Հայաստանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելության Հայաստանում տեղակայումը, պարզապես այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է նաև նման առաքելություն լիներ, շարունակում է գտնվել լրամշակման փուլում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Մեզ համար կարևոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որոնք, կարծում ենք, որ պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բնականաբար, առանց այդ պնդման ընդունման, առանց իրավիճակը մանրամասն գնահատելու, դժվար կլինի պատկերացնել, թե ինչպիսի առաքելություն ու ինչ տարածքում պետք է այդ առաքելությունն իրականացվի։ Եվ այն փուլում, երբ Հայաստանը գտնի, որ այնպիսի նախագիծ է ներկայացվել, որը բավարարում է պաշտոնական Երևանի դիրքորոշումներն ու ցանկությունները, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի խոսել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին»,- նշեց Խանդանյանը:
***
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ կապված: Իր հերթին Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը բացարձակապես պատրաստ է:
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլին 5-ին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել էր, որ հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ժամկետները կախված են Երևանից․ «Երբ նրանք (հայկական կողմը – խմբ․) պատրաստ լինեն, մենք կկարողանանք վերադառնալ բովանդակային աշխատանքին՝ համախմբելու կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ եղանակները, ուստի գնդակը Երևանի դաշտում է»,- հայտարարել էր Զախարովան։