Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ 

Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ. հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ։

Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել է որպես բազմամյա հակասությունների հետևանք։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը մարտի կեսին Հայաստանում էր, որտեղ բանակցել է ղեկավարության հետ և այցելել Ջերմուկ։

Մարտի 20-ին Մոսկվայում ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցին։ Նա հայտարարել է, որ Հայաստանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելության տեղակայումից․ խնդիրն այն էր, որ ՀԱՊԿ գործընկերները չեն ճանաչել կազմակերպության պատասխանատվության հստակ գոտին։ «Այստեղ մեզ համար կարևոր էր այն, որ մեր ընկալմամբ՝ ՀԱՊԿ գործընկերները կազմակերպության գործունեության հստակ գոտին չեն ճանաչել։ Մեր տեսանկյունից՝ դա որոշակիորեն խնդրահարույց էր։ Սակայն կրկնեմ՝ որոշման նախագիծը սեղանին է, աշխատանքը շարունակվում է»,- ասել է Միրզոյանը։

Օրերս Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը:

«Մեր կողմից հաստատում ենք պատրաստակամությունը՝ իրագործել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից»,- նշել է Գալուզինը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ը այդ աշխատանքին պատրաստ է նույն չափով, որքան Հայաստանը։

Մեկնաբանել