Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կարող է սրվել․ հայացք Ադրբեջանից

Իրանական զորավարժություններ՝ Ադրբեջանի հետ սահմանին, 2022-ի հոկտեմբեր, լուսանկարը` Հոսեյն Զոհրևանդի/Tasnim News։

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանի և Իրանի միջև երկարատև լարվածությունը վերջին ամիսներին հասել է գագաթնակետին․ սահմանին զորավարժություններ են անցկացվում, իսկ մեղադրանքներն օրեցօր ավելի են սրվում: Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումից հետո ոմանք մտահոգված են, որ այդ խոսքերին կարող են գործողություններ հաջորդել:

Հունվարի 27-ի առավոտյան Կալաշնիկով ինքնաձիգով զինված մի տղամարդ ներխուժեց Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և կրակ բացեց։ Նա սպանեց դեսպանատան անվտանգության ղեկավարին և վիրավորեց ևս երկուսին, նախքան դեսպանատան աշխատակիցներից մեկը նրանից կխլեր զենքի կառավարումը՝ ոստիկանությանը հնարավորություն տալով ձերբակալել հարձակվողին։

Ե՛վ Իրանի, և՛ Ադրբեջանի կառավարամերձ լրատվամիջոցներն արագ հաղորդեցին այդ միջադեպի մասին, բայց երկու կողմերն էլ նկատելիորեն տարբեր տեսանկյուններից լուսաբանեցին այն։

Թեև Իրանի ոստիկանապետը և իրանական լրատվամիջոցները միջադեպը որակեցին որպես ընտանեկան կոնֆլիկտի սրացում, ադրբեջանական լրատվամիջոցներն անմիջապես վիճարկեցին այդ տեսակետը: Նրանք պնդում էին, որ Իրանը միտումնավոր «խեղաթյուրում է միջադեպի բնույթը», ոմանք նույնիսկ պնդում էին, որ հարձակման հետևում Իրանի հատուկ ծառայություններն են:

Շուտով Ադրբեջանի պետական պաշտոնյաները հետևեցին այդ օրինակին՝ հայտարարելով, որ դեսպանատան բոլոր աշխատակիցները շուտափույթ կտարհանվեն, քանի որ Իրանը չի կատարել դեսպանատունը պաշտպանելու իր պարտականությունը:

Անվտանգության տեսախցիկի տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդը ներխուժում դեսպանատուն։ Լուսանկարը՝ Report.az-ի տեսանյութից։

Ադրբեջանցի գրող և քաղաքական վերլուծաբան Սամադ Շիխին դեսպանատան վրա հարձակումը բնութագրում է որպես Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության «գագաթնակետ»:

«Դեպքից նույնիսկ մեկ օր չանցած Իլհամ Ալիևը կատարվածը որակեց «ահաբեկչական գործողություն»։ Իրադարձությունն ահաբեկչություն որակելու համար այն պետք է ունենա գաղափարական, քաղաքական կամ կրոնական հիմք: Բայց [Ալիևը] հայտարարում էր իր դիրքորոշումը՝ միջադեպն այդպես նկարագրելով, առանց դրա պատճառն ուսումնասիրելու»,- ասում է Շիխին։

Թեև ադրբեջանական արձագանքը կարող է անհամաչափ թվալ այն ամենին, ինչը կարող էր լինել եզակի,- թեկեուզև ողբերգական միջադեպ,- դա դիվանագիտական կոնֆլիկտի վերջին սրացումն էր, որն ավելի ու ավելի է թեժացել 2022-ի վերջից ի վեր:

«Նման իրավիճակ նախկինում չի եղել»

Իրանն ու Ադրբեջանը հակասություններ վաղուց են ունեցել. Թուրքիայի և Իսրայելի հետ Ադրբեջանի ամուր դաշինքը եղել է երկարատև տարաձայնությունների աղբյուր, մինչդեռ Իրանի ջերմ հարաբերությունները Հայաստանի հետ, հատկապես 2020-ի պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո, վատ են ընդունել Բաքվում:

Երկու երկրներում էլ կան ուժեր, որոնք տարածքային պատմական և ներկա պահանջներ են ներկայացնում իրար նկատմամբ։

Թեև Ադրբեջանում և Իրանի հյուսիսում որոշ խմբեր ցանկություն են հայտնել «հարավային Ադրբեջանը» միավորել բուն Ադրբեջանի հետ, Իրանի խորհրդարանի անդամներն շեշտում են, որ երկիրը պատմականորեն եղել է իրանական Սեֆյան կայսրության մասը և առաջարկում են Իրանին միացնել Ադրբեջանի ինքնավար էքսկլավ Նախիջևանը։

2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմին վերջ դրած հայտարարության ընդունումից ի վեր կրակի վրա յուղ են լցրել արևմտյան Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կամ «միջանցքի» վերաբերյալ քննարկումները։

Եթե Ադրբեջանը հասնի իր ուզածին, ապա երթուղին կարող է անցնել Իրանի հետ Հայաստանի հարավային սահմանով։ Սա և՛ կփակի Իրանի հնարավոր ուղիղ մատչումը Հայաստանին՝ նրան ստիպելով Կովկաս մուտք գործել Ադրբեջանի տարածքով, և՛ կնշանակի, որ Ադրբեջանն այլևս ստիպված չի լինի Իրանի տարածքով մուտք գործել Թուրքիա և Նախիջևան:

2022-ի վերջին այս ամենի հիմքում ընկած լարվածությունը վերածվեց գործողության:

Երբ Թեհրանը Ադրբեջանի մի քաղաքացու մեղադրեց հոկտեմբերին Շիրազում մզկիթի վրա հարձակման մեջ, Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ Ադրբեջանում Իրանի օգտին աշխատող լրտեսական ցանց է բացահայտել, և երկու երկրները զորավարժություններ սկսեցին իրենց ընդհանուր սահմանի մոտ:

Այս էսկալացիան ուղեկցվեց հռետորաբանության փոփոխությամբ: Երբ Իրանը երկրի հյուսիսում զորավարժություններ անցկացրեց, դրանից հետո 2022-ի նոյեմբերի իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը նույնպես զորավարժություններ է կազմակերպել Իրանի սահմանի մոտ՝ «ցույց տալու, որ մենք չենք վախենում իրենցից»։

Ելույթ ունենալով Թյուրքական պետությունների համաժողովում՝ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանն «ամեն ինչ կանի»՝ պաշտպանելու արտերկրում ապրող ադրբեջանցիների, «այդ թվում՝ Իրանում ապրող ադրբեջանցիների» իրավունքները, ազատությունները և անվտանգությունը։ Նա հավելեց, որ ինքը վճռական է ապահովելու, որ նրանք «հավատարիմ մնան ադրբեջանականության գաղափարներին և երբեք չխզեն կապերն իրենց պատմական հայրենիքի հետ»։

«Նրանք մեր ազգի մի մասն են»,- ասաց Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև նշեց, որ հարաբերությունները հատկապես բարդ են Ռաիսիի կառավարության հետ։

«Ես աշխատել եմ Իրանի երեք նախագահների՝ Խաթամիի, Ահմադինեժադի և Ռոհանիի հետ։ Այս տարիների ընթացքում երբեք չի ստեղծվել այնպիսի իրավիճակ, ինչպիսին այսօր է,- ասաց Ալիևը։- Իրանը երբեք մի քանի ամսվա ընթացքում երկու զորավարժություն չի անցկացրել մեր սահմանին։ Այն երբեք այդքան լցված չի եղել Ադրբեջանի դեմ ատելությամբ, և երբեք այդպիսի սպառնալիքներ չեն հնչել»։

Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևը և Էբրահիմ Ռաիսին հանդիպում են Աստանայում 2022-ի հոկտեմբերին: Լուսանկարը՝ President.az-ի։

Մի քանի շաբաթ անց Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ լայնածավալ զորավարժություն անցկացրեց Իրանի հետ երկրի հարավային սահմանին։

Թշնամությունը շարունակվել է նաև այս տարի՝ Ադրբեջանում ենթադրյալ իրանցի լրտեսների մի շարք ձերբակալություններով։ Մեկ ամիս անց ևս մեկ կոնֆլիկտ ծագեց, երբ իրանական ռազմական ինքնաթիռը թռավ երկու երկրների սահմանի երկայնքով։

Սպառնալիք իրանական ինքնությանը

Բաքվում բնակվող քաղաքական վերլուծաբան և հակամարտությունների փորձագետ Շուջաթ Ահմադզադան OC Media-ին ասել է, որ Ադրբեջանի «ազգային ինքնությունը» սպառնալիք է Իրանի համար երկու ուղղությամբ. նախ, ասում է նա, դա առաջացնում է այն միտքը, որ իրանցի թուրքերը կարող են ազգային պետություն ունենալ՝ ի հակադրություն «ազգային միավորման և միաձուլման» Իրանի որդեգրած ռազմավարության։

Ադրբեջանի աշխարհիկությունը նաև այլընտրանք է առաջարկում «իսլամական ռեժիմի կողմից քարոզվող աստվածապետական ապրելակերպին», պնդում է Ահմադզադան, և, հետևաբար, սպառնում է խարխլել քաղաքական վերահսկողության հիմքերը:

Նրա խոսքով՝ հենց այս պատճառներով է, որ Իրանում հակաադրբեջանական խոսույթը կենտրոնանում է ադրբեջանական ինքնության, պետականության և պատմության ժխտման վրա:

Օրինակ՝ 2022-ի վերջին պատասխանելով Ալիևի մեկնաբանություններին՝ իրանցի պատգամավոր Սեյեդ Ալբորզ Հոսեյնին ակնարկեց, որ Ադրբեջանը դեռևս կմնար Իրանի մաս, եթե չլիներ Իրանի և Ռուսական կայսրության միջև 1813-ի ստորագրված Գյուլիստանի պայմանագիրը, որով Ադրբեջանի վերահսկողությունը և Կովկասի մյուս շրջանները Իրանը զիջեց Ռուսաստանին։

Խորհրդարանի նույն նիստում մեկ այլ պատգամավոր՝ Մոհամմադ Ռեզա Միրթաջուդդինը, կոչ արեց Ադրբեջանի ինքնավար էքսկլավ Նախիջևանը միացնել Իրանին:

Պատգամավորը նաև կոչ արեց նախագահ Ալիևին «նկատի ունենալ, որ Ադրբեջանն է անջատվել Իրանից, այլ ոչ թե հակառակը»։

Թեև Ադրբեջանում և Իրանում ադրբեջանցի ազգայնականներն այս ընթացում կոչ են արել Հյուսիսային Իրանը միավորել Ադրբեջանի հետ, պաշտոնյաները խուսափում են այս թեման քննարկելուց՝ փոխարենը իրենց քննադատությունը կենտրոնացնելով Հայաստանի հետ Իրանի ամուր կապերի վրա:

«[Իրանը] գազ է մատակարարում, ճանապարհներ է կառուցում, զենք է վաճառում և զինվորներ ուղարկում Հայաստան»,- Ադրբեջանի խորհրդարանում 2022-ի դեկտեմբերին հայտարարեց իշխող «Նոր Ադրբեջան» խմբակցության պատգամավոր Ջեյհուն Մամեդովը։

Մամեդովն Իրանին մեղադրեց Ադրբեջանի ներսում «կործանարար գործունեության» մեջ՝ ասելով, թե երկիրը «մարդկանց ուղեղը լցնում է թունավոր գաղափարներով և գաղափարախոսություններով»։

Ադրբեջանցի մեկ այլ պատգամավոր Սաբիր Ռուստամխանլին էլ հայտարարեց, որ Իրանը մերժում է ադրբեջանական ծագում ունեցող տասնյակ միլիոնավոր իրանցիների՝ «իրենց մայրենի լեզուն ունենալու իրավունքը, մինչդեռ 100 000 – 150 000 հայեր [Իրանում] ունեն դպրոցներ, մամուլ և եկեղեցիներ»։

Նա հավելեց, որ Իրանն աջակցել է Հայաստանին նախկինում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներն «օկուպացնելու» հարցում և մասնակցել է տարածքների ոչնչացմանը։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Իրանի տարածքով Հայաստան զենքի փոխադրումը ոչ մեկի համար գաղտնիք չէ,- ասաց Ռուստամխանլին։- Իրանի ռեժիմն ինքն է իր վերջը բերում՝ առանց արտաքին միջամտության»:

Խնամքով պահվող թշնամի

Ադրբեջանցի գրող և քաղաքական վերլուծաբան Սամադ Շիխին կարծում է, որ Ադրբեջանը միտումնավոր Իրանին թշնամի է դարձրել՝ որպես քավության նոխազ։

«Ադրբեջանը ցանկանում է Իրանին ներկայացնել որպես նոր թշնամի. իրականում, այնուամենայնիվ, երկիրը նոր թշնամի չէ, այլ խնամքով պահպանված թշնամի է»,- OC Media-ին ասել է Շիխին:

Նա ասում է, որ եթե նախորդ տարիներին Իրանի՝ Ադրբեջանի թշնամի և հակառակորդ լինելու մասին ասվում էր անուղղակիորեն, ապա վերջին կես տարում այդ գաղափարը պաշտոնապես արտահայտվել է խորհրդարանի անդամների և նույնիսկ Ադրբեջանի նախագահի կողմից։

«Խնդիրը խոսքով քննարկելը նրանց համար բավարար չէ,- ասում է Շիխին,- նրանց օրակարգն ակնհայտ է նաև նրանց գործողություններից»:

Նա որպես օրինակներ է բերում հեռուստատեսությամբ իրականացվող հակաիրանական քարոզչությունը, Իրանում կրոն ուսումնասիրած ադրբեջանցիների ձերբակալությունը և Բաքվում Իրանի դեսպանատան առջև անցկացված բողոքի ցույցերը։

Լուսանկարում՝ «Հաջի» Մաթլաբ Բաղիրովը, որը ձերբակալվել է Ադրբեջանում «Իրանի քաղաքականությանը նպաստելու» կասկածանքով։ Լուսանկարը՝ Report.az-ի։

Շիխին ասում է, որ Իրանը որպես Ադրբեջանի թշնամի օգտագործելու դրվագներն ակնհայտ են. օրինակներից մեկն Ադրբեջանի ցամաքային սահմաններն են, որոնք արդեն երեք տարի փակ են՝ ենթադրաբար COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով։

«Նրանք կարողանում են փակ պահել ցամաքային սահմանները և օգտագործել քարոզչություն՝ մարդկանց համոզելու, որ դա «Իրանից սպառնալիքի» և Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմի պատճառով է արվում»,- ասում է Շիխին։

Նա նաև նշում է, որ Իսրայելի հետ Ադրբեջանի կապերը զգալի դեր են խաղացել լարվածության թեժացման գործում։

Հայտնի է, որ Իսրայելն Ադրբեջանին զենք է մատակարարել Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ, իսկ 2023-ի փետրվարին Ադրբեջանը նշանակեց Իսրայելում իր առաջին դեսպանին։

Շիխին մեջբերում է ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆային, որը խորհրդարանում ասել է, թե Ադրբեջանը պետք է «Իսրայելին խնդրի չհարվածել Թավրիզին», որտեղ մեծամասնություն են կազմում էթնիկ ադրբեջանցիները, քանի որ «մեզ այն պետք է բարգավաճելու համար»:

«Պետությունները երբեմն դիտավորյալ իռացիոնալ գործողություններ են կատարում»

Ինչ վերաբերում է սպառնալիքին, թե հակամարտությունը կարող է դուրս գալ մինչ այժմ զբաղեցրած սահմաններից, Ահմադզադայի կարծիքն այս հարցում երկիմաստ է:

Նա ասում է, որ Ադրբեջանը հիմա ավելի հզոր դիրքերում է, քան նախկինում՝ հաշվի առնելով ուժերի նոր հարաբերակցությունը, որն ստեղծվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջև ավելի սերտ կապերը։

Այնուամենայնիվ, Իրանը շարունակում է զգալիորեն ավելի մեծ լինել և ռազմական տեսակետից ավելի ունակ, քան Ադրբեջանը, որը փորձում է հավասարակշռություն պահպանել՝ ամրապնդելով համագործակցությունն այն պետությունների հետ, որոնք ավանդաբար Իրանի թշնամիներն են՝ Թուրքիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա և Պակիստան։

Ահմադզադան ասում է, որ երկու երկրների միջև ուժի զգալի տարբերությունը նշանակում է, որ այս իրավիճակում հիմնական դերակատարն է Իրանի թյուրքաբնակ բնակչությունը, ոչ թե Ադրբեջանը։

Նա թեև հավանական է համարում, որ ավելի շուտ Իրանը կոնֆլիկտ կսկսի, քան Ադրբեջանը, սակայն «իռացիոնալ» կլինի, եթե կողմերից որևէ մեկը դիմի պատերազմի։

«Նախևառաջ, եթե զինված բռնություն կիրառվի, մեծ հավանականություն կա, որ հակամարտությունը կսրվի, կտարածվի այլ տարածաշրջաններ և, հնարավոր է, որ նույնիսկ գլոբալ դառնա»:

Նա մատնացույց է անում Ադրբեջանի դաշինքները Թուրքիայի և Իսրայելի հետ, որոնցից առաջինը պատրաստակամություն է ցուցաբերել Ադրբեջանի անունից միջամտել Ղարաբաղյան երկրորդ պատերազմին, իսկ երկրորդը հաճախակի նշել է, որ պատրաստ է ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ։

Նա հավելում է, որ Ադրբեջանի վրա հարձակումը կարող է ներքին խնդիրներ առաջացնել Իրանի համար երկրում բնակվող 25-40 միլիոն իրանցիների պատճառով, որոնք ադրբեջանական ծագում ունեն։ Դա երկրի բնակչության 30-45%-ն է և շատ ավելի է, քան Ադրբեջանի ընդհանուր բնակչությունը։

«Իրանական կողմի համար ռազմական գործողություններ սկսելը լիովին իռացիոնալ քայլ կլինի։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ իռացիոնալությունը բավական սուբյեկտիվ է, իսկ պետությունները երբեմն դիտավորյալ իռացիոնալ գործողություններ են կատարում»,- ասում է նա:

Թե ինչպես կդասավորվեն հարաբերությունները գալիք շաբաթների և ամիսների ընթացքում, հայտնի չէ։

Ահմադզադան նշում է, որ, անկախ այս խնդրի առանձնահատկություններից, դժվար թե որևէ արագ լուծում գտնվի:

«Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում ճգնաժամի ծագումը համակարգային բնույթ ունի»,- ասում է նա։

«Նման համակարգային կոնֆլիկտային իրավիճակներում երբեմն հնարավոր է գործել արագ և համեստ, դեկլարատիվ, որպեսզի դուրս գաս բարդ իրավիճակից, բայց պետք է գիտակցես, որ եթե վեճի համակարգային արմատները չլուծվեն, հակամարտությունը ինչ-որ կերպ կշարունակվի»։

Մեկնաբանել