Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրությանը միանալու Երևանի որոշումը «բացարձակ անընդունելի է»՝ Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ ՄՔԴ «վերջին ապօրինի և իրավական տեսանկյունից անբովանդակ կարգադրագրերի ֆոնին»․ նախօրեին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։
Մոսկվան նախազգուշացրել է «նման որոշման չափազանց բացասական հետևանքների մասին»։
Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունը մարտի 24-ին ճանաչվեց Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող։ Նման որոշում է կայացրել Սահմանադրական դատարանը։ Այս գործընթացից հետո կառավարությունը կարող է դիմել հաջորդ քայլին, այն է՝ կանոնադրությունը վավերացման համար ուղարկել Ազգային ժողով։
Հայաստանի կառավարությունը Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը մեկնարկեց 2022-ի վերջին։ Գործադիրը դիմեց ՍԴ՝ պարզելու, թե արդյոք ավելի քան երկու տասնամյակ առաջ ստորագրված, սակայն այդպես էլ չվավերացված փատաթուղթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։
Ըստ կառավարության՝ վավերացումից հետո Հայաստանը հնարավորություն կունենա դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները միջազգային իրավական քննության առարկա դարձնելու համար։
Այս փաստաթուղթը ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել 2004-ին։ Մասնավորապես ՍԴ-ն գտել էր, որ «Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում (կից հայտարարությամբ) ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները» չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։ Բացի այդ, ըստ ՍԴ-ի՝ Սահմանադրությանը չի համապատասպանում նաև կանոնադրության՝ 105 հոդվածի դրույթներով ստանձնած պարտավորությունները, որոնցով բացառվում է դատապարտված անձանց ներպետական ընթացակարգով ներման իրավունքի և համաներման հնարավորության իրացումը:
Միջազգային քրեական դատարանի թեման սկսեց ակտիվ քննարկվել հասարակական-քաղաքական շրջանակներում մարտի 17-ից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի երեխայի իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալման կարգադրագիր է արձակել։
«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավարը ՌԴ ղեկավարության նկատմամբ Միջազգային քրեական դատարանի որոշման լույսի ներքո մեկնաբանել է Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը։
«Վերջին օրերին Հայաստանի կառավարության կողմից հաճախակի են հնչում Ռուսաստանի, մասնավորապես երկրի առաջին դեմքերի նկատմամբ պատժամիջոցային որոշումների կիրառման հարցում միջազգային կազմակերպություններին աջակցելու ոչ միանշանակ կոչերը։ Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ–ռուսական հարաբերությունները ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, ռազմական և մշակութային փոխգործակցության հարցում», – նշել է Կարապետյանը։ Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական և առևտրային առաջատար գործընկերն է, երկրի սահմանների անվտանգության երաշխիք։ Երկրների միջև առկա բարեկամական կապերը երկկողմանի հարաբերությունների կայունության հիմքն են, և Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային բարեկամական կապերի խաթարումը կարող է մարտահրավեր դառնալ ԼՂ անվտանգության հարցում, որտեղ ՌԴ խաղաղապահները խաղաղ կյանք են ապահովում 120 հազար հայի համար։