Ռուսաստանը կարող է սահմանափակել Հայաստանից կաթնամթերքի մատակարարումը

Ռուսաստանը կարող է սահմանափակել Հայաստանից կաթի և կաթնամթերքի մատակարարումը հայկական կողմի «թերի վերահսկողության» և առկա «սահմանափակող միջոցների» խախտման պատճառով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը»։

Նշվում է, որ 2023-ին «Ռոսսելխոզնադզորն» ուսումնասիրել է Հայաստանից կաթնամթերքի ռուսական շուկա մատակարարումների ծավալների ավելացման պատճառները։ «Հայկական կողմից ստացված նախնական տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել»,- նշված է հաղորդագրությունում։

«Ռոսսելխոզնադզորի» մասնագետների` 2023-ի մարտի 20-ից մարտի 24-ը անցկացրած ստուգման ընթացքում այս փաստը հաստատվել է, հայտնում են գերատոսչությունից ու հավելում, որ արտադրական գործընթացում հայ արտադրողներնօգտագործում են իրանական հումք, ինչի մատակարարումը Ռուսաստան արգելված է։

«Հայտնաբերված խախտումների բնույթը վկայում է նաև կաթնամթերքի վերամշակման ձեռնարկությունների գործունեության նկատմամբ անասնաբուժական պետական ​​ծառայության (ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի) պատշաճ վերահսկողության բացակայության մասին, որը բարձրացնում է Ռուսաստան անորակ և ոչ անվտանգ արտադրանքի ներմուծման վտանգը»,- ասված է հաղորդագրության մեջ։

«Ռոսսելխոզնադզորն» արդեն դիմել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով կասեցնել երկու ստուգված ձեռնարկություններից Ռուսաստան մատակարարվող կաթնամթերքի սերտիֆիկացումը։

Գերատեսչությունը նաև տեղեկացրել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական օրենսդրության խախտումների անթույլատրելիության մասին։

««Ռոսսելխոզնադզորը» հատկապես մտահոգված է այն դեպքերով, երբ երրորդ երկրների ձեռնարկություններն ընդգրկված են Մաքսային միության ռեգիստրներում՝ առանց ռուսական կողմի համաձայնության կամ չնայած ԵԱՏՄ անդամ երկրների իրավասու ծառայություններին ուղարկված պաշտոնական մերժման:

«Ռոսսելխոզնադզորն» ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին առաջարկել է մինչև մարտի 31-ը քննարկել Հայաստանից Ռուսաստան այլ արտադրողների կաթնամթերքի հետագա մատակարարման հնարավորությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով՝ կքննարկվի Հայաստանի կաթ վերամշակող բոլոր ձեռնարկություններից կաթնամթերքի մատակարարման սահմանափակումներ մտցնելու հարցը»,- ասված է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրությունում։

«Ռոսսելխոզնադզորի» նախազգուշացնող հայտարարությունը տարածվում է վերջին ամիսներին Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում աճող լարվածության ֆոնին: Քիչ չեն դեպքերը, երբ Ռուսաստանի կառավարությանը ենթարկվող այս մարմինը քաղաքական իրավիճակով պայմանավորված՝ այս կամ այն երկրի դեմ կիրառում է առևտրային սահմանափակումներ:

Անցյալ տարի Հայաստան-Ռուսաստան առևտրաշրջանառությունը եղել է ռեկորդային՝ գերազանցելով 5 մլրդ դոլարը և կազմելով Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 35,6 տոկոսը:

Մեկնաբանել