Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ. հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ։
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել է որպես բազմամյա հակասությունների հետևանք։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը մարտի կեսին Հայաստանում էր, որտեղ բանակցել է ղեկավարության հետ և այցելել Ջերմուկ։
Օրերս Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը:
«Մեր կողմից հաստատում ենք պատրաստակամությունը՝ իրագործել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից»,- նշել է Գալուզինը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ը այդ աշխատանքին պատրաստ է նույն չափով, որքան Հայաստանը։