«Նոր Զովքը» վերականգնել է պետությունից թաքցված 2 մլրդ դրամը․ սեփականատերը և տնօրենն ազատ են արձակվել

Քննչական կոմիտեն հայտնում է, որ «Նոր Զովքը» վերականգնել է պետությունից թաքցված հարկային պարտավորություններից 2 մլրդ դրամը։ Ընկերության կալանավորված սեփականատերը, տնօրենը և գլխավոր հաշվապահն ազատ են արձակվել։

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Նոր Զովք» ընկերության սեփականատերը, ընկերության տնօրենը, գլխավոր հաշվապահը ընդունել են դիտավորությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը և ընկերության կողմից հարկային մարմնին ներկայացված ճշտված հաշվետվությունների արդյունքում պետական բյուջե է վճարվել 2մլրդ դրամ։ Հաշվի առնելով, որ նման պայմաններում քրեական վարույթով մեղադրյալների օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել նվազ խիստ խափանման միջոցի կիրառմամբ՝ նշված 3 անձանց նկատմամբ նախկինում որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխվել է և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում։

Ավելի վաղ քննչական կոմիտեն հայտնում էր, որ հարկային չարաշահումն իրականացվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ՝ իրացման շրջանառությունը խոշոր չափերով նվազ ցույց տալու միջոցով։ «Նոր Զովք»-ի սեփականատերը տնօրենի և գլխավոր հաշվապահի հետ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով՝ 4,1 մլրդ դրամ հարկեր չվճարելու նպատակով, 2019-2023թթ․ ընթացքում «Նոր Զովք» ընկերության հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ՝ թաքցնելով հարկման օբյեկտը։ Իրական եկամուտները թաքցնելու նպատակով ներգրավվել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականցնող ընկերություն։

Մեկնաբանել