ՌԴ դեսպանը մեկնաբանել է Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը

Ռուսաստանի խաղաղապահներն անում են ամեն ինչ իրենց լիազորությունների շրջանակում, որպեսզի ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը. լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը` մեկնաբանելով ապրիլի 4-ին Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, գրում է «Սպուտնիկ Արմենիան»:

Լաչինի միջանցքն արգելափակած ադրբեջանցի «էկոակտիվիստները» կանխել են Արցախի 27 բնակիչների վերադարձը տուն։ Մեքենաների շարասյունն ուղեկցել են ռուս խաղաղապահները։

Ինչպես լրագրողներին ասել է ռուս դիվանագետը, միջադեպի մանրամասների մասին իրեն չեն տեղեկացրել, կարող է դատել մամուլի հրապարակումներից։ Կոպիրկինը կարծում է, որ ռուս խաղաղապահներն անում են իրենց լիազորությունների շրջանակում ամեն բան, որպեսզի ապահովեն Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը։ Նրանք աշխատում են նույնիսկ այն դժվարին պայմաններում, որոնք կապված են Լաչինի միջանցքի փակման հետ, ասել է նա:

«Մեր խաղաղապահների դերը կարևոր է ինչպես կենսապահովման, այնպես էլ հնարավոր էսկալացիայի փորձերը կանխելու համար: Դուք քաջատեղյակ եք, թե ինչպես են գործում խաղաղապահները: Այդ մասին տեղեկատվությունը մշտապես հրապարակվում է: Դա գիտակցում է նաև Հայաստանի ղեկավարությունը»,- հավելել է դիվանագետը:

Արձագանքելով խաղաղապահներին վարկաբեկելու փորձերի մասին նկատառմանը` դեսպանն ասել է, որ այստեղ պետք է հիմնվել ոչ թե ինչ-որ մեկնաբանությունների, այլ փաստերի վրա։

Ապրիլի 4-ին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները փորձել են Գորիսից Ստեփանակերտ տեղափոխել 27 քաղաքացու, սակայն ադրբեջանցներն արգելել են մեքենաների տեղաշարժը Լաչինի միջանցքի իրենց կողմից արգելափակված հատվածով։ Ադրբեջանցիների միջամտության պատճառով չորս կնոջ ինքնազգացողությունը վատացել է, երեքը կորցրել են գիտակցությունը, որից հետո Շուշիից ժամանած ադրբեջանական շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Ստեփանակերտի հիվանդանոց։

Մեկնաբանել