Ռուսական հետախուզությունը բլոգոսֆերայի ու սոցցանցերի մոնիթորինգի նոր մեթոդներ է մշակում․ «Կոմերսանտ»

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է ավելի քան 30 մլն ռուբլի արժողությամբ երեք փակ հայտամրցույթ՝ հասարակական կարծիք ձևավորելու նպատակով բլոգոսֆերայի մոնիթորինգի, սոցիալական ցանցերում հաղորդագրությունների տարածման նոր մեթոդների մշակման համար, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը։

««Շտորմ-12», «Մոնիտոր-3» և «Դիսպուտ» ծածկագրային նիշերով հետազոտությունների հայտամրցույթներն անցկացվել են 2012թ․ հունվար-փետրվարին․․․ Պետական պատվիրատուն՝ «Զորամաս N54939» Ֆինանսա-գանձապետական վարչությունը, պահանջել է մշակել ծրագրեր՝ «ինտերնետ-կենտրոնների և սոցիալական ցանցերի ռեգիոնալ սեգմենտների հետախուզության մեթոդների հետազոտության համար» (ծածկագիրը՝ «Դիսպուտ»)՝ 4,41 մլն ռուբլի արժողությամբ, «ինտերնետում գաղտնի կառավարման մեթոդների հետազոտության համար» (ծածկագիրը՝ «Մոնիտոր-3»)՝ 4,99 մլն ռուբլի արժողությամբ, ինչպես նաև իրականացնել գիտահետազոտական աշխատանք՝ «սոցիալական ցանցերում հատուկ տեղեկատվության տարածման միջոցների» մշակման ուղղությամբ (ծածկագիրը՝ «Շտորմ-12»)՝ 22,8 մլն ռուբլի արժողությամբ»,- հաղորդում է պարբերականը։

Համաձայն թերթի տեղեկատվության՝ տարբեր հայտամրցույթների բաժանված այս աշխատանքները փոխկապակցված են։

«Ծրագրվում է, որ սկզբում «Դիսպուտ» համակարգը մոնիթորինգի կենթարկի բլոգոսֆերան․․․ Ապա ստացված տեղեկատվությունը կվերլուծի «Մոնիտոր-3» համակարգը․․․ Ստացված տվյալների հիման վրա անհրաժեշտ տեղեկատվությունը կսկսի սոցցանցեր ներդնել «Շտորմ-12» համակարգը․․․ Փաստաթղթերում մասնավորեցվում է, որ այս վիրտուալ բանակի նպատակը կդառնա «տեղեկատվական հաղորդագրությունների զանգվածային տարածումը կոնկրետ սոցցանցերում՝ օգտագործելով օգտագործողների՝ մոնիթորինգի ենթարկված գրառումները՝ հասարակական կարծիքի ձևավորման համար», «վիճակագրության հավաքագրումն ու տեղեկատվական ալիքի տարածման արդյունավետության վերլուծությունը», «սոցիալական ցանցերի առավել տարածված ծառայությունների պիտանիության վերլուծությունը՝ տարբեր թեմատիկաներով, սոցիալական ու այլ ուղղվածությամբ տեղեկատվական ալիքների նախաձեռնության համար»»,- գրում է «Կոմերսանտը»։

Թերթի՝ հատուկ ծառայություներում ունեցած աղբյուրները վստահեցնում են, որ «ԶորամասN54939»-ը մտնում է Արտաքին հետախուզության ծառայության համակարգի մեջ։ «Կոմերսանտի»՝ այս թեմայով հարցումը հետախուզական գերատեսչությունում անպատասխան են թողել։

Թերթը հաղորդում է, որ բոլոր երեք մրցույթների անմիջական իրագործողը եղել է «Իտերանետ» ընկերությունը, որի գլխավոր տնօրենը՝ Իգոր Մացկևիչը, նախկինում եղել է Անվտանգության դաշնային ծառայության ակադեմիայի Ծածկագրության, կապի ու տեղեկատվության ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալը։

Մեկնաբանել