Ոչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ոչ խմբակցությունում չի քննարկվում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը, ապրիլի 6-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
«Ազգային ժողովը 2021-ի օգոստոսին ընտրել է ԱԺ նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները, և որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա։ Այդպիսի հարց չկա օրակարգում և չեմ կարծում, որ դրա անհրաժեշտություն կա»,- ասաց Խանդանյանը։
Ապրիլի 2-ին միջադեպ էր գրանցվել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև։ Մկրտչյանը միջադեպից հետո ուղիղ եթերում հայտնել էր, որ մայրաքաղաքի կենտրոնում, նկատելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նրան «դավաճան» էր անվանել, ինչից հետո Ալեն Սիմոնյանը, ըստ նրա՝ անվտանգության աշխատակիցներին հրահանգել է բռնել իր թևերը և թքել է իր երեսին։