Չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ. Արարատ Միրզոյան

Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ․ մարտի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի և դրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, իսկ կարգավորումները տեղ են գտել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»,- շեշտեց արտգործնախարարը։

Միրզոյանը անդրադարձավ Ադրբեջանի ռազմատենչ գործողություններին ու հայտարարություններին՝ հիշեցնելով այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, որ Հայաստանի քաղաքացիները հանգիստ չեն կարող ապրել իրենց 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա, եթե ամբողջությամբ չընդունեն Ադրբեջանի պայմանները։

Նա նաև հայտնեց, որ Հայաստանը կրկին ստացել է Ադրբեջանի առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ «Այս ուլտիմատիվ կեցվածքը կա, միևնույն ժամանակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են։ Մենք կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկներ, աշխատում ենք դրանց վրա, առաջիկայում կլինեն մեր արձագանքն ու մեր առաջարկները»,- նշեց Հայաստանի ԱԳ նախարարը։

Մեկնաբանել