Լաչինի միջանցքը, այլընտրանքային ու շրջանցող ճանապարհները․ պարզեցնելով խճճված պատկերը

Մարտի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ վերահսկողություն է հաստատվել Լաչինի միջանցքի մոտ գտնվող մի քանի բարձունքների նկատմամբ։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է․ «Լաչինի նոր ճանապարհի շահագործման հետ կապված՝ հսկողության տակ են վերցվել մի քանի գերիշխող բարձունքներ, հիմնական և օժանդակ ճանապարհներ, ինչպես նաև Լաչինի շրջանի Ջաղազուր և Զաբուխ գյուղերի միջև ընկած սահմանային ընդարձակ տարածքը»։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության այս հաղորդագրությունից ժամեր անց հայտարարություն տարածեց նաև Արցախի ներքին գործերի նախարարությունը, որը հաստատեց ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը և նշեց, որ Լաչինի շրջանի Աղավնո և Սյունիքի մարզի Տեղ գյուղերը կապող ճանապարհը վերահսկողության տակ են վերցվել ադրբեջանական ուժերի կողմից։ Հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ Հայաստանի տարածքում կառուցվող Տեղ-Կոռնիձոր ճանապարհը, որը պետք է կապվի Լաչինի միջանցքի նոր երթուղու հետ, երթևեկելի է և կարող է օգտագործվել դեպի Արցախ իրականացվող հումանիտար փոխադրումների համար։ Այս տեղեկությունները կառավարության նիստի ընթացքում հաստատեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Լաչինի միջանցքի շուրջ ընթացող զարգացումները շատ հաճախ շփոթմունք են առաջացնում հայաստանյան հանրության շրջանում։ Վերջին տարիների ընթացքում Լաչինի միջանցքում և դրա մերձակայքում մի քանի նոր, այլընտրանքային ու ժամանակավոր ճանապարհներ են օգտագործվում։ Նույնիսկ լրագրողական համայնքի մեծամասնության համար շատ հաճախ դժվար է հասկանալ այդ բոլոր ճանապարհների միջև տարբերությունը և տեղորոշել դրանք։

Այս խճճված պատկերը պարզեցնելու համար հարկ է ներկայացնել այդ ճանապարհների ի հայտ գալու նախապատմությունը և դրանց մասին խոսելիս հստակ ու տարբերվող եզրույթներ օգտագործել։

Ինչպես հայտնի է, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Բաքվի, Երևանի ու Ստեփանակերտի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել կառուցել Լաչինի միջանցքի նոր երթուղի, որը կշրջանցեր Լաչին/Բերձոր քաղաքը։ Ադրբեջանը ցանկանում էր հնարավորինս շուտ վերահսկողության տակ վերցնել Լաչինը, և Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցումը Բաքվի համար գլխավոր առաջնահերթություններից էր։

Ամիսներ տևած բանակցությունների արդյունքում որոշվել էր նաև, թե որտեղով է անցնելու միջանցքի՝ Լաչին քաղաքը շրջանցող նոր երթուղին՝ Կոռնիձոր-Հին Շեն-Մեծ Շեն-Լիսագոր-Շուշի-Ստեփանակերտ։

Ադրբեջանը ստանձնել էր այս հատվածի (Արցախում գտնվող մասի) կառուցման պարտավորությունը։ Ի սկզբանե նախատեսվում էր նաև, որ նոր երթուղին շրջանցելու է Շուշի քաղաքը (այն հատվածը, որը այժմ արգելափակված է ադրբեջանցի «էկոակտիվիստների» կողմից») և անցնելով Ղայբալիշեն բնակավայրով՝ մտնելու է Ստեփանակերտ։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը, որը մինչ այդ ստանձնել էր նաև այդ հատվածի կառուցման պարտավորությունը, հետագայում հրաժարվեց կատարել այն։

Հայկական կողմերը ևս Շուշին շրջանցող Զառիսլու-Ղայբալիշեն-Ստեփանակերտ ճանապարհի կառուցման ուղղությամբ չէին մտածում։

Ադրբեջանը սկսեց Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները 2022 թվականի սկզբին։ Ադրբեջանի ակնկալիքն այն էր, որ Հայաստանը միևնույն ժամանակ սկսելու է իր տարածքում Տեղ-Կոռնիձոր ճանապարհի կառուցումը, որը պետք է միանար Լաչինի միջանցքի նոր երթուղուն։ 2022 թվականի հուլիսի վերջին Ադրբեջանը ավարտեց նոր երթուղու կառուցումը Արցախի տարածքում։ Հայաստանը այդ պահին դեռևս չէր սկսել Տեղ-Կոռնիձոր հատվածի կառուցումը և հիմնավորում էր դա այն փաստով, որ ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի վերաբերյալ հայտարարության՝ Լաչինի միջանցքի նոր երթուղին պետք է որոշվի եռամյա ժամկետում (ի դեպ, ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա հիշատակում այն մասին, որ նոր երթուղին պետք է շրջանցի Շուշի քաղաքը, բայց չկա որևէ կետ Լաչին քաղաքը շրջանցելու մասին)։

Երևանի այսպիսի դիրքորոշումը Բաքուն բնորոշեց որպես սադրանք։ Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, որ Հայաստանը չի ցանկանում հանձնել Լաչին (Բերձոր), Զաբուխ (Աղավնո) և Սուս բնակավայրերը ու պարզապես ժամանակ է ձգում՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ Հայաստանի իշխանությունները մինչ այդ մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել էին, որ այդ բնակավայրերը փոխանցվելու են Ադրբեջանին Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցումից հետո։

Այս հիմնավորումներով Ադրբեջանը սկսեց 2022 թվականի օգոստոսյան էսկալացիան։ Օգոստոսի 1-ին ադրբեջանական զինուժը վերահսկողության տակ վերցրեց Լաչինի միջանցքի մոտ գտնվող Սարիբաբա բարձունքը (Եղծահող համայնքի մոտակայքում) և հայկական կողմերից պահանջեց ազատել Լաչինի միջանցքի հին երթուղին՝ իրենց փոխանցելով Լաչինը, Զաբուխը և Սուսը։

Օգոստոսի 3-ին Հայաստանը սկսեց Տեղ-Կոռնիձոր հատվածի կառուցումը, որը պետք է ավարտին հասցվեր 2023 թվականի գարնանը։ Միևնույն ժամանակ ռուս խաղաղապահների միջնորդությամբ համաձայնություն ձեռք բերվեց մինչև օգոստոսի 25-ը Ադրբեջանին հանձնել Լաչին, Զաբուխ և Սուս բնակավայրերի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև մինչ այդ ասֆալտապատել 4,5 կիլոմետրանոց ժամանակավոր ճանապարհ, որը Լաչինի միջանցքի նոր երթուղին կկապի Սյունիքի մարզի Տեղ գյուղի հետ վերոնշյալ բնակավայրերը Ադրբեջանին փոխանցելուց հետո։ Այդ ժամանակավոր ճանապարհը պետք է օգտագործվեր մինչև Հայաստանի կողմից Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածի կառուցումը, որից հետո պետք է ևս անցներ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ադրբեջանական զինված ուժերի կողմից 2023 թվականի մարտի 30-ին վերահսկողության տակ վերցվեց հենց այդ 4,5 կիլոմետրանոց ժամանակավոր ճանապարհը։ Ինչպես հայտնեց վարչապետ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում, ըստ պայմանավորվածության՝ Տեղ-Կոռնիձոր ճանապարհը պետք է գործարկվեր սույն թվականի ապրիլի 1-ից։ Այսինքն, ադրբեջանական կողմը վերահսկողություն հաստատեց ժամանակավոր ճանապարհի նկատմամբ, որը ամեն դեպքում ըստ առկա պայմանավորվածության պետք է իր վերահսկողության տակ անցներ երկու օր հետո։

Այս ամենը, իհարկե, արվել է ներքին սպառման համար։ Ալիևը ցանկանում է ադրբեջանական լսարանին Ղարաբաղում նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների վերաբերյալ պատկեր ցուցադրել։ Մյուս կողմից, Բաքուն շարունակում է Երևանի ու Ստեփանակերտի հետ խոսել ուժի կիրառման ու ուժի կիրառման սպառնալիքի լեզվով։ Ադրբեջանական բանակի մարտի 30-ի գործողությունը նպատակ էր հետապնդում կրկնօրինակել 2022 թվականի օգոստոսյան էսկալացիան՝ ցույց տալով, որ Բաքուն պարտադրում է Երևանին կատարել իր պարտավորությունները։

Մինչ այդ՝ մարտի 25-ին, ադրբեջանական բանակը վերահսկողություն էր հաստատել Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհի մոտ գտնվող կարևոր բարձունքի նկատմամբ և փաստացիորեն կրակային վերահսկողության տակ էր վերցրել այդ գրունտային ճանապարհը, որը Արցախի շրջափակման մեկնարկից հետո մասնակիորեն օգտագործվում էր Արցախ հումանիտար օգնություն հասցնելու համար, ինչպես նաև Շուշիի շրջանի Բերդաձորի ձորակի գյուղերի հետ կապ պահպանելու համար։ Այս գործողությունը նպատակ էր հետապնդում խստացնել շրջափակումը, ապահովել Արցախի տոտալ մեկուսացում և դրա միջոցով Ստեփանակերտին պարտադրել այսպես կոչված ինտեգրացիայի օրակարգը։

Ինչ վերաբերում է այլընտրանքային ու ժամանակավոր ճանապարհներին, ապա շփոթմունքից խուսափելու համար նպատակահարմար է կիրառել հետևյալ պայմանական անվանումները․

  • Կոռնիձոր-Հին Շեն-Լիսագոր-Շուշի-Ստեփանակերտ ճանապարհը անվանել Լաչինի միջանցքի նոր երթուղի
  • Զառիսլու-Ղայբալիշեն-Ստեփանակերտ գրունտային ճանապարհը անվանել Շուշին շրջանցող այլընտրանքային ճանապարհ
  • Նոր երթուղին Տեղ գյուղին կապող 4,5 կիլոմետրանոց ճանապարհը, որը մարտի 30-ին անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, անվանել ժամանակավոր այլընտրանքային ճանապարհ

Քարտեզները պատրաստեց Գևորգ Թոսունյանը

Մեկնաբանել