Վահագն Ալեքսանյանը սխալվում է. Մոնումենտի առանձատունն այլևս Հովիկ Աբրահամյանին չի պատկանում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մարտի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, թե սխալ են մամուլի հրապարակումները այն մասին, որ ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի Երևանի Ազատության պողոտայի 1/6 հասցեում գտնվող առանձնատունը վաճառվել է ու այլևս նրան չի պատկանում։

Լրագրողների դիտարկմանը, որ տվյալ առանձատունը Հովիկ Աբրահամյանին այլևս չի պատկանում, Ալեքսանյանը հակադարձեց. «Չէ, սխալվում եք, պատկանում է։ Մամուլը սխալ գրեց, ինչպես հաճախ անում է։ […] Ես ճշտել եմ, պատկանում է [Հովիկ Աբրահամյանին – խմբ.]»,- ասել է Ալեքսանյանը։

ՍիվիլՆեթը 2022-ի մարտին պարզել էր, որ Հովիկ Աբրահամյանը Երևանի Ազատության պողոտայում գտնվող իր շքեղ առանձնատունը վաճառել է՝ չնայած, որ այն մինչ այդ արգելանքի տակ էր։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանի պնդումը, թե առանձնատունը շարունակում է պատկանել Հովիկ Աբրահամյանին։

Պատգամավորը սխալվում է, առանձնատան սեփականատերը փոխվել է

Տան վաճառքի փաստը հաստատվել էր ինչպես կադաստրային փաստաթղթերով, այնպես էլ տարբեր մարմինների կողմից։ Այն բուռն քննարկումների առիթ էր դարձել։


ՍիվիլՆեթի հետաքննությունը պարզել էր, որ առանձատունը, որը 2018-ից երկու քրեական գործերով կալանքի տակ էր, վաճառվել է նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի կնոջը՝ Լիլիթ Պետրոսյանին։

Աջից՝ Նարեկ Նալբանդյանը

Կալանքը անհնարին էր դարձնում գույքի վաճառքը։ Հակակոռուպցիոն կոմիտեն, սակայն, վերացրել էր սահմանափակումները, չէր սպասել դատախազության կողմից դատական ակտի բողոքարկմանը, ու օրեր անց առանձնատունը վաճառվել էր։ Սա բերել էր Հակակոռուպցիոն կոմիտեի ու դատախազության միջև առճակատման․ երկու մարմինները միմյանց էին մեղադրում Աբրահամյանի տան գործարքի կայացման հարցում։

Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 2022-ի ապրիլին Ազգային ժողովում, պատասխանելով ԱԺ պատգամավորի՝ այս առանձնատան վաճառքի գործարքի վերաբերյալ հարցին, հայտնեց, որ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը կուսումնասիրի, թե ինչպես է վաճառվել կալանքի տակ գտնվող գույքը։


Նախորդ շաբաթ «Հետք»-ը գրեց, որ 2023-ի փետրվարի 8-ին առանձնատան առքուվաճառքի պայմանագրում փոփոխություն է կատարվել և երկարացվել է պայմանագրի գնի՝ 2,452 մլրդ դրամի վճարման վերջնաժամկետը։

Ըստ նոր պայմանավորվածության՝ գործարար Նալբանդյանի կինը գումարը պետք է վճարի Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, մինչև 2024-ի դեկտեմբերի 31-ը։ Նախկին վերջնաժամկետը 2022-ի օգոստոսի 1-ն էր։ «Հետք»-ի տրամադրության տակ էին հայտնվել նաև առանձնատան ներսի լուսանկարներ, որոնք բուռն հանրային արձագանք էին ստացել։

#CivilNetCheck-ը մարտի 22-ին կրկին ստացավ Ազատության պողոտայի 1/6 հասցեում գտնվող առանձատան կադաստրային փաստաթղթերը, որտեղ նշվում է, որ առանձնատան միակ սեփականատերը շարունակում է մնալ Լիլիթ Պետրոսյանը։



Հովիկ Աբրահամյանի ընտանիքը Մոնումենտում երկու առանձնատուն ուներ։ Դրանցից մեկը պատկանում էր նրա որդուն՝ Արգամ Աբրահամյանին, որը վաճառվել է, իսկ մյուսը՝ կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին, որը շարունակում է Աբրահամյանների ընտանիքին պատկանել։

Այսպիսով, Վահագն Ալեքսանյանի պնդումը, թե Ազատության պողոտայում գտնվող առանձնատունը շարունակում է պատկանել Աբրահամյաններին, չի համապատասխանում իրականությանը։

Մեկնաբանել