Այստեղ ևս տարածքը ազատվել է։

Օղակաձևի 6-րդ գոտում 450 քմ մակերեսով տարածք է 2015-ին վարձակալության հանձնվել Սարգիս Հակոբյանին, նա էլ իր հերթին վարձակալության իրավունքը փոխանցել է Էդգար Ճաղարյանին։ Ճաղարյանը մինչև 2021-ը զբաղեցրել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնը։ Նրա՝ ինչպես 2019-ի, այնպես էլ 2020-ի հայտարարագրերում նշում չկա այս տարածքի մասին։ Տարածքի վարձակալության պայմանագիրը ավարտվել է 2020-ի դեկտեմբերին։

Կոնսերվատորիայի դիմացի այգու վարձակալը

Կոնսերվատորիայի դիմացի հողատարածքը 2017-ին վարձակալության է հանձնվել «Պայծառ երազ» ՓԲԸ-ին՝ մինչև 2030-ի ավարտը։ Ընդհանուր մակերեսը 10 090.31 քմ է։ Այստեղ վարձակալության իրավունք է տրամադրվել սրճարանի համար, որի մակերեսը, ըստ պայմանագրի, 405,16 քմ է, տարեկան վարձավճարը 2,4 մլն դրամ, այսինքն՝ ամսական 200 հազար դրամ, իսկ 9685,15 քմ հատվածի վարձավճարը տարեկան 17,4 մլն դրամ է, ամսական 1,4 մլն դրամ։ Ներկայում շինությունները քանդված են։

Երևանի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ վարձակալության պայմանագիրը ներկայում էլ գործում է։ Ըստ քաղաքապետարանի պարզաբանման՝ գերատեսչությունն ապամոնտաժել է կրպակներ, որոնք կապ չեն ունեցել պայմանագրի հետ, այսինքն՝ անօրինական են տեղադրված եղել։ Կրպակը ապամոնտաժվել է, քանի որ վարձակալության պայմանագրով նախատեսված հատվածում տեղադրված չի եղել։

Կոնսերվատորիայի դիմացի այգին

«Արաբկիր» մանկական այգու վարձակալները

2018-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Արաբկիր» մանկական այգու՝ Կոմիտասի պողոտա 56/4 հասցեի 600քմ հողամասը վարձակալության է տրամադրել Լևոն Մարգարյանին։ Սրճարան ու բարեկարգ գոտի ունեցող տարածքի ընդհանուր տարեկան վարձավճարը կազմել է շուրջ 701 հազար դրամ, այսինքն՝ ամսական 58,4 հազար դրամ։ Վարձակալության պայմանագիրը գործում է մինչև 2029-ի օգոստոսի 4-ը։

Լևոն Մարգարյանը գործարար է։ Նա 35 տոկոս բաժնեմաս ունի «Ձյունիկ տերմինալ» ՍՊԸ-ում։ Ըստ կադաստրի կոմիտեի տվյալների՝ այս հատվածում երեք իրավունք է գրանցված, երկուսը՝ Շուշաննա Հովհաննիսյանի անվամբ, մեկը՝ «Տասներորդ մոլորակ» ՍՊԸ-ի, որը պատկանում է Հովհաննիսյանին։ Շուշաննա Հովհաննիսյանը Լևոն Մարգարյանի դուստրն է։

Մոտակայքում Անդրանիկ Մխիթարյանին վարձակալությամբ տրամադրված 159քմ մակերեսով տարածքն է։ Վարձակալության պայմանագիրը կնքվել է 2003-ին՝ 10 տարի ժամկետով, հետագայում երկարաձգվել է մինչև 2016-ը։ Անդրանիկ Մխիթարյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Մխիթարյանի եղբայրն է։

Այստեղ տեսնում ենք նաև Արաբկիրի նախկին դատախազ Ալեքսան Ալեքսանյանի դստերը՝ Աննա Ալեքսանյանին վարձակալությամբ տրամադրված տարածքը՝ 76քմ մակերեսով։

Զբոսայգում գտնվող «Ազնավուր» սրճարանը, որն ըստ կադաստրային թղթերի ու վարձակալության պայմանագրի՝ 114քմ է, սակայն իրականում զբաղեցնում է 300քմ տարածք ի սկզբանե պատկանել է «Պրագա-30» ՍՊԸ-ին: Այս ընկերությունը վարձակալության պայմանագիրը կնքել է 2005-ի մարտին, ըստ այդ պայմանագրի տարեկան վարձավճարը կազմել է շուրջ 19 հազար դրամ, ամսական՝ 1 600 դրամ, պայմանագրի ժամկետը, սակայն, ավարտվել է, այն կնքվել էր 3 տարի ժամկետով։ Նույն տարվա սեպտեմբերին սրճարանը վարձակալը վաճառել է Նինա Մաղաքյանին՝ 69 մլն դրամով։ «Ազնավուր» սրճարանն ամենահինն է այս տարածքում․ ընկերությունը տարիներ շարունակ փորձում է օրինականացնել սրճարանը։ Բացի այդ, ընկերությունն իր տարածքում գտնվող ծառերը չի հատել և խնամում է դրանք։

Գեղամ Կարապետյան, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գեղամ Կարապետյանի խոսքով՝ Մանկական այգում բավականին խճճված իրավիճակ է ստեղծվել։ Դեռևս 2019-ին Հետքի հոդվածներից մեկի հիման վրա, որտեղ մեկնաբանություն էր տվել նախկին թաղապետը, հարուցվել էր քրեական գործ։ Մյուս կողմից, այս այգում կան երեք կատեգորիայի վարձակալության սուբյեկտներ. «Սուբյեկտներ, որոնց վարձակալության պայմանագրերը ժամկետների մեջ են, սուբյեկտներ, որոնց վարձակալության պայմանագիրը լրացել է, բայց դեռ լուծված չէ, իսկ երրորդը՝ընդհանրապես փաստաթուղթ չունեն։ Ընդ որում, այս վերջին սուբյեկտների դեպքում շինությունները կառուցվել են դեռևս 1999-2002-ին։ Այսինքն՝ վաղեմություն ունեն, կոնկրետ մեկը «Ազնավուր» սրճարանն է։ Այն դիմում է ներկայացրել քաղաքապետարան, որպեսզի օրինականացվի»,- ասաց Կարապետյանը։

«Գրիգոր 2-Ա» ՍՊԸ-ի դեպքում էլ փետրվարի 3-ից դատական վեճ է ընթանում։ Համայնքապետարանը ցանկանում է պայմանագիրը լուծել ու ապամոնտաժել տարածքը, իսկ ընկերությունը՝ կնքել 64քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր։

Կարապետյանն ասում է, որ Արաբկիրի Մանկական այգու այն հատվածը, որտեղ չկան վարձակալած տարածքներ, բարեկարգվել ու կանաչապատվել է։ «Վստահորեն կարող եմ ասել, որ այգում եղածը միայն ապամոնտաժվելու է, լրացուցիչ տարածքներ չեն հատկացվի»,- ամփոփեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել