Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի կառավարության հետ 92,3 միլիոն եվրոյի չափով վարկային պայմանագիր է պատրաստվում ստորագրել՝ «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության» ծրագրի շրջանակում։ Համապատասխան համաձայնագրի նախագիծը ներառված է մարտի 23-ի կառավարության նիստի օրակարգում։
«Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»,- նշված է որոշման նախագծի հիմնավորումներում։
Ծրագրի շրջանակը ներառելու է կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականության խթանմանը, հավասարության ամրապնդմանն ու մարդկային կապիտալի զարգացմանը, հակակոռուպցիոն շրջանակի ու արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացմանը։