8500 մանկավարժի ավելցուկ ունենք. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը, որին մասնակցել են մարզի դպրոցների տնօրեններն ու մանկավարժները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կրթական գործընթացին առնչվող կազմակերպական և մեթոդական խնդիրներ, նախարարին ներկայացվել են ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետը ներկայացրել է նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը:

Ամփոփելով կրթության որակի ցուցանիշները՝ նախարարին զեկուցվել է, որ 2011-2012 ուստարվա ընթացքում Լոռու մարզից 71 աշակերտ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում տարբեր պատվոգրերի ու դիպլոմների են արժանացել: Մարզի շուրջ 100 դպրոցներում անցկացվել են տնօրենների մրցույթներ:

Ողջունելով Լոռու մարզի ուսուցիչներին և շնորհավորելով գալիք ուսումնական տարվա կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ընդգծել է, որ մանկավարժի աշխատանքը պետության համար կարևորագույն նշանակություն ունի. «Այս փուլում մանկավարժ լինելը դժվար է, որովհետև խնդիրներն ու ոլորտի բարեփոխումները պատասխանատվություն և լարում են պահանջում: Տարեցտարի փոփոխվող կրթական համակարգում մրցունակության միակ ճանապարհը նվիրված աշխատանքն է: Մենք պարտավոր ենք ապահովել կրթության գործի կազմակերպումը և հավատալ, մեր գործի հաջողությանը: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության 43 հազար ուսուցիչների ճնշող մեծամասնությունը կրթության և իրենց գործի նվիրյալներ են »,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարարը:

Անդրադառնալով կրթական խնդիրներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարը նշել է, որ մեկ տարվա նախնական արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ «Շախմատ» առարկայի ներմուծումը հանրակրթական դպրոցներում արդյունավետ է եղել:

Նախարարը միաժամանակ նշել է, որ բոլոր մարզերում կան «Շախմատ» առարկայի դասավանդման պատասխանատուներ և դպրոցները պետք է դասավանդման հետ կապված խնդիրները, ինչպես նաև մանկավարժների կադրային նշանակումները համաձայնեցնեն տվյալ ներկայացուցչի հետ, քանի որ կամայկանությունները կարող են ուղղակիորեն վնասել «Շախմատի» դասավանդման որակին, ինչը նախարարության կողմից առաջնային կարևորություն ունի: ՀՀ ԿԳ նախարարը պատասխանելով Լոռու մարզի հիմնական դպրոցների տնօրենների տարրական դպրոցում աշակերտների ֆիանասավորման առնչվող առաջարկությանը՝ նշել է, որ պետությունը չի կարող հավասար ֆինանսավորում հատկացնել շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածություն ունեցեղ տարրական դպրոցի աշակերտին և 36 ժամ ծանրաբեռնվածությամբ ավագ դպրոցի աշակերտին:

Մանկավարժների բարձրացրած հարցերը հիմնականում առնչվել են դպրոցների ֆինանասավորմանը, և լաբորատոր նոր սարքավորումների ձեռքբերմանը: Նախարար Արմեն Աշոտյանի կողմից ցուցում է տրվել հստակ ձևակերպել և ՀՀ ԿԳ նախարարություն ներկակացնել լաբորատոր սարքավորունների և համակարգչային դասարանների պահանջարկը:

«Եվ նոր լաբորոտորիաների ձևավորման և համակարգչային լսարանների ձևավորման ուղղությամբ անցյալ տարի բավականաչափ աշխատանք է կատարվել. դպրոցներին հատկացվել են ավելի քան 4500 համակարգիչ, ձևավորվել են ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության նոր լաբորատորիաներ, գործընթացը շարունակվելու է նաև այս տարի»,- նշել է նախարարը:

Պարզաբանելով բարձրացված հարցերը՝ նախարարը նշել է, որ դպրոցների ֆինանսավորման հետ կապված խնդիրները առավելապես պայմանավորված են աշակերտների քանակի նվազմամբ. «Աշակերտների քանակը, ցավոք, նվազել է, ուսուցիչները գրեթե չեն պակասել: Ընդհանուր առմամբ հանրապետությունում, եթե համեմատենք ըստ աշակերտների թվի, մանկավարժական հաստիքները, ապա ավելի քան 8500 մանկավարժների ավելցուկ ունենք: Սակայն մենք դպրոցների տնօրեններին հորդորում ենք, հաշվի առնելով սոցիալական պատասխանատվությունը կրճատումների ճանապարհով չգնալ: Նման պայմաններում դպրոցների տնօրեններից կառավարչական լրացուցիչ հմտություններ են պահանջվում` խնդիրներին համալիր և օպտիմալ լուծում տալու նպատակով»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով մանկավարժական կադրերի ավելցուկի խնդրին՝ նախարարը նշել է, որ պետությունը իր կադրային պլանավորմոն քաղաքականությունն ապահովում է բացառապես պետպատվեր տեղերի բաշխման միջոցով:

«Պետությունը չի կարող ուղղակիորեն սահմանափակել մանկավարժական կրթության ծավալները, քանի որ դա նաև մարդու իրավունք է»,- շեշտել է նախարարը:

Մեկնաբանել