Բարձրաստիճան դատախազի ընտանեկան բիզնեսներն ու տասնյակ անշարժ գույքերը

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Գլխավոր դատախազությունում անկախությունից ի վեր աշխատող դատախազ Վահագն Մուրադյանը պաշտոնավարմանը զուգահեռ հաջողել է ակնառու կապիտալ ու անշարժ գույք կուտակել։ Ուշագրավ են հատկապես գույքերի ձեռքբերման պատմությունները. դրանց մի մասը գնվել են կասկածելի եղանակով՝ շուկայականից ակնհայտ ցածր գներով։ Մուրադյանը սնանկության գործերով աճուրդների հաջողակ մասնակից է։

Դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Վահագն Մուրադյանը և նրա ընտանիքի անդամները 2021-ի համար հայտարարագրել են ընդհանուր մոտ 700 000 դոլար կանխիկ և բանկային միջոցներ, ինչպես նաև մոտ 500 000 դոլարի վարկեր։ Դատախազը Երևանում ունի բնակարաններ, շենքեր, հացի գործարան, արտադրական մեծ տարածք, 25,5 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենա, ինչպես նաև առանձնատուն Գերմանիայում։

Կենսագրություն և ընտանեկան դատախազություն

Վահագն Մուրադյանը իր գործունեությունը դատախազական համակարգում սկսել է 1994-ից որպես ստաժոր։ 1995-2003 թթ. եղել է դատախազության քննիչ, 2003-2009 թթ.՝ Երևանի դատախազի օգնական, այնուհետև տեղակալ, 2009-ին նշանակվել է գլխավոր դատախազության ավագ դատախազ, եղել՝ «Մարտի 1»-ի գործով դատախազական խմբի ղեկավար։

Մուրադյանը 2013-ի նոյեմբերին նշանակվել է գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով (ՀԿԳ) քննության վարչության պետ։ Այդ պահին արդեն Մուրադյանը դոլարային միլիոնատեր էր և հայտարարագրել էր ընդհանուր մոտ կես միլիարդ դրամ։

Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով 2018-ի օգոստոսին Մուրադյանը ազատվել է ՀԿԳ վարչության պետի պաշտոնից և նշանակվել զինվորական դատախազի տեղակալ։ Մուրադյանը՝ իր զբաղեցրած պաշտոնը փաստացի իջեցնող այս հրամանը դատարանում բողոքարկել էր, սակայն շուտով բողոքները հետ էր վերցրել՝ շարունակելով մնալ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում։

Նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2022-ի սեպտեմբերին՝ պաշտոնավարման հաջորդ իսկ օրը, Մուրադյանի պաշտոնը բարձրացրել է՝ նրան նշանակելով դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ։

Դատախազությունում են աշխատել նաև Վահագն Մուրադյանի հայրն ու եղբայրը։ Մուրադյանի հայրը՝ Ժուլվեր Մուրադյանը, 1967-1996 թթ. դատախազությունում զբաղեցրել է քննիչի և դատախազի օգնականի պաշտոններ։ Եղբայրը՝ Վարդան Ժուլվերի Մուրադյանը, դատախազական համակարգում է եղել 1992-ից։ Նա 2009-2017 թթ․ եղել է դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետը։ Ներկայում համակարգում չէ։

Դատախազության բարձրաստիճան պաշտոնյայի գույքը

Ըստ հայտարարագրի՝ դատախազ Մուրադյանին և նրա ընտանիքին սեփականության իրավունքով պատկանում է ավելի քան տասը անշարժ գույք։ Դրանցից մի քանիսը դատախազին են անցել սնանկության գործերով աճուրդներում գնահատվածից մի քանի անգամ էժան գներով։

Այսպես, դատախազ Մուրադյանի սեփականությունների ցանկում է Երևանի Կիլիկիա թաղամասում՝ Շևցովայի (Լուսինյանց) 2 հասցեում գործող 1266 քմ մակերեսով հացի գործարանը։

Գործարանի տարածքը վերևից

Ըստ կադաստրային փաստաթղթերի՝ 2005-ի հոկտեմբերին դեռ Երևանի դատախազի ավագ օգնականի պաշտոնը զբաղեցնող Մուրադյանը 858 քմ տարածքով գործարանի շինությունը և կից 407,8 քմ համայնքային հողամասի վարձակալության իրավունքը գնել է ընդամենը 19,5 մլն դրամով «Էլիտ Շանթ» ընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանից (հայտնի է որպես Շանթի Յուրա): Այն ժամանակվա փոխարժեքով գործարքի գինը կազմել է մոտ 44 000 դոլար։

Ամիսներ անց Մուրադյանը Երևանի քաղաքապետարանից ուղղակի վաճառքով գնել է նաև գործարանին հարող 407,8 քմ համայնքային հողամասը 597 000 դրամով, որը մինչ այդ նրան վարձակալությամբ էր տրամադրված։ Այն ժամանակվա փոխարժեքով ստացվում է, որ Կենտրոն վարչական շրջանում գտնվող համայնքային տարածքը վաճառվել է դատախազին քմ-ն մոտ 1500 դրամով կամ $3-ով։

Գործարանի նախկին սեփականատերը 2008-ից սկսած փորձում է դատական կարգով հետ ստանալ այն՝ պնդելով, որ դատախազ Մուրադյանն այդպես էլ չի վճարել գործարանի գումարը՝ 19,5 մլն դրամը, իսկ 2008-ին տեղեկանալով դատարան դիմելու իր մտադրության մասին՝ «Մուրադյանը դատարանի հնարավոր վճռից խուսափելու համար օրերի ընթացքում վերավաճառել է գործարանը իր մտերիմներին»։

Նախկին սեփականատիրոջ այս պնդումը հիմնավոր է թվում, երբ հետևում ենք գույքի հետ կապված սեփականատերերի մյուս փոփոխություններին։ Հետագա տարիների կադաստրային փաստաթղթերում երևում է, որ Մուրադյանը գործարանը վաճառել է Ասատուր Կարապետյանին, որն էլ այն վաճառել է Գառնիկ Գրիգորյանին, որից էլ 2010-ին Մուրադյանը հետ է գնել։ Այս երկու անձինք Մուրադյանի աշխատակիցներն են, ինչը հաստատվում է փաստաթղթերում առկա լիազորագրերով։

Համաձայն դատական գործի՝ 2005-ին գործարանի շուկայական արժեքն անկախ ընկերության կողմից գնահատվել է 55-60 մլն դրամ, իսկ երեք տարի անց՝ 2008-ին, համայնքային հողամասի ավելացման և արված ներդրումների հաշվին գործարանը արդեն գնահատվել է մոտ 210 մլն դրամով ավելի՝ 270 մլն դրամ։

Ներկայում գործարանի տարածքում գործում է հացի արտադրամաս և մթերային խանութ, չնայած կադաստրային փաստաթղթերով հացի արտադրությամբ կամ մանրածախ վաճառքով զբաղվող որևէ ընկերության հետ վարձակալության պայմանագիր գրանցված չէ։ Միակ վարձակալը «Դավիթ Միքայելյան Համլետի» ԱՁ-ն է, որը իր գործունեության ոլորտը նշել է կահույքի արտադրություն։

Մուրադյանին է պատկանում նաև Էրեբունի Խաղաղ Դոնի 5/21 հասցեում գտնվող գործարանը։ Արտադրական տարածքը զբաղեցնում է շուրջ 10 000 քմ տարածք, իսկ շինությունների մակերեսը կազմում է ավելի քան 1700 քմ։

Գործարանի տարածքը վերևից

Արտադրամասը և հարակից տարածքը 2020-ի ապրիլին սնանկության դատարանի որոշմամբ անցկացված աճուրդի արդյունքով ձեռք է բերել դատախազ Մուրադյանի կնոջ՝ Հեղինե Եդոյանի եղբայրը՝ Անտոն Եդոյանը։ Մեկ տարի անց Եդոյանը այն վաճառել է Մուրադյանին։

Տարածքը աճուրդից առաջ պատկանել է «Ս. և Գ. Մկրտչյաններ» ՍՊԸ-ին: Դատարանի 2018-ի փետրվարի որոշմամբ՝ աճուրդում մեկնարկային գինը սահմանվել է 168,4 մլն դրամ, սակայն դախատազ Մուրադյանի աներորդուն 2020-ին հաջողվել է այն գնել ավելի քան հինգ անգամ էժան՝ ընդամենը 30,4 մլն դրամով։

2021-ի ապրիլի 22-ին Վահագն Մուրադյանն աներորդուց գնել է արտադրական տարածքը 175,1 մլն դրամով։ Նա գործարանը բանկում գրավադրել է և 1 մլրդ դրամ վարկային գիծ տրամադրել Եդոյանին պատկանող «Դեկոր Գլասս» ՍՊԸ-ին։ Ավելի ուշ Մուրադյանը գործարանի տարածքը վարձակալությամբ է տրամադրել այս ընկերությանը, որը զբաղվում է տեխնիկական ապակե ամանեղենի արտադրությամբ։

Երևանի փոքր կենտրոնում Լալայանց փողոցի 47ա հասցեում գտնվող 94,2 քմ մակերեսով բնակարանը Մուրադյանը ձեռք է բերել 2018-ի ապրիլին՝ կրկին սնանկության գործով աճուրդի միջոցով ընդամենը 23,4 մլն դրամով, չնայած որ մասնագիտացված կազմակերպության կողմից բնակարանը գնահատվել էր մոտ երկուսուկես անգամ ավելի՝ 60,4 մլն դրամ։ Ստացվում է՝ այն ժամանակվա փոխարժեքով մայրաքաղաքի կենտրոնում գտնվող շենքի առաջին հարկում բնակարանը գնվել է քմ-ն շուրջ 500 դոլարով։

Բնակարանը Մաշտոցի և Հյուսիսային պողոտաների միջը ընկած հատվածում է

Շաբաթներ անց՝ 2018-ի մայիսին, Մուրադյանը նույն շենքում գտնվող 8,6 քմ մակերեսով նկուղային տարածք է գնել՝ կրկին սնանկության դատարանի որոշման հիման վրա անցկացված մեկ այլ աճուրդում՝ 933 000 դրամով։ Սնանկության գործով վաճառքի համար տարածքը գնահատվել էր 2,4 մլն դրամ։ Բնակարանի և նկուղային տարածքը, որոնք դատախազը ձեռք է բերել սնանկության գործերով, պատկանել է ոմն Արթուր Խաչատրյանի, որը, ըստ Մուրադյանի մեկնաբանության, իր բարեկամն է։

2021-ի ապրիլին բնակարանը Մուրադյանը գրավադրել է բանկում և վարկային պայմանագրով ստացված մինչև 1 մլրդ դրամ վարկային գիծը տրամադրել իր մորը պատկանող «Հ.ՎՄ. Միլի ֆուդ» ՍՊԸ-ին։ Երկու ամիս անց բնակարանը վարձակալության է հանձնել «Սփորթիըն Էյ ԷՄ» ՍՊԸ-ին ամսական 500 000 դրամով։

Էրեբունի թաղամասում գտնվող Ազատամարտիկների 36 շենքը նույնպես դատախազ Մուրադյանի անշարժ գույքերի ցանկում է։ Ճանապարհին կից չորսհարկանի շինությունը (նաև ձեղնահարկ և նկուղ) գտնվում է 199 քմ հողատարածքի վրա։

Ազատամարտիկների 36-ի շենքը

Տարածքը Մուրադյանը գնել է 2012-ի դեկտեմբերին՝ անմիջապես սկսելով շենքի շինարարությունը։ Հողամասի ձեռքբերման պայմանագրային գինը անհայտ է։ Շինությունը բաժանված է շուրջ տասը առանձին հասցեների։ Շենքի առաջին և նկուղային հարկերը հանձնված են վարձակալության հրուշակեղենի արտադրամասի և դեղատան։

Արաբկիր համայնքի Աղբյուր Սերոբի 18 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում 2020-ի դեկտեմբերին Վահագն Մուրադյանը կառուցապատող «Արսալեդա» ՍՊԸ-ից ձեռք է բերել երկու անշարժ գույք։ Համաձայն Մուրադյանի հայտարարագրի՝ գործարքի ընդհանուր գինը կազմում է 42,3 մլն դրամ։

Փաստաթղթերից պարզ է դառնում, որ անշարժ գույքերից մեկը 80,8 քմ մակերեսով բնակարան է շենքի առաջին հարկում, մյուսը ավտոկայանատեղի։

Մուրադյանը 2017-ի փետրվարին Գերմանիայի Շվերին քաղաքում ձեռք է բերել առանձնատուն և հենց նույն տարվանից այն վարձակության տրամադրել։ Առանձնատան գնման իրական արժեքը և հասցեն անհայտ է։

Հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այս շինության վարձակալությունից Մուրադյանը տարեկան ստանում է 40-50 հազար եվրոյի եկամուտ:

Վահագն Մուրադյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում դժվարացավ հստակ նշել առանձնատան արժեքը՝ հայտնելով, որ իր հիշելով՝ գնել է մոտ 200 000 եվրոյով։

Շվերին քաղաքի տեսքը վերևից

Գերմանիայի հայտնի «յոթ լճերի և անտառների» քաղաքում առանձնատունը Մուրադյանը գնել է 2017-ի փետրվարին, սակայն այն հայտարարագրել է գնումից միայն երեք տարի անց՝ 2020-ի հունիսին ներկայացված հայտարարագրում։ Ըստ 2020 հայտարարագրի՝ առանձնատունը կամ դրա մի մասը գրավադրվել է գերմանական VR-Bank-ում՝ 152 000 եվրոյով։

Դատախազ Մուրադյանը 2021-ի օգոստոսին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի ավտոսրահից ձեռք է բերել 2021-ի արտադրության բիզնես դասի Lexus ES 250 ավտոմեքենա 25,5 մլն դրամով (մոտ 52 000 դոլար): Նույն տարում Մուրադյանը վաճառել է իր 2012-ի արտադրության Volkswagen Touareg-ը 7,8 մլն դրամով։

Lexus ES 250 բիզնես դասի մեքենան

Վահագն Մուրադյանի մորը՝ Հրանուշ Մուրադյանին են պատկանում անհատական տներ Երևանի կենտրոն թաղամասի Ծխախոտագործների փողոցում և Շիրակի մարզի Արթիկ գյուղում, ինչպես նաև 2019-ին գնված հողամաս Գեղարքունիքի մարզի Փոքր Մանթաշ գյուղում։

Ընտանեկան բիզնես

Մուրադյանի մայրը՝ 76-ամյա Հրանուշ Մուրադյանը, համաձայն Պետռեգիստրի տվյալների՝ 2010-ի հունվարին ստեղծված «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ընկերության հիմնադիր-սեփականատերն է։ Ընկերության հասցեն Երևանի Ծխախոտագործների 25-ն է։ Այստեղ են գրանցված նաև նրա երկու տղաները՝ Վահագն ու Վարդան Մուրադյանները։

Ընկերությունը, ըստ ՊԵԿ ռեգիստրի, զբաղվում է անշարժ գույքի վարձակալության գործունեությամբ, սակայն համաձայն Կադաստրային տվյալների՝ վարձակալության կամ սեփականության իրավունքով որևէ անշարժ գույքի չի տիրապետում։

Աղբյուր՝ petekamutner.am

Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի 1000plus.am կայքի՝ «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդն» առնվազն 2021-ից ունեցել է գրանցված միայն մեկ աշխատող՝ տնօրենը։

Համաձայն Վահագն Մուրադյանի 2021-ի տարեկան հայտարարագրի՝ նա 326 000 դոլար փոխառություն է վերցրել մորից (ըստ նշված պարզաբանման` գույք գնելու համար): Հրանուշ Մուրադյանը, իր հերթին, նույն գումարի չափով փոխառությունը վերցրել է իրեն պատկանող «Հ.Վ.Մ. Միլի Ֆուդ» ՍՊԸ-ից։ Ըստ բանկային փաստաթղթերի՝ նույն տարում Վահագն Մուրադյանը անշարժ գույքի՝ բանկում գրավադրումից ստացված 1 մլրդ դրամ վարկային գիծը տրամադրել է մորը պատկանող ընկերությանը։ Ստացվում է՝ սեփական բնակարանի գրավարդումից ստացված գումարը դատախազը անհայտ պատճառով վերցրել է երկու միջնորդների միջոցով։

Մուրադյանին Էրեբունիում պատկանող գործարանից վարձակալությամբ տարածք է տրամադրվել «ՖԸՐՆԻՐՈՒԹ» ՍՊԸ-ն։ ՊԵԿ-ի տվյալների համաձայն՝ ընկերության գործունեությանը կահույքի արտադրությունն է։ Ընկերությունը գրանցված է Անտոն Եդոյանի անունով, որը, ինչպես նշվեց, Վահագն Մուրադյանի աներորդին է։ Ընկերությունը վերջին պարտադիր վճարումը Զինծառայողների հիմնադրամին կատարել 2021-ի դեկտեմբերին։

Ըստ էության՝ գործարանում կահույքի արտադրության գործը 2021-ից հետո շարունակել է «ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՀԱՄԼԵՏԻ Ա/Ձ»-ն, որը ՊԵԿ-ում գրանցված է որպես միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող։ Դավիթ Միքայելյանը Եդոյանին պատկանող «Ֆըրնիրութ» ՍՊԸ-ի տնօրենն է։

Ինչպես նշվեց, Վահագն Մուրադյանը վարկերից ստացված գումարներ է տրամադրել նաև «Դեկոր Գլասս» ՍՊԸ-ին, որը ևս Անտոն Եդոյանի անունով է գրանցված։ Տրամադրել է մասնավորապես մինչև 1 մլրդ դրամ վարկային գիծ Էրեբունիում գտնվող գործարանի տարածքի գրավադրումից։

Համաձայն ՊԵԿ տվյալների՝ ընկերությունը զբաղվում է ապակե արտադրատեսակների՝ ներառյալ տեխնիկական ապակե ամանեղենի արտադրությամբ։ Այն գործունեությունը ծավալում է Էրեբունիի արտադրամասում, որն ըստ փաստաթղթերի՝ վարձակալում է դատախազ Մուրադյանից 2021-ից։

Համաձայն 1000plus.am կայքի՝ ընկերության ամենամսյա պարտադիր վճարները 2021-2022 թթ․ կազմել են 1500 դրամ (տնօրենի համար)։ Վերջին վճարումը արվել է 2022-ի օգոստոսին։ Անհասկանալի է՝ ինչպես է գործում հսկայական արտադրամասը, որտեղ միայն մեկ աշխատող է գրանցված։

Իրանցի գործարարի և դատախազ եղբայրների կասկածելի կապը

Դատախազ եղբայրներ Վահագն ու Վարդան Մուրադյանների անունները հանդիպում ենք 2003-2006-ին հրապարակված մամուլի հրապարակումներում (1,2,3,4), ըստ որոնց՝ վերջիններս փոխկապակցված են Հայաստանում բնակվող իրանցի գործարար Փարվիզ Նոսրաթի Ալամդարի հետ։

Ըստ այդ հրապարակումների՝ այս գործարարի խարդախ գործունեությունից սնանկացել են խոշոր ձեռնարկություններ, տուժել բազմաթիվ քաղաքացիներ, ինչպես նաև՝ պետությունը, քանի որ Ալամդարին, ինչպես նշվում է, իր ընկերությունների ինքնասնանկացման միջոցով պարբերաբար խուսափել է տասնյակ միլիոնավոր դրամների հարկերից։

«Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003-ին տպագրված համարում Փարվիզ Նոսրաթիի հետ դատական վեճերի պատճառով սնանկացած՝ ժամանակին խոշոր «Երևանճանշին» ընկերության ներկայացուցիչը բողոքել էր գործարարի խարդախություններից և իրավապահ ու դատական համակարգերում գործարարի ունեցած «տանիքներից»։ Նույն սխեմայով, ըստ հրապարակումների, Փարվիզ Նոսրաթին հասել է «Արտաշատ ճանշին» ՓԲԸ-ի սնանկացմանը և խոշոր գումարներ ստացել դատարանի որոշման հիման վրա։

«168 ժամ»-ի 2005-ի մայիսի հրապարակման մեջ մանրամասն նկարագրված են հինգ դատական գործեր, որտեղ իրենց գույքը և բիզնեսները կորցրած տարբեր քաղաքացիներ պնդում են, որ Փարվիզ Նոսրաթիին հովանավորում և նրա հետ եկամուտները կիսում են Մուրադյան եղբայրները։

Փարվիզ Նոսրաթիի նկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից

Փարվիզ Նոսրաթին Հայաստանում հիմնադրել կամ սեփականատեր է եղել «Կանաչ ճանապարհ», «Փարվիզ», «Շահաբ», «Նյու Շահաբ», «Տոմպակ», «Ամբերդ ՀԷԿ», «Կապս ՀԷԿ», «Բյուր ՀԷԿ», «Ամբերդ ֆուդ գրուպ» և մի շարք այլ ընկերություններում։ Ինչպես այս ընկերությունները, այնպես էլ գործարարն անձամբ ներգրավված է քաղաքացիական տարբեր դատական գործերում։ Ընկերությունների մեծ մասը լուծարված են։

#CivilNetCheck-ի հետ զրույցում դատախազ Մուրադյանը հաստատեց, որ շատ վաղուց անձամբ ճանաչում է Փարվիզ Նոսրաթիին և անգամ հայտնեց, որ իր հարևանությամբ է բնակվել։

«Ճանաչում եմ շա՜տ վաղուց, մեր տանը կպած հարևանությամբ վարձակալել էր տուն, այդտեղից ճանաչում ենք իրար։ […] Մեկ շաբաթ առաջ ենք զրուցել»,- հայտնեց Մուրադյանը՝ հերքելով գործարարի հետ իր կամ իր ընտանիքի անդամների կողմից բիզնես կապերի առկայությունը։

Բիզնես-կապեր չունենալու վերաբերյալ Մուրադյանի պնդումը կասկածելի է, քանի որ Պետռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ 2009-ին ստեղված «ԿԱՊՍ ՀԷԿ» ՍՊԸ-ի համահիմնադիրներից մեկը նշված գործարարն է, մյուսը՝ դատախազի հայրը՝ Ժուլվեր Մուրադյանը։

Իրանցի գործարարի և նրա գործունեության հետ փոխկապակցված են նաև Մուրադյանի մտերիմ ընկեր Մանվել Ղարիբյանը և աշխատակից Գառնիկ Գրիգորյանը։ Գրիգորյանը երեք տարի եղել է Փարվիզ Նոսրաթիին պատկանող «Ամբերդ ֆուդ գրուպ» ՍՊԸ-ի միակ բաժնետերը՝ այնպես, ինչպես որ մեկ տարով եղել է Մուրադյանին պատկանող գործարանի «սեփականատերը»։

Դատախազ Մուրադյանի մեկնաբանությունը

#CivilNetCheck-ի հետ զրույցում Վահագն Մուրադյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է 2013-ին հայտարարագրել ավելի քան 1 մլն դոլար, հայտնեց, որ հայտարագրերում ներկայացված խոշոր դրամական միջոցները «բացարձակապես դատախազի եկամուտների հետ կապ չունեն», և ստացվել են գույքի վաճառքների գումարներից։

Մուրադյանը նաև հայտնեց, որ Գերմանիայի Շվերին քաղաքում առանձատունը գնել է մոտ 200 000 եվրով, որը ստացվել է Երևանում գույքի վաճառքից։ Որտեղի՞ց դատախազության աշխատակցին այն գույքերը, որոնց վաճառքից 2013-ին ավելի քան 1 մլն դոլար էր գոյացել, իսկ 2018-ին Գերմանիայում առանձատուն գնվել, Մուրադյանը չհստակեցրեց։ Նա նաև չպարզաբանեց` ինչու է 2017-ին գնված այս առանձատունը բացակայում 2018-ին և 2019-ին ներկայացված հայտարարագրերում։ Նրա պնդմամբ՝ «որ տարին որ ձեռք է բերվել, այդ ժամանակ էլ հայտարարագրվել է»։

Սնանկության գործերով դատարանի որոշումներով անգամներով էժան գույքերի ձեռքբերման վերաբերյալ Մուրադյանը նշեց, որ Երևանի կենտրոնում բնակարանն ու նկուղային տարածքը պատկանել են իր բարեկամներին, և դրանք աճուրդից գնել է վերջիններիս խնդրանքով, որպեսզի չկորցնեն բնակարանը։

«Իմ չակերտավոր բիզնեսը..․ վարձակալությամբ տարածքներ եմ տալիս և վարձավճարը վերցնում։ Ուրիշ ոչ մի բիզնես»,- նշեց Մուրադյանը։

Մուրադյանի մեկնաբանությամբ՝ նա նույն պատճառով է կնոջ եղբորից գնել Էրեբունի թաղամասում գտնվող արտադրական խոշոր տարածքը։ «Ուզում էր՝ բիզնես ծավալեր, իր համար դժվար էր միաժամանակ և՛ բիզնեսում գումար ներդնել, և՛ վարկի գումարը փակել, դրա համար ինձ վաճառեց և հետագայում իրեն վարձակալությամբ տրամադրեցի»,- ասաց Մուրադյանը։

***
Այսպիսով, ամբողջ կյանքում դատախազական համակարգում աշխատած Վահագն Մուրադյանը և նրա ընտանիքի անդամները տարիների ընթացքում մեծ հարստություն և բազմաթիվ անշարժ գույքեր են ձեռք բերել և միաժամանակ փոխկապակցված են կասկածելի գործունեությամբ զբաղված իրանցի գործարարի հետ։

Մեկնաբանել