Դատարանների գերբեռնվածություն, կարծրատիպեր, անկախություն․ զրույց դատավոր Անի Մխիթարյանի հետ

«Ալավերդիի դատարանում էի աշխատում, մի պապիկ էր եկել, որ իմացավ՝ ես եմ գործը քննելու, զարմացավ՝ բացականչելով. «Այ մարդ, մի տղամարդ չկա՞ր, որ մեզ դատեր, էս աղջի՞կը պետք ա մեզ դատի»,- հիշում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Անի Մխիթարյանը։ Շուրջ երեք տասնամյակ նա աշխատում է դատական համակարգում։ Կարծում է՝ դատարանները ներկայում ավելի անկախ են, իսկ համակարգի առաջնային խնդիրը շարունակում է մնալ ծանրաբեռնվածությունը։ Մխիթարյանի խոսքով՝ կին դատավորները ընդհանուր թվի մոտ 36 տոկոսն են կազմում, սակայն թիվն աճելու միտում ունի։ ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանը դատավորի հետ խոսել է դատական համակարգի ինստիտուցիոնալ խնդիրների ու նրա փորձի մասին։

Պաշտոնյաները, այդ թվում՝ դատական իշխանության ներկայացուցիչները շատ են խոսում դատարանների գերբեռնվածության մասին։ Ինչպե՞ս է այս խնդիրն անհատապես ազդում դատավորի գործունեության վրա։

Դատարանների գերբեռնվածությունը սարսափելի բացասական գործոն է, որը ուղղակիորեն ազդում է արդարադատության որակի վրա։ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը փոխվեց 2018-ին, մինչ այդ գործում էր 1997-ին ընդունված օրենսգիրքը։ Սկզբնական փուլում գործերը դատարաններում եղել են 100-150-ի սահմաններում։ Դատավորները հասցրել են դրանք հանգուցալուծել, սակայն նույն գործիքով դատավորները սկսեցին աշխատել, երբ գործերը 500-ից հասան մինչև 2 000-ի։ Այժմ դատավարական ժամկետները փոխվել են, սակայն քանի որ ծանրաբեռնվածությունը չի նվազում, կուտակված գործերը ձնագնդի էֆեկտով մեծանում են՝ ստեղծելով անհաղթահարելի իրավիճակ։

Ձեր փորձից օրինակներ կներկայացնե՞ք։

Երբ ես աշխատում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանում, այն ամենափոքրն էր դատավորների քանակով՝ համեմատած մյուս վարչական շրջանների հետ։ Այդուհանդերձ, գործերի քանակով ամենաշատը հենց այս դատարանն էր ստանում։ Մենք զուգահեռ ներգրավված էինք մինչդատական վարույթում, ինչը մեզ համար հույժ խնդրահարույց էր։ Պատկերացրեք՝ երբ դու պլանավորում ես ահռելի ծավալով աշխատանք, ու գալիս է մինչդատական վարույթով միջնորդություն, որը ժամանակատար է և չլսել հնարավոր չէ, քանի որ գործ ունենք անհապաղ քննելու ենթակա միջնորդությունների հետ։ Դու կանգնում ես փաստի առաջ՝ մի կողմից «վառվում են» քաղաքացիական գործերը, մյուս կողմից պետք է լսել մինչդատական վարույթով միջնորդություններն ու կայացնել որոշումներ։ Սկզբում մենք հոգեբանորեն պատրաստ չէինք այն մտքին, որ կարելի է վճիռն ուշ տրամադրել կողմին։ Հետագայում եղել են դեպքեր, երբ վճիռը կայացրել ենք, սակայն դատավորի օգնականներն այն չէին հասցնում ուղարկել կողմերին՝ ծավալի պատճառով։

Իսկ հիմա Վերաքննիչում խնդիրը լուծվե՞լ է։

Վերաքննիչում իրավիճակն ավելի կառավարելի է ժամկետների տեսանկյունից։ Ի տարբերություն առաջին ատյանի դատարանների՝ այստեղ չկան մի շարք այլ գործառույթներ, օրինակ՝ միջանկյալ դատական ակտեր, վճարման կարգադրություններ և այլն։ Բացի այդ, բողոքարկվում են որոշումների ու վճիռների մի քան տոկոսը, սակայն Վերաքննիչ են գալիս գործեր ամբողջ Հայաստանի տարածքից։ Այստեղ ծանրաբեռնվածությունը ավելի վերահսկելի է։

Ի՞նչն է պատճառը, որ պետությունն այդպես էլ չի կարողանում այս խնդիրը լուծել։

Սկսած 2018-ից, երբ ես դարձա ԲԴԽ անդամ, կառավարության հետ տարբեր նախագծեր ենք մշակել։ Մի քանի նախագծեր կան, որոնք կյանքի կոչվելու դեպքում դատարանների համար կդառնան փրկօղակներ, մասնավորապես, կատարողական թերթերի ինստիտուտի վերացումը։ Այդ հասկացությունը եկել է դեռ խորհրդային շրջանից։ Այն ընդամենը վճռի եզրափակիչ մասն է, որտեղ գրված են կողմերի անուն-ազգանունները, հասցեներն ու անձնագրի տվյալները։ Դատավորը կայացնում է, օրինակ, 60-100 էջանոց վճիռ և այն կատարման առումով ոչ մի կշիռ չի ներկայացնում, եթե չկա այդ կատարողական թերթը։ Պատկերացրեք դատարանն ունի հազար և ավելի վճիռներ ու դեռ մի հատ էլ պետք է տա կատարողական թերթ։

Իսկ ինչո՞վ եք այդ թերթերը փոխարինելու։

Ուղիղ կապ է լինելու Հարկադիր կատարողական ծառայության հետ։ Ներկայում նախագիծ է շրջանառվել։

Նախկինում հայտարարվել է, որ Հայաստանում կին դատավորների թիվը դատավորների ընդհանուր թվի 24 տոկոսն է։ Դատական համակարգում կանանց ներգրավվածության մասին ի՞նչ կասեք։

Այսօր մենք ունենք տարբեր դատարաններում տարբեր ներգրավվածություն, եթե ընդհանուր թվով նայենք՝ այսօր ունենք կին դատավորների մոտ 36 տոկոս ներգրավվածություն և դիմորդների ընդհուպ մինչև 56 տոկոս ենք ունեցել։

Ընդհանուր առմամբ կանանց ներգրավվածությունը մոտենում է 37 տոկոսի։

Եվրոպական չափորոշիչներով նվազագույն շեմը 40 տոկոսն է։ Ես կարծում եմ, որ կան գործերի տեսակներ, որոնք կանայք շատ խորությանբ են ուսումնասիրում, հետամուտ են լինում և նուրբ են զգում խնդիրը։ Մասնավորապես՝ ընտանեկան վեճերը։

Ըստ զեկույցների՝ դատարանները քրեական գործեր քննելիս փորձում են հաշտեցնել բռնարարին ու կնոջը, արդյունքում բռնարարը պատասխանատվության չի ենթարկվում։ Ի՞նչ եք կարծում՝ այստեղ խնդիր չկա՞։

Յուրաքանչյուր գործ ունի իր առանձնահատկությունը։ Եթե դատավորը տեսնում է, որ լավագույն լուծումը հաշտությունն է, եկեք վստահենք այդ դատավորի փորձառությանը։ Նա լսում է երկու կողմերին ու տեսնում է իրական փաստակազմը, նա լայն հնարավորություն ունի ճիշտ գնահատելու իրավիճակը։ Հասարակությունը, որպես կանոն, լսում է մի կողմին ու պատկերացում ձևավորում իր հույզերի կամ ընդհանուր տրամադրվածության հիման վրա։ Ասում եք, որ անձը բռնություն է կիրառել, կարող է լինել պատահականության արդյունք։ Այսինքն՝ կան գործոններ, որոնք դատավորին ավելի տեսանելի են։ Կարևոր է, որ հանրությունն անվերապահորեն վստահի դատավորի կայացրած ակտին, իհարկե, մինչ այն շեմը, երբ դատավորի հանդեպ կհարուցվի կարգապահական վարույթ կամ ավելի վատ՝ քրեական գործ, կամ էլ կբեկանվի դատական ակտը։ Ես շատ եմ կարևորում վստահությունն այն իստիտուտի նկատմամբ, որն օրենքով լիազորված է լուծելու այդ խնդիրը։

Կանայք որքանո՞վ են կարողանում իրացնել իրենց հնարավորությունները։ Ի՞նչն է նրանց խանգարում։

Ես չեմ կարծում, թե մենք ունենք խանգարող հանգամանք։ Միգուցե լրացուցիչ պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունն է ավելի քիչ կամ էլ տղամարդկանց աջակցությունն այդքան մեծ չէ կնոջ կենցաղն ապահովելու առումով։ Դա է պատճառը, որ կինը չի կարողանում ավելի լայն ներգրավվածություն ունենալ քաղաքական կամ սոցիալական կյանքում։ Թեև ես չեմ կարծում, որ քիչ են ներգրավված կանայք. ցանկացած կին, որը ունի այդ հնարավորությունը, տեսնում է իրեն այդ ոլորտներում, նա խոչընդոտների դժվար թե հանդիպի։

Պետությունը մշտապես ֆինանսապես տուժել է ՄԻԵԴ-ի վճիռների հետևանքով, երբ որոշ դատավորներ խախտել են մարդու իրավունքներն ու հարկատուների հաշվին մեծ գումարներ են վճարվել։ Արդյոք ԲԴԽ-ն ներդրե՞լ է այնպիսի կառուցակարգեր, որ մարդու իրավունքները կոպիտ խախտած դատավորները կամաց-կամաց դուրս գան համակարգից։

Դատական օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունեցել և որպես էական կարգապահական խախտում ճանաչվել է ՄԻԵԴ-ի կողմից արձանագրված՝ մարդու իրավունքի կոնվենցիոն խախտումը։ Դատավորներն այդ պատասխանատվությունը կրում են՝ անկախ նրանից, թե որ ժամանակահատվածում են այն կատարել։ Մենք արդեն ունենք Վճռաբեկ դատարանի դատավոր, որի լիազորությունները դադարեցվեցին հենց էական կարգապահական խախտումը ՄԻԵԴ-ի կողմից ճանաչված լինելու հիմքով, մեկ այլ դատավորի էլ խիստ նկատողություն ենք տվել։ Պարզապես այս օրենսդրական փոփոխությունը, երբ դարձավ օրենք, մենք ունեինք մեծ մտավախություն դատավորի անկախության մասով։ Այն իմաստով, որ եթե դատավորը գիտի, որ ինչ-որ բանի համար, հնարավոր է, կրի պատասխանատվություն, միգուցե այդ մտահոգությունն իրեն կաշկանդի ու նա անկախ չգործի։

Քանի որ խոսեցիք անկախությունից՝ ո՞րն է, ըստ Ձեզ, դատավորների անկախությունը խոչընդոտող ամենամեծ գործոնը։

Դատարաններն այսօր ավելի քան անկախ են, անկախ են իշխանությունների ու ցանկացած այլ ազդեցությունից։ Պարզապես անկախության առումով մեծագույն խոչընդոտ է ծանրաբեռնվածությունը։

Կհիշե՞ք որևէ զավեշտալի դեպք Ձեր պրակտիկայից։
Այո, երբ աշխատում էի Ալավերդիի դատարանում՝ 17 տարի առաջ էր, եկավ մի պապիկ՝ չալիկով, մտավ դահլիճ ու ասաց՝ «Ես ուզում եմ տեսնել մեր դատավորին», ասացի, որ ես եմ դատավորը, մեկ էլ ոտքից գլուխ ինձ նայեց ու հարցրեց՝ «Այ, երեխա դո՞ւ ես մեր դատավորը», դրական պատասխան տվեցի, զարմացած բացականչեց՝ «Այ, մարդ մի տղամարդ չկա՞ր, որ մեզ դատեր, էս աղջիկը պե՞տք ա մեզ դատի»։ Կարծրատիպ էր ձևավորված, որ կինը չի կարող իրենց դատել։

Վերջը դատեցի՞ք։

Այո, ինքն այնքան էր տպավորված դատաքննությունից, որ ինձ «բժշկուհի ջան» էր ասում նիստերին։ Այդ տղամարդու համար պաշտոնյա կինը մտազուգորդվում էր բժշկուհու հետ։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել