2023-ի առաջին երկու ամիսներին արտերկրից Հայաստան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց իրականացրած մասնավոր դրամական փոխանցումները կազմել են 1,1 մլրդ դոլար, որը գրեթե երեք անգամ գերազանցում է 2022-ի նույն ժամանակաշրջանի փոխանցումները՝ 308 մլն դոլար։
Կենտրոնական բանկի հրապարակման համաձայն՝ 2022-ի փետրվարին Հայաստանի առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են շուրջ 714 մլն դոլարը: Սա ռեկորդային ցուցանիշ է, և 2022-ի փետրվարին դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը գերազանցում է 3,9 անգամ, իսկ այս տարվա հունվարի համեմատ ավել է 1,8 անգամ։
Դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների հիմնական աղբյուրը Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են: Անցած փետրվարին փոխանցումների առյուծի բաժինը կատարվել է Ռուսաստանից՝ ավելի քան 600 մլն դոլար, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 44 մլն դոլար։ Այս տարվա առաջին երկու ամիսներին փոխանցումների 80%-ը կատարվել է Ռուսաստանից՝ շուրջ 880 մլն դոլար: ԱՄՆ-ից Հայաստան է փոխանցվել 84 մլն դոլար:
Դրամական փոխանցումների ամբողջ ծավալը չէ, որ մնում է Հայաստանում, մի մասն արտահոսում է: Հունվարին Հայաստանից արտասահման դրամական փոխանցումները կազմել են ավելի քան 215 մլն դոլար, փետրվարին՝ 381 մլն դոլար:
Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ անցյալ տարվա մարտից դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կտրուկ աճել է` տարվա կտրվածքով կազմելով 5,2 դոլար: Դրա մեծ մասը` 3,6 մլրդ դոլարը, Հայաստան է փոխանցվել Ռուսաստանից:
Չնայած անցյալ տարվա տպավորիչ ցուցանիշներին՝ այս տարվա փետրվարին տեղի ունեցած դրամական փոխանցումների ծավալը ռեկորդային է, ինչը մասնագետները բացատրում են Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների վարքագծի փոփոխությամբ:
«Եթե նախորդ տարի ռուսաստանցիները մտածում էին, որ Հայաստան տեղափոխվելը ժամանակավոր է, այժմ, կարծես, նրանց վարքագիծը փոխվել է, և նրանք տեղափոխում են Հայաստան նաև իրենց կապիտալը, որով կարող է պայմանավորված լինել դրամական փոխանցումների գծով փետրվարին արձանագրված ռեկորդային ցուցանիշը», – ՍիվիլՆեթի հեր զրույցում նշում է Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը: