Ադրբեջանը $3,7 մլրդ-ի սպառազինման պայմանագրեր ունի. Vesti.Az

«Ադրբեջանն ակտիվորեն սպառազինվում է ժամանակակից տեխնիկայով: Չնայած Ադրբեջանի՝ հանրությանը սպառազինման մասին պարբերաբար տեղեկատվություն տրամադրելուն՝ պաշտպանական ոլորտի տվյալների մի մասը խնամքով թաքցվում է: Որևէ փորձագետ չի կարողանա Ադրբեջանի սպառազինման մասին հստակ տվյալներ ներկայացնել»,- ադրբեջանական Vesti.Az-ը փոխանցում է ամերիկյան WNWI առցանց ռադիոյի մեկնաբանությունը:

Ըստ ռադիոյի՝ ռուսական կողմը տեղեկացրել է, որ վերջին 2 տարում Ադրբեջանը $3,7 մլրդ-ի սպառազինման և ռազմական տեխնիկայի պայմանագիր է տորագրել, ընդ որում՝ նշելով, որ թիվը փոքրացված է: «Հնարավոր է՝ բանակի ուժեղացումը դրդի Ադրբեջանին քաղաքական խնդիրների, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության լուծելուն», -նշել է ռադիոն:

Անդրադառնալով իրանական խնդրին՝ ռադիոն նշում է, որ Իրանում հնարավոր կոնֆլիկտը Ադրբեջանի վրա ուղղակի ազդեցություն կարող է ունենալ, քանի որ հյուսիսային Իրանում ավելի մեծ թվով ադրբեջանցիներ են բնակվում, քան Ադրբեջանում:

«Ցանկացած ցնցում անխուսափելիորեն կհանգեցնի փախստականների զանգվածային ալիքի և Իրանի հյուսիսում լոկալ էթնիկ կոնֆլիկտների առաջացմանը: Հետևապես՝ Իրանի՝ Ադրբեջանի սպառազինմամբ անհանգստանալը լիովին հասկանալի է», -մեկնաբանում է WNWI-ը:

Մեկնաբանել