«Մեծ երկրներն են ամեն ինչ որոշում» խոսույթի վտանգը

«Մեծ երկրներն են ամեն ինչ որոշում», «մենք բան չենք կարող անել»․ հայ հանրության շրջանում արմատացած այս պատմույթները լրջորեն խանգարում են Հայաստանին ստանձնելու դեր իր իսկ խնդիրների լուծման ուղղությամբ։

Անգլերեն բառ կա՝ agency: Դրա հայերեն համարժեքը չկա։ Դա դերն է, առաքելությունը, անելիքը, գործը, միջոցը, ջանքը, միտքը և այլն։

Պատկերացնո՞ւմ եք՝ 1991-ին Հայաստանն ու Արցախը որևէ դեր չստանձնեին Արցախի հարցում ու ի սկզբանե ասեին, թե խնդիրը կանխորոշված է, «մեծերը որոշել են»։

Պատկերացնո՞ւմ եք՝ 1996-ին Լիսաբոնում Տեր-Պետրոսյանը անվերապահ ստորագրեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ամրագրող ԵԱՀԿ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունը, հետո մուննաթ գար իր ընդդիմախոսների վրա ու ասեր, թե 1991-ին, միևնույն է, Ալմա Աթայում ընդունել էինք Ադրբեջանի ամբողջականությունը։

Կամ պատկերացնո՞ւմ եք, որ Ղարաբաղյան կարգավորման 1997-ի պլանի մերժումից հետո Հայաստանը ձեռքերը ծալած նստեր ու գանգատվեր Մինսկի խմբի համանախագահներից, միջազգային հանրությունից, հետո էլ Արցախի ինքնորոշման իրավունքն ամրագրող Մադրիդյան փաստաթուղթն անվաներ մեծ տերությունների պարտադրանք։

Հայաստանի՝ 2020-ի պարտության գլխավոր պատճառը իր դերը չգիտակցելն ու չստանձնելն էր։

«Քարվաճառյան սկզբունքներ», «Արցախը Հայաստան է և վերջ» ու «Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է» քաղաքական տհասության շքերթից ցատկը դեպի կարգավիճակի նշաձողի իջեցում (որ միջազգային լայն կոնսոլիդացիա լինի) ու 29 800 կմ «սրբազան կով» շատ կտրուկ էր։

Հայաստանը 2020-ի պատերազմից հետո էապես թուլացել է։ Այնուամենայնիվ, այն չի կարող ոչինչ չանել ու համակերպվել, թե ինչ է պատահելու իր հետ ու մեղավորներ կարգել՝ դրսի ու ներսի։ Դեր ստանձնելը նշանակում է իրավիճակը ճիշտ գնահատել, իրատեսական նպատակներ սահմանել ու դրանց հասնելու ուղղությամբ ճիգ գործադրել՝ հնարավորն ու անհնարը։

Հայաստանի դերն ակամա ընդունում է անգամ Ալիևը, երբ մի կողմից հայտարարում է, թե Ղարաբաղի հարցն ինքը լուծել է, մյուս կողմից պահանջում, որ Հայաստանը Ղարաբաղը ճանաչի իր երկրի անբաժան մաս։

Պետություն ունենալը չի կարելի ընդունել հենց այնպես մի բան (անգլերեն՝ take for granted)։

Միգուցե մենք հայերս ենթագիտակցորեն այդպես ընդունում ենք, որովհետև թե՛ 1918-ին, թե՛ 1991-ին անկախությունը մեզ տրվել է ոչ թե պայքարի, այլ կայսրության փլուզման արդյունքում։ Այս թեմայի մասին մի ուրիշ անգամ կխոսեմ։

Ետգլորք 1918-1921

Մեծ երկրներն անշուշտ ունեն իրենց շահերն ու ազդում են որոշումների վրա, բայց նրանք հաճախ չեն կարողանում նաև անտեսել փոքրերի շահերը։ Մի քանի օրինակ բերեմ 1918-1921 թվականներից։

Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո, երբ բրիտանացիները ժամանեցին Հարավային Կովկաս, նրանք ռեսուրսներ չունեին այս տարածաշրջանի վիճելի տարածքներում անմիջական կառավարում հաստատելու համար։ Նրանք պարզապես ամրագրեցին առկա իրավիճակը: 1919-ի սկզբին բրիտանացիները թույլ տվեցին, որ Ադրբեջանը Ղարաբաղում հաստատի իր գեներալ-նահանգապետին (Խոսրով բեկ Սուլթանով), իսկ Նախիջևանը հանձնեցին Հայաստանի Հանրապետությանը, որը չկարողացավ վերահսկողության տակ առնել այն։ Նմանապես, երբ Զանգեզուրում դիմադրության հանդիպեցին, այդ երկրամասը թողեցին տեղի հայկական ուժերի տնօրինությանը։

1920-ի գարնանը բոլշևիկների գալը մեկ այլ օրինակ է, թե ինչպես էր մեծ տերությունն իր շահերը հարմարեցնում տեղի պայմաններին: Խորհրդայնացումից հետո Ադրբեջանը դարձավ տարածաշրջանի հետագա նվաճման հիմնական թիրախը։ Իսկ բոլշևիկների դիրքերն Ադրբեջանում թույլ էին, և իշխանության ղեկին մնալու համար Օրջոնիկիձեն ստիպված էր աջակցել Ադրբեջանի տարածքային պահանջներին՝ հաճախ դեմ գնալով Մոսկվայի քաղաքական գծին: Այսպիսով, նա պաշտպանում էր Ադրբեջանի պահանջները Զաքաթալայի շրջանի նկատմամբ, որը Վրաստանին տրվել էր 1920-ի մայիսի վրաց-խորհրդային պայմանագրով, ինչպես նաև ադրբեջանական հավակնությունները Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի նկատմամբ։ 1920-ի դեկտեմբերին, երբ բոլշևիկներին անհրաժեշտ էր նպաստել Հայաստանի խորհրդայնացմանը, զոհաբերվեցին Ադրբեջանի շահերը․ Խորհրդային Ադրբեջանի ղեկավար Նարիմանովը ստիպված եղավ հրաժարվել վիճելի տարածքների նկատմամբ իր հավակնությունից: Սակայն հայ բոլշևիկներին այդպես էլ չհաջողվեց օգտագործել այդ հնարավորությունը Ղարաբաղի վրա իրենց իշխանությունը հաստատելու համար, և Ադրբեջանը շարունակեց վերահսկողություն ունենալ այնտեղ։

Եթե Դրոն 1918-19-ին չգրավեր Լոռին, այն կմնա՞ր Հայաստանի կազմում։

Եթե Նժդեհն իր դերը չխաղար Սյունիքում, այն կմնա՞ր հայկական։

Ընդունված է ասել, որ Խորհրդային Ռուսաստանը 1921-ի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Կարսն ու Սուրմալուն հանձնեց Թուրքիային։ Բայց դրանք տարածքներ էին, որոնք Հայաստանն արդեն կորցրել էր 1920-ի պատերազմում, ու փաստացի այդ երկու պայմանագրերն ամրագրում էին պատերազմի քաղաքական արդյունքները։ Ավելին, Կարսի մարզում Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում էր երկաթգծի երկայնքով (սա ասում է Ռիչարդ Հովհաննիսյանը)։

Եթե հայ բոլշևիկները իշխանության գալուց հետո ավելի շատ ջանք գործադրեին ոչ թե ընդդիմությանը հետապնդելու, այլ Ղարաբաղը Խորհրդային Հայաստանին կցելու գործում, հնարավոր կլինե՞ր դրան հասնել։

Մեկնաբանել