Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե 2018-2020թթ․ Հայաստանը ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարիներին միասին վերցված։
«Հայաստանի Հանրապետությունը 2018-ից 2020 թվականը ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին բոլորը իրար հետ վերցրած։ Սա ապացուցված վիճակագրություն է, հասկանո՞ւմ եք»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը ասուլիսի ժամանակ այս պնդումը հնչեցրել էր՝ պատասխանելով լրագրողի մեջբերած՝ «2018-ից ի վեր Հայաստանի ռազմատեխնիկական աջակցություն չստանալու վերաբերյալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը»։
#CivilNetCheck-ը գրավոր հարցմամբ խնդրեց վարչապետի աշխատակազմին պարզաբանել՝ ի՞նչ փաստերի և վիճակագրության վրա է հիմնված վարչապետի այս հայտարարությունը։
Պարզվում է՝ վարչապետի մատնանշած «ապացուցված վիճակագրության» հիմքում ընկած են Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակած տվյալները։ Այս մասին օրենքով սահմանված հնգօրյա ժամկետի խախտմամբ և մի քանի զանգերից հետո հայտնեց վարչապետի աշխատակազմը։
Այսինքն, վարչապետի հայտարարությունը՝ Հայաստանի կողմից զենքի և զինամթերքի գնումների ծավալների վերաբերյալ, հիմնված է ոչ թե պաշտոնական վիճակագրության, այլ SIPRI-ի՝ այսպես կոչված ներմուծման և արտահանման աղյուսակների վրա։
SIPRI-ի տվյալների անընդմեջ պտտվող սկավառակը
Հատկանշական է, որ SIPRI-ի տվյալները մեծամասամբ հավաքագրվում են բաց աղբյուրներում հասանելի տեղեկությունների հիման վրա։ Տվյալների աղբյուրներ են հանդիսանում մամուլի և ռազմական ոլորտի մասնագիտացած պարբերականների հրապարակումները, պաշտոնական հաղորդագրությունները, զեկույցները, ՄԱԿ-ի սպառազինության ռեգիստրը և այլն։
Սակայն դրանք թերի են՝ դրանցում արտացոլված չեն սպառազինությունների ձեռքբերման այն գործարքները, որոնց մասին տեղեկություններ չեն արտահոսել, ինչպես նաև ոչ խոշոր զինատեսակների ու սպառազինության մատակարարումները։
Բացի այդ, այս աղյուսակներում ներկայացված է ոչ թե սպառազինության գինը (սպառազինության գնման պայմանագրային արժեքները շատ դեպքերում հայտնի չեն), այլ SIPRI-ի մշակած հատուկ միավորը, որը կոչվում է «միտում-ցուցանիշ արժեք» (trend-indicator value) և նախատեսված է սպառազինության մատակարարումների միտումները հասկանալու համար։
Փաստացիորեն վարչապետը կրկնել է ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հնչեցրած և այնուհետև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի կրկնած մոլորեցնող պնդումը, որոնց #CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է։
Վարչապետի աշխատակազմից նաև հարցրել էինք, թե վարչապետի հնչեցրած՝ զիմամթերքի գնման «ավելի շատ» լինելը չափվել է քանակակա՞ն, թե՞ արժեքի (դրամային) տրամաբանությանբ։ Այս հարցին աշխատակազմը չի պատասխանել։
Այսպիսով, վարչապետի պնդումը, թե «ապացուցված վիճակագրություն» է, որ իրենց իշխանության երկու տարիներին՝ 2018-2020-ին, ձեռք է բերվել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարիներին միասին վերցված, մոլորեցնող է։ Հստակ նշել, թե որ իշխանության օրոք ընդհանուր որքան կամ ինչ գումարի զենք է ձեռք բերվել, հնարավոր չէ։ Հայաստանի ձեռք բերած սպառազինության գները և իրական ծավալները մեծամասամբ անհայտ են։ Դա կարող է բացահայտել միայն կառավարությունը։