Մեկ անձից գնումները աճե՞լ են, թե՞ նվազել. պատգամավորների պնդումների հետքերով

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը մարտի 14-ին «Փաստ»-ին տված հարցազրույցում խոսել է պետական միջոցների վատնման խնդրի մասին և պնդում արել, որ աճում են կոռուպցիային անուղղակի վերաբերող որոշակի ցուցանիշներ։

«Մասնավորապես, մեկ անձից պետական գնումների տեսակարար կշիռն է բարձրանում, ինչն իսկապես մտահոգիչ է: Մեկ անձից գնումներն օրինաչափություն են դարձել»- նշել է պատգամավորը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ Հանրային հեռուստաընկերության եթերում հերքել է պնդումը, թե պետական գնումների «առյուծի բաժինը» մեկ անձից ընթացակարգով է իրականացվում։ «Նման բան չկա»,- հայտարարել է Ալեքսանյանը։

#CivilNetCheck-ն ուսումնասիրել է պետական գնումներին վերաբերող վիճակագրությունը։

Պետական գնումների գործընթացում մեկ անձից ընթացակարգով գնումները համարվում են ամենառիսկայինն ու հակամրցակցայինը։

Ըստ օրենքի՝ մեկ անձից ընթացակարգով գնում պետք է իրականացվի, եթե չկա այլընըտրանք, օրինակ՝ գազի, էլեկտրականության, ջրի ձեռքբերման դեպքում, երբ մատակարարը մեկն է։ Կամ էլ արտակարգ կամ հրատապ այլ իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ։ Օրինակ, պարզվել է, որ հինգ օրից որևէ երկրից պատվիրակություն է ժամանելու և պետք է ընդունելություն կազմակերպել։

Հրատապության հիմքով պայմանավորված մեկ անձից գնումներ

Պետական բյուջեի միջոցներով մեկ անձից ընթացակարգով իրականացվող գնումների մասնաբաժինը հասկանալու և վերջին տարիներին այս ընթացակարգով գնումների միտման մասին համապարփակ պատկերացում ստանալու վիճակագրությունը ուսումնասիրեցինք՝ սկսած 2016-ից։

Այսպես, ֆինանսների նախարարությունը #CivilNetCheck-ին տրամադրել է 2016-2022 թթ. մեկ անձով իրականացված գնումներին ուղղված գումարը։ Այդ գնումների մեջ առանձնացվել են մրցակցության բացակայությամբ պայմանավորված ու հրատապ մեկ անձից (ՀՄԱ) գնումները։ Բացի այդ, տրամադրվել է պետական բյուջեի միջոցներով իրականցված գնումների ընդհանուր գումարը՝ մեկ անձից գնումների մասնաբաժինը հասկանալու համար։

Տրամադրված տվյալները փաստում են, որ հրատապ մեկ անձից ընթացակարգով իրականացված գնումները շարունակում են բարձր տոկոս կազմել՝ համեմատած, օրինակ, 2018-ի հետ։ Ճիշտ է՝ 2022-ին այն նախորդող տարվա համեմատ մի փոքր նվազել է, սակայն միևնույն է, 2018-ի համեմատ աճել է շուտ 17 անգամ։

Loading...

Loading…

Այսպես, եթե 2018-ին հրատապ մեկ անձից ընթացակարգով կնքվել էր 1,51 մլրդ դրամի պայմանագիր, որը կազմում էր ընդհանուր գնումների 0,6 տոկոսը, ապա 2019-ին այդ գումարն աճել է 16 անգամ՝ կազմելով 16,2 մլրդ դրամ, որն արդեն ընդհանուր գնումների 7 տոկոսն էր։

2020-ին՝ կորոնավիրուսի և պատերազմի տարում, նախորդ տարվա համեմատ ՀՄԱ-ով գնումները նույնիսկ նվազել են՝ կազմելով 9,3 մլրդ դրամ (ընդհանուր գնումների 4 տոկոսը), իսկ 2021-ին՝ կրկին աննախադեպ աճել՝ կազմելով՝ 18,9 մլրդ դրամ, որը ընդհանուր գնումների 7,8 տոկոսն էր։ Եվ ահա 2022-ին ՀՄԱ-ով գնումները նվազել են շուրջ 1,5 մլրդ-ով՝ կազմելով 17,4 մլրդ դրամ՝ ընդհանուր գնումների 5,9 տոկոսը։

2023-ի մարտի 21-ի դրությամբ արդեն իսկ իրականացվել է ՀՄԱ ընթացակարգով 1,7 մլրդ դրամի գնում, որը ընդհանուր գնումների 1,1 տոկոսն է։

Ինչ վերաբերում է նախահեղափոխական շրջանին, ապա 2016-ին ՀՄԱ-ով իրականացվել է 6,6 մլրդ դրամի գնում, որը կազմել է ընդհանուր գնումների 3,8 տոկոսը։ 2017-ին իրականացվել է 2,8 մլրդ դրամի ՀՄԱ-ով գնումներ, սա էլ ընդհանուր գնումների 1,7 տոկոսն է։

Այսպիսով, սկսած 2019-ից հրատապ մեկ անձից ընթացակարգով գնումների մասնաբաժինն ակնհայտորեն աճել է։

Loading...

Loading…

Սակայն պետք է նշենք, որ վերջին տարիներին պետական գնումների ընդհանուր ծավալը աճում է։ Բացառություն է միայն 2020-ը. այդ տարի 2019-ի համեմատ պետական գնումների ընդհանուր ծավալը նվազել էր 2 մլրդ-ով։

Ներկայացված տվյալները վերաբերում են միայն պետական մարմինների գնումներին։ Այս թվերի մեջ չի մտնում համայնքների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գնումները, որոնց շրջանում էլ խնդրահարույց մեկ անձից ընթացակարգով գնումները քիչ չեն։

Մրցակցության բացակայությամբ պայմանավորված՝ մեկ անձից գնումներ

Ըստ ներկայացված տվյալների՝ այս հիմքով իրականացված գնումների ծավալը ևս 2019-ից սկսած աճել է։ Միայն 2022-ին նախորդ տարվա համեմատ այս հիմքով մեկ անձից գնումներն աճել են շուրջ 10 մլրդ-ով ՝ 123,7 մլրդ-ից դառնալով 133,2 մլրդ։ Սակայն քանի որ 2022-ին ընդհանուր գնումների ծավալը ևս աննախադեպ աճել է, ապա դրա մեջ մրցակցության բացակայությամբ պայմանավորված գնումների մասնաբաժինը ավելի նվազ է եղել՝ 2021-ի 51,2-ից իջնելով 45 տոկոսի։

Ինչ վերաբերում է 2023-ի առաջին երեք ամսիներին, ապա մարտի 21-ի դրությամբ իրականացվել է մրցակցության բացակայությամբ պայմանավորված մեկ անձից ընթացակարգով 119,1 մլրդ-ի գնում, որը ընդհանուրի 71,4 տոկոսն է։ Ֆինանսների նախարարությունից պարզաբանել են, որ այս հիմքով կնքվող պայմանագրերի բնույթը այնպիսին է, որ դրանց մեծ մասը կնքվում է տարվա սկզբին, ինչը «այս պահի դրությամբ հանգեցնում է ընդհանուր պատկերի շեղման»։

Մեկնաբանել