2023-ի առաջին եռամսյակում 15,2%-ով ավելի շատ հարկեր են հավաքագրվել

Պետական բյուջեի հարկային եկամուտները 2023-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 15,2%-ով։ Կառավարության ապրիլի 6-ի նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս տարվա հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 461,4 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 60,8 մլրդ դրամով կամ 15,2%-ով։

Փաշինյանի խոսքով՝ հավաքագրված 461,4 մլրդ դրամը 2023-ի առաջին եռամսյակի համար հարկային եկամուտների և պետական տուրքերի մասով հաստատված ծրագրային ցուցանիշից ավելի է 14,4 մլրդ դրամով կամ 3,2%-ով:

Նա նաև տեղեկացրեց, որ հունվար-մարտին հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 93.5 մլրդ ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 42,2 մլրդ դրամով կամ 82,2%-ով: